Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճիշտ դաստիարակություն է պետք». Ինչո՞ւ է ինքնասպանությունների թիվը աճում

Սեպտեմբեր 05,2013 20:59

Վերջին տարիների ընթացքում կտրուկ աճել է ինքնասպանություն գործող երիտասարդների թիվը: Մասնագետները այս խնդրին մոտենում են մի քանի կողմից:

«Այսօր Հայաստանում ինքնասպանությունը մահվան պատճառների ցանկում երրորդ տեղն է գրավում 15-24 տարեկան երիտասարդների, և վեցերորդ տեղը՝ 5-14 տարեկանների խմբում»,- նշում է հոգեբան Անի Ալավերդյանը: Ըստ մասնագետի` պատճառները շատ տարբեր են՝ սկսած այսօր երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակից, մինչև թերարժեքության բարդույթները և սխալ դաստիարակությունը:
Հոգեբանի պնդմամբ` այսօր շատ երիտասարդներ բարդույթավորվում են դիմել հոգեբաններին և իրենց խնդիրների մասին խոսել և օգնություն ստանալ հենց նրանցից, շատերը հոգեբանին շփոթում են հոգեբույժի հետ և երբ նրանց ուղղորդում են դեպի հոգեբանը, նրանք պատասխանում են, որ իրենք հո գի՞ժ չեն, որ դիմեն հոգեբանին:
Անի  Ալավերդյանը փորձեց տարբերակում մտցնել հոգեբանի և հոգեբույժի միջև.
Հոգեբաններն օգնում են մարդկանց ճանաչել սեփական անձը և վարքի ընտրության բազմաթիվ տարբերակներից գտնել այն մեկը կամ մի քանիսը, որոնք արդյունավետ են հենց իրենց համար, տվյալ պայմաններում և տվյալ իրավիճակում` ելնելով իրենց իսկ անձնային առանձնահատկություններից: Իսկ հոգեբույժներն այն մասնագետներն են, ովքեր աշխատում են հոգեկան հիվանդություններ ունեցող անձանց հետ և բուժումն իրականացնում են հիմնականում դեղամիջոցներով:
« Շատ դեռահասներ, երիտասարդներ փորձում են իրենց խնդիների մասին կիսվել իրենց ընկերների, լավագույն դեպքում ծնողների հետ, սակայն հանդիպում են նաև այնպիսիները, ովքեր փակվում են իրենց մեջ և սկսում փորփրել իրենց ներսից,- ասում է հոգեբան Անի Ալավերդյանը,- ամբողջ խնդիրը նրանում է, որ մեզ մոտ զարգացած չէ հոգեբանին դիմելու կուլտուրան, դրա համար ևս ճիշտ դաստիարակություն է պետք, ինչն այսօր բացակայում է և շատ երիտասարդների հասցնում ծայրահեղ վիճակների»:
Մասնագետի պնդմամբ՝ Հայաստանում ինքնասպանությունները գնալով շատանում են և այնտեղ իրենց մեղքի բաժինը ունեն նաև երիտասարդների ծնողները, ովքեր դեռ փոքր տարիքից չեն հետևում իրենց երեխաների վարքին, ընկճվածությանը և շատ դեպքերում անտեսում են, չեն զրուցում և չեն բացատրում, որ կյանքում յուրաքանչյուր խնդիր լուծելի է, եթե դրան ճիշտ մոտեցում ես ցուցաբերում:
«Այսօր ինֆորմացիայի պակաս կա, խոսքը իհարկե ճիշտ ինֆորմացիայի մասին է, որովհետև այսօր դաշտը բաց է, իսկ վերահսկողություն չկա, երիտասարդները կարող են իրենց հետաքրքրությունների շրջանակը ընդլայնելով ստանալ ոչ պետքական ինֆորմացիա և խեղաթյուրեն իրենք իրենց և ընկնեն դեպրեսիայի մեջ, ուստի այս հարցում մեծ է ծնողի դերը, ինչ ուզում է լինի, որքան էլ զբաղվածությունը չների, ծնողը պետք է ժամանակ գտնի իր զավակի համար և վերահսկողությունը երբեք չկորցնի և հենց ինքը ուղղորդի իր երեխային, որոշակի խնդիրներ նկատելու դեպքում և դիմի հոգեբանին, ոչ թե խուսափի այդ քայլին դիմելուց,- ասում է հոգեբանը և հավելում, որ մեր թշնամին մեր փակվածությունն է և կյանքի վերաբերյալ ունեցած թյուր պատկերացումները, եթե դրա վրա ուշադրություն դարձվի կխուսափենք ծայրահեղ միջոցներից»:

Օվսաննա Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30