«Սերժ Սարգսյանը նման հայտարարությունից հետո իզուր է եկել Հայաստան: Պետք է այնտեղ էլ մնար: Ինչ-որ մեկը թող բացատրի Սերժ Սարգսյանին, որ այդ ինքն է ուզում մտնել Մաքսային միություն եւ ոչ թե Հայաստանը»,- Aravot.am-ի հետ զրույցում Սերժ Սարգսյանի հայտարարության մասին այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Դանիել Իոաննիսյանը:
Նրա խոսքերով՝ 91-ին հանրաքվեով մենք ասել ենք, որ դուրս ենք գալիս Սովետական միության կազմից. «Դա մեր հիմնական ձեռքբերումն է, որ մենք ունեցել ենք այս տարիների ընթացքում եւ հիմա այդ նահանջն անգամ քննարկելու ենթակա չէ: Սերժ Սարգսյանի հայտարարությունն ընդամենը հայտարարություն է, իրավական ուժ չունի: Դա դեռ պետք է հաստատվի ՍԴ-ի կողմից, ԱԺ-ի կողմից»:
Դանիել Իոաննիսյանը գտնում է, որ ԵՄ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելն ու Մաքսային միության անդամ լինելն անհամատեղելի են. «Այստեղ ուղղակի երկրորդ կարծիք չկա: Բավականին միարժեք է նաեւ Եվրոպայի արձագանքը, որովհետեւ Եվրոպայի արտգործնախարարները հստակ հասկացան, որ ուղղակի ճնշում է եղել Հայաստանի նկատմամբ, եւ Հայաստանն ուղղակի 180 աստիճանով փոխեց իր կուրսը մեկ օրում: Ես չգիտեմ Պուտինը Սարգսյանին ինչ է ասել եւ ինչ տոնով է ասել, բայց կարծում եմ, Սարգսյանը նման որոշումը հենց տեղում է կայացրել, չէ՞ որ անգամ Գալուստ Սահակյանն էր հանդիպումից մի քանի ժամ առաջ հակառակը պնդում, անգամ իր թիմը տեղյակ չի եղել: Նման դաժան երեկոյից հետո Պուտինի հետ Սերժ Սարգսյանը պետք է հոգեբանի դիմի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ