«Այդ որոշումն անպայման չի նշանակում, որ ՀՀ-ն լքել է եվրոպական վեկտորը և այլևս մենք վերադարձել ենք նախկին խորհրդային տարածք: Խնդիրն այն է, որ այդ որոշումը կարծես առնվել է հենց Մոսկվայում ՀՀ նախագահի կողմից»,-«Նոյյան տապան» մամուլի ակումբում խոսելով Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին՝ այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նա տարբերություններ է տեսնում ՀՀ նախագահի հայտարարությունների մեջ ու մանրամասնում. «Նախագահն ասուլիսի ժամանակ ասում է, թե փոխանցում է ՀՀ ցանկությունը, հայտարարությունը խոսում է ՀՀ որոշման մասին: Սխալն այս որոշման մեջ որոշումը կայացնելու ձևն ու պատճառներն են և ոչ, ըստ էության, որոշումը, որը տակավին կոնկրետ որևէ արդյունք տալ չի կարող, այնպես ինչպես ԵՄ ասոցացման համաձայնագիրը»:
Պարոն Մանոյանը կարծում է, որ ակնկալելի էր, որ ինչ-որ տեղ ՀՀ-ի առաջ ընտրության խնդիր կդրվեր և խնդիրն այն է, որ իշխանությունը ոչ մի նախապատրաստական աշխատանք չէր տարել հասարակությանը և քաղաքական ուժերին տեղյակ պահելու համար: Խնդիրը դիտարկելով ԵՄ-ի տեսանկյունից՝ պարոն Մանոյանը նկատեց. «Նույն տեղյակ չլինելու իրավիճակի մեջ է եղել նաև ԵՄ-ն, ինչը ավելի վատ խնդիր է, քան այն, որ ինչ-որ որոշում կայացվեց: Դա կարող է Եվրամիության մոտ դժգոհություն առաջացնել և հակազդեցությունը կլինի ոչ միայն որոշման, այլև որոշում կայացնելու ձևի նկատմամբ»:
Պարոն Մանոյանը մտահոգված է, որ հանկարծ այս որոշումը չնշանակի հետ կանգնում երկրի ներսում բարեփոխումներից, Եվրասիական միության հետ ինտեգրման գործընթացների կասեցում և այս գործընթացում չվարվեն այնպես, ինչպես մինչև որոշում կայացնելը վարվեցին՝ մասնավորապես հաշվի չառան հասարակության կարծիքը:
Կարդացեք նաև
Ըստ Կիրո Մանոյանի՝ ԵՄ-ն էլ է գործում քաղաքական նպատակադրումներից ելնելով: Այս առիթով նա ասաց. «Նույն ԵՄ-ն էր, որ քաղաքական կամ այլ շահերից ելնելով համարեց, որ գրեթե իդեալական են մեր ընտրությունները: ԵՄ-ն էլ իդեալական տեղ չէ, այնտեղ էլ պարզ է, որ կան քաղաքական նպատակադրումներ: Այդ ո՞նց եղավ, որ մի քանի ամիս առաջ եղած նախագահական ընտրությունները Եվրոպայի համար լավ էին, հիմա հանկարծ քննադատում են: Այստեղ ևս քաղաքական հաշվարկներ կան, ուստի հնարավոր է նաև այսպիսի բաներ էլ լսենք»:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ համամի՞տ է այն կարծիքին, որ ՀՀ նախագահը նման որոշում կայացրեց ՀՀ-ում իշխանության պահպանման համար: Նա պատասխանեց. «Կա այդպիսի կարծիք: Ես կասեի, որ ԵՄ-ի հետ բանակցություններն էլ նույն նպատակով էին կատարվել, որի արդյունքը տեսանք՝ ԵՄ-ն ընտրությունները դրական գնահատեց: Քաղաքական ուժերին մեղադրել, որ փորձում են իրենց իշխանությունը երկարաձգել, չի կարելի, բայց երբ դա արվում է հասարակության հաշվին, դա մեղադրելի է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ