Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշես Գեղամյան. Մաքսային միություն մտնելու հանգամանքը որոշակիություն է մտցնում Ղարաբաղի հարցում

Սեպտեմբեր 06,2013 12:46

Հատված ՀՀԿ խմբակցության անդամ, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ հարցազրույցից:

-Այն, որ Պուտին-Սարգսյան համատեղ հայտարարության մեջ ուղղակիորեն նշված է. «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նախագահները հաստատեցին իրենց հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը բացառապես խաղաղ միջոցներով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ աշխատանքի ձեւաչափում ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի` մեկ ամբողջական կազմող սկզբունքների հիման վրա» նշանակում է ոչ այլ ինչ, քան քաղաքական ապտակ թուրքական իշխանություններին:
Երեւանյան բարբառով ասած, գյադե՛ք, ձեր քիթը մի խոթեք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործի մեջ, դրանով զբաղվում են Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան: Վլադիմիր Պուտինը, ստորագրելով այդ հայտարարությունը, հասկացրեց թուրք-ադրբեջանցիներին, որ Ռուսաստանը մատների արանքով չի նայում այդ խնդրին, այլ հետեւողականորեն հանդես է գալիս որպես համատեղ հայտարարության մեջ նշված երեք սկզբունքների համաժամանակյա կիրառման երաշխավոր։ Թուրք եւ ադրբեջանցի քաղաքական այրերը դրա՛ դեմ են ընդվզում՝ շեշտելով միայն տարածքային ամբողջականության սկզբունքը։
Այն, որ Ռուսաստանը վերահաստատեց իր դիրքորոշումը՝ առանցքային նշանակություն ունի մեզ համար. փաստորեն Մաքսային միություն մտնելու հանգամանքը որոշակիություն է մտցնում նաեւ Ղարաբաղի հարցում։
Ասեմ ավելին. սույն թվականի օգոստոսին Ադրբեջան կատարած իր այցի ժամանակ Վլադիմիր Պուտինը հենց Բաքվում բարձրաձայնեց Ռուսաստանի դիրքորոշումը՝ ասելով, որ Ղարաբաղի հարցը հնարավոր է լուծել բացառապես քաղաքական ճանապարհով։ Այսինքն՝ վերստին շեշտվեց Ռուսաստանի դերակատարումը որպես մեր տարածաշրջանում խաղաղության եւ մեր երկրի անվտանգության երաշխավորի, ինչը չափազանց կարեւոր է, հատկապես նկատի ունենալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին շուրջ մեկ միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա վաճառելու պարագան։
Ասել կուզի, որ ցանկացած պատեհ առիթով մեր ռազմավարական գործընկերը` Ռուսաստանի Դաշնությունը, իր ղեկավարի հայտարարություններով ասես սառը ցնցուղի ազդեցություն է թողնում թուրք-ադրբեջանական ռազմատենչ իշխանավորների վրա, դրանով իսկ վերահաստատելով մեր երկրի անվտանգության երաշխավորի իր առաքելությունը:
Մաքսային միությանը մեր անդամագրվելը էլ ավելի կխորացնի հայ-ռուսական հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ ավելի բարձր աստիճանի հասցնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը: Իսկ դրա կարեւորությունը բացառիկ է, որովհետեւ եթե երկրի անվտանգությունը ապահովված չէ, մնացած բոլոր խնդիրները՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության խորացման հեռանկարը եւ այլն, դառնում են անիմաստ, երկրորդական։

  -Եվրամիության պաշտոնյաները պնդում են, որ ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակը համատեղելի չէ Մաքսային միությանը անդամակցության հետ: Ավելին՝ այդ քայլով Հայաստանը արգելափակեց իր մասնակցությունը ասոցացման գործընթացին:

-Այստեղ վտանգավոր մի միտում եմ տեսնում, որը կամ դիտավորության, կամ չիմացության հետեւանք է, կամ երկուսը միաժամանակ։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե վե՛րջ, Եվրոպայի հետ մեր հարաբերությունները խզվել են, այլեւս ոչ մի հեռանկար չկա շարունակելու եվրոպական ինտեգրացման գործընթացը, ինչը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Կամ ասում են՝ 4 տարի իզուր ժամանակ ենք վատնել՝ բանակցելով Եվրամության հետ։
Ամենեւին այդպես չէ։ Հակառակը, 4 տարվա արգասաբեր աշխատանքը մեծապես օգնեց Հայաստանին իր օրենսդրությունը համապատասխանեցնելու միջազգային ստանդարտներին, չափորոշիչներին, որոնք ընդունելի են Եվրամիության անդամ-երկրների համար, եւ, ինչ խոսք, իրենց դրական ազդեցությունը վաղ թե ուշ թողնելու են մեր երկրի տնտեսության զարգացման վրա։
Եվ շատ հստակ մեր երկրի դիրքորոշման մասին ասաց Սերժ Սարգսյանը Մոսկվայում Պուտինի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ. «Սա ռացիոնալ որոշում է, այս որոշումը բխում է Հայաստանի ազգային շահերից: Այս որոշումը եվրոպական կառույցների հետ մեր երկխոսությունից հրաժարում չէ: Այս տարիների ընթացքում Հայաստանը, եվրոպական գործընկերների աջակցությամբ, անցկացրել է լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Եվ այսօրվա Հայաստանը այս իմաստով շատ ավելի արդյունավետ եւ մրցակցային պետություն է, քան տարիներ առաջ: Մենք մտադիր ենք ապագայում եւս շարունակելու բարեփոխումները»:
Ավելին՝ Եվրամիության տոնայնությունն էլ է փոխվել։ Եթե առաջին օրը ԵՄ պաշտոնյաների կողմից դիվանագիտորեն ոչ կոռեկտ հայտարարություններ եղան, հիմա մեր եվրոպացի բարեկամները, որպես գործընկերներ, պարզաբանումների են սպասում։
Այլ բան է, որ որոշ մարդիկ խուճապի են մատնվել եւ չեն էլ փորձում դա թաքցնել՝ անհիմն, անիմաստ դատողություններ են անում ՀՀ արտաքին ուղեգծում տեղի ունեցած «անակնկալ շրջադարձի» մասին։ Մինչդեռ հանրապետության նախագահը մշտապես իր հրապարակային ելույթներում կարեւորել է հայ-ռուսական ռազմավարական բարեկամության եւ դաշնակցության խնդիրները։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30