Այսօր Aravot.am-ը պատմական գիտությունների թեկնածու Արշավիր Գասպարյանից կարծիք հարցրեց իր երբեմնի կուսակից ընկերոջը` Վահան Հովհաննիսյանին եվրոպական որևէ երկրում, ավելի կոնկրետ Գերմանիայում դեսպան նշանակելու մտադրության մասին: Ինչպես հայտնի է, նախագահի այս մտադրությունը ևս տարաբնույթ քննարկումների տեղիք է տվել, առիթ է դարձել իրեն ընդդիմություն համարող ՀՅԴ-ի պահվածքը անխնա քննադատելու:
«Բայց ինչո՞ւ են աղմուկ բարձրացնում, գրագետ մարդ է, գաղափարապես պատրաստ, հասուն մարդ է, պատմական գիտությունների թեկնածու է, հնագետ, դոցենտ, կրթված, խելացի մարդ է: Անցյալ օրը դեսպան ուղարկեցին Արա Սահակյանին, (խոսքը Ղազախստանում դեսպան նշանակված ԱԺ-ի, այն ժամանակ Գերագույն խորհրդի նախկին փոխնախագահի մասին է) ինչո՞ւ այդպես աղմուկ չբարձրացավ, եթե նախագահն, դա նրա լիազորությունն է, հարմար է գտնում Վահան Հովհաննիսյանին կամ չգիտեմ մեկ ուրիշի ուղարկել դեսպան` գտնելով, որ դա նպատակահարմար կլինի երկրի արտաքին քաղաքականությանը, այստեղ կուսակցական պատկանելությունը չպետք է դերակատարություն ունենա: Մենք չպետք է կուսակցական սկզբունքներով շարժվենք, մենք պետք է շարժվենք նրանով, թե տվյալ անձը` անկախ կուսակցական պատկանելությունից որտեղ, որ վայրում ավելի արդյունավետ կարող է աշխատել: Ի՞նչ վատ է, Արա Սահակյանից վա՞տն է Վահան Հովհաննիսյանը: Ով ուզում է լինի, թող լինի անգամ կոմունիստ, սոցիալիստ, եթե տվյալ մարդը այս ոլորտում, արտաքին քաղաքականության մասին է խոսքը, կարող է օգտակար լինել, ես կարծում եմ նրա ուժերը պետք է օգտագործել: Մենք պատմության դառը փորձ ունենք բոլշևիկների, երբ եկան 20 թվականին ու տեռորի քաղաքականություն իրականացրեցին Հայաստանում, մենք այդպիսի բաներից պիտի խուսափենք», -ասաց պատմաբանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ