«Շատ եմ սիրում վառած մթերքի հոտը: Ուզում եմ անընդհատ կլանել, չեմ հագենում»-ասում է 23-ամյա Անին: Հավելում է ՝ հոտառությունից շատ ուժեղ է , աշխատանքից տուն վերադառնալիս դեռ տան շեմին տեղեկանում է ՝ մայրն ինչ է եփում. «Փոքր ժամանակ շատ էի սիրում վառած հավ, վառած կարտոֆիլ, իսկ հիմա դրանց հոտն ավելի եմ սիրում, քան հենց մթերքները»: Կան մարդիկ, ովքեր սիրում են տարօրինակ հոտեր, ինչպես մետրոյի, թաց խոտի, գաջի, խոնավության և այլն: Նրանց նախասիրությունները տարբեր պատճառներ ունեն: 27-ամյա Նարեկը, ով մի քանի տարի է, ինչ աշխատում է շինարարության ոլորտում, ասում է՝ սիրում է չոր տաքացած փայտի հոտը. «17տարեկանից հորեղբորս հետ գնում եմ մանրահատակ հարթեցնելու աշխատանքների: Աշխատավայրում ինձ ամենից շատ դուր է գալիս, որ երբ մեքենայով հարթեցնում ենք հատակը, տաք փայտի հոտ է տարածվում»-ասում է նա: Նարեկը փայտի հոտ սիրում է, բայց տանել չի կարողանում լաքի հոտը: Լաքով նա փայլեցնում է մանրահատակը հարթեցման աշխատանքն ավարտվելուց հետո: «Չեմ սիրում լաքի հոտը, որովհետև այն բժժեցնում է մարդուն, ամբողջ օրն անջատված ես լինում »,-ասում է նա: 16-ամյա Մարինեն նշում է՝ շատ է սիրում թաց գաջի հոտը. «Եթե ծանոթներիցս մեկը բնակարանը վերանորոգում է, անպայման ես այցելում եմ իրենց տուն,-ասում է նա և հավելում,-Սիրում եմ, որովհետև հաճելի, այլ կերպ չեմ կարողանում բացատրել, թե ինչու եմ սիրում այդ հոտը»: 34-ամյա Ալինան էլ սիրում է դեղամիջոցների և դեղաբույսերի հոտը. «Մանուկ հասակում երազում էի բժիշկ դառնալ կամ աշխատել դեղատանը, որ գործ ունենայի դեղերի հետ, բայց կյանքս այլ կերպ դասավորվեց: Մեր տանն այժմ անպակաս են նանան, ուրցը և մի շարք այլ օգտակար դեղաբույսերը. դրանք պահում եմ խոհանոցում ոչ միայն ելնելով անհրաժեշտությունից, այլ հենց թեկուզ քաղցր բուրմունքի համար:
Շատերը սիրում են անձրևի հոտը, ոմանք՝ կիտրոնի, շոկոլադի, ծաղիկների և այլն: Նշենք, որ մի շարք բույրեր օգտակար են առողջությանը:
Հայտնի է, որ շոկոլադի համն ու հոտը նպաստում են էնդորֆինների՝ երջանկության հորմոնների ձևավորմանը: Այս հորմոնները ապահովում են բարձր տրամադրությունը և օգնում են մեղմելու ցավը: «Կիտրոնը բարձրացնում է վեգետատիվ նյարդային համակարգի տոնուսը, նպաստում ուշադրության կենտրոնացմանը և արդյունավետ միջոց հանդիսանում վեգետատիվ-անոթային դիստոնիայի դեմ: Կիտրոնի հոտը «վախեցնում է» վիրուսներին: Նարինջը դեռ հնուց կիրառվել է բժշկության, կոսմետիկայի և օծանելիքի արդյունաբերության մեջ: Այն բարենպաստ ազդեցություն է թողնում կանանց հոգեկան և էմոցիոնալ աշխարհի վրա: Գրասենյակներում նարնջի հոտը օգտագործվում է աշխատակիցների աշխատունակությունը և տրամադրությունը բարձրացնելու համար»,-գրում է 168.am–ը :
Վերջերս էլ Շվեյցարիայում անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ հոտերը պատասխանատու են տրամադրության համար: Ծաղիկների բույրը նպաստում է շփմանը, նարնջի հոտն ուժեղացնում է գումար ծախսելու ցանկությունը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նարնջի հոտ զգացած մարդիկ 20 %-ով ավել գնումներ են կատարել:
Կարդացեք նաև
Նազենի Բաղդասարյան