Քիչ առաջ հասարակական ակտիվիստներ Հայկակ Արշամյանի եւ Սուրեն Սաղաթելյանի վրա հարձակվել եւ ծեծի են ենթարկել անհայտ անձինք:
«Առավոտի» հարցին ի պատասխան, թե՝ որտե՞ղ, ի՞նչ հանգամանքներում եւ ի՞նչ պատճառաբանությամբ է եղել միջադեպը, այս պահին 1-ին հիվանդանոցում գտնվող պատմաբան, Երեւանի մամուլի ակումբի աշխատակից Հայկակ Արշամյանը պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել իր տան բակում, երբ կայանում էր մեքենան:
Կարդացեք նաև
«Վեց հոգով հարձակվեցին, թե «էս ախպա՞ր եք արա» ու սկսեցին խփել»,-ասաց նա: Այժմ Հայկակ Արշամյանը եւ Սուրեն Սաղաթելյանը հիվանդանոցում են, դիմել են ոստիկանություն: Ըստ պարոն Արշամյանի՝ ծեծողներին իրենք վստահաբար չեն ճանաչում՝ «վեց եզ էին», սակայն համոզված է, որ ծեծի պատճառը այս օրերին իրենց ակտիվությունն է՝ ընդդեմ Մաքսային միությանը Հայաստանի միանալուն արվող ակցիաներում, մասնավորապես՝ երեկ ՀՀ նախագահական նստավայրի դիմաց անցկացվող ցույցի մասնակցությունը: «Սուրենի մոտ գլխի վնասվածքներ են, իմ այտն է ներսից պատռված»,-ասաց Հայկակ Արշամյանը:
Լուսանկարները՝ Հայկակ Արշամյանի եւ Սուրեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջերից:
Տեսանյութը՝CivilNetTV-ի
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ