«Մաքսային միությանը միանալու որոշումն ընդունել է ՀՀ ղեկավարությունը»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո պնդեց Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով՝ Հայաստանն այսպիսով խորացրել է հարաբերությունները ռազմավարական գործընկերոջ հետ և դա բխում է մեր երկրի շահից: ՌԴ-ի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումների վերաբերյալ հարցերին Շարմազանովն ասաց, որ այդ խոսակցությունները ծիծաղելի են:
Քննադատություններին, որ հասարակության հետ չի քննարկվել այդ որոշումը, Էդուարդ Շարմազանովն այսպես է պատասխանում. «Մեր երկրի նախագահն ունի վստահության մանդատ և ընտրվում է նրա համար, որ խոսի ժողովրդի անունից»: Ինչ վերաբերում է այդ որոշումը քննադատող քաղաքական ուժերին, Շարմազանովն ասաց, որ համաձայնագիրը դեռ պետք է վավերացվի ԱԺ կողմից, ԱԺ-ում քննարկումների ժամանակ բոլոր քաղաքական ուժերն ու պատգամավորները կարող են ներկայացնել իրենց տեսակետն ու առաջարկությունները: «ՀՀ իշխանությունների կարծիքը հետևյալն է՝ մենք չենք դադարեցնում մեր բանակցությունները Եվրամիության գործընկերների հետ: Հայաստանի իշխանությունները, այդ թվում՝ ՀՀԿ-ն, չի հայտարարել, որ դադարեցնում է Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման գործընթացը: Սա չի նշանակում, որ մենք պատրաստ չենք ստորագրման, սա նշանակում է, որ այս պրոցեսները միմյանց փոխլրացնող են»,- ընդգծեց նա: Նա նշեց, որ վերջնական որոշումը պետք է կայանցի ԱԺ-ն, որն էլ պետք է վավերացնի համաձայնագիրը: Ի դեպ, Շարմազանովը հիշեցրեց, որ Եվրասիական գործընթացներին Հայաստանի մասնակցության մասին Սերժ Սարգսյանը հայտարարել էր դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին՝ ռուսական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ