Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Ես միշտ էլ ասել եմ, որ Հայաստանը նախընտրելու է Եվրասիական միությունը»

Սեպտեմբեր 06,2013 12:04

Հատվածներ «Հանրապետություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ Զ. ՍԱՐԳՍՅԱՆԻ հարցազրույցից:

 – Ինչպե՞ս եք գնահատում քաղաքական աշնան մաքսային սկիզբը։

– Օրինաչափ։ Այդպես էլ պետք է լիներ, միայն արտաքուստ էր թվում, թե հուլիսին ավարտելով Եվրամիության հետ բանակցությունները՝ Հայաստանը նոյեմբերին Վիլնյուսում նախաստորագրելու է ասոցացման համաձայնագիրը։ Ես միշտ էլ ասել եմ, որ Հայաստանը նախընտրելու է Եվրասիական միությունը։

– Ինչո՞ւ էր, ուրեմն, Արևելյան հարևանության քաղաքականության մեջ ընդգրկվում, բանակցում տարիներով, եվրաինտեգրումը քաղաքականության հիմք հայտարարում։ Հարկադրակա՞ն էր Մաքսայինի նախընտրությունը։

– Ամենահեշտ բացատրությունը հարկադրանքն է։ Իսկ ինչո՞ւ և ինչպե՞ս հնարավոր դարձավ հարկադրանքը։ Այդ հարկադրանքը հնարավո՞ր չէր կանխատեսել ու չեզոքացնել։ Ամեն ինչ շատ ավելի բարդ է, քան իրավիճակը հարկադրանքով բացատրելը։ Նախագահական ընտրություններից հետո անընդհատ սպասվում էր, որ քաղաքական դաշտում որոշակիություն է մտնելու, բայց որոշակի դարձավ միայն այն, որ քաղաքական ուժերը հմտորեն մղվեցին երկրորդ պլան, իսկ առաջ եկան հասարակական շարժումները, որոնք քաղաքական պահանջներ չեն առաջադրում, լուծում են լոկալ խնդիրներ։ Այս քայլով դաշտը հստակվում է։ Անորոշության պատճառներ այլևս չկան՝ ռուսամետները տոնում են իրենց հաղթանակը, թեպետ հաղթողի տպավորություն չեն թողնում, մի քանի դաշտերում միաժամանակ խաղացողները հարկադրված են կոնկրետանալ մեկ հատվածում, ավարտվում է իշխանամետ լինելով ընդդիմադիր խաղեր տալու ժամանակը։ Վերջապես կսահմանազատվեն իշխանությունն ու ընդդիմությունը, նրանց միջակայքում հարմար տեղավորված քաղաքական ուժերը։ Արդեն ուրվագծվում են և հետագա քայլերը։ Իշխանությունը գնում է դեպի հերթական ձևական կոալիցիայի ստեղծում, իշխանական բուրգում կգտնվեն տարբեր տրամաչափի պաշտոններ՝ բոլոր կուսակցություններին դժգոհ չթողնելու համար, իսկ խաղը կավարտվի կառավարության նոր կազմով, որը կաշխատի հին մեթոդներով։ Համակարգային որևէ փոփոխություն այս իշխանությունը ի զորու չէ անելու, և հենց դա է ասոցացման համաձայնագրից հրաժարվելու իրական պատճառը, այլ ոչ թե հարկադրանքը։

– Ռուսաստանի խնդիրը հասկանալի է, իսկ ի՞նչ է անելու Եվրոպան։

– Ռուսաստանի խնդիրը Հայաստանին իր ազդեցության դաշտում պահելն է, որովհետև տարածաշրջանում նրան հենակետ է պետք իր ռազմական ներկայության համար։ Ժամանակին, երբ Գյումրիի ռազմաբազայի ժամկետը երկարաձգվում էր, ես առիթ ունեցել եմ այդ գործարքի ամբողջ վտանգավորությունը ներկայացնելու: Դա ուղիղ հարված է Հայաստանի անկախությանը։

Ի՞նչ է անելու Եվրոպան։ Ավելի ճիշտ՝ Արևմուտքը։ Արդեն հստակ ասվեց, որ կիսահղի չեն լինում, կամ Մաքսային միություն, կամ Եվրամիություն։ Հայաստանի իշխանությունը դեռ հիմա էլ փորձում է իր վարած ապաշնորհ քաղաքականությունը իմաստուն ներկայացնել՝ և-և-ի սկզբունքով։ Չի լինում և-և, երբ այդ «և»–երը առանձին-առանձին միմյանց հետ համերաշխ չեն։ Կա կամ-կամ։ Ասվեց, որ Հայաստանը նախընտրում է Մաքսային միությունը, հետո էլ՝ Եվրասիական միությունը։ Դա նշանակում է, որ Հայաստանի գործող նախագահը իր ձեռքով փակում է դուռը, որը երկիրը տանելու էր դեպի նորմալ զարգացում։ Կորցնողը մենք ենք, Եվրոպան չի կորցնում։ Այնուհանդերձ, կարծում եմ, որ Արևմուտքը շարունակելու է Հայաստանը պահել իր ուշադրության դաշտում, պարզապես շեշտադրումների փոփոխություն է լինելու։

Իշխանությունն ապացուցեց, որ ինքը գործընկեր չէ, գործընկեր կարող են լինել այն քաղաքական ուժերը, ովքեր գնահատում ու հասկանում են զարգացման արևմտյան ճանապարհի նշանակությունը։ Եվ դա այն ճիշտ ընտրությունը կլինի, որ պիտի արվեր շատ ավելի շուտ։

Զրույցը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30