Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Իգիթյանի պարզաբանումը՝ Գեղագիտական ազգային կենտրոնի Գորիսի մասնաճյուղի տնօրենի վերաբերյալ

Սեպտեմբեր 05,2013 18:26

Օգոստոսի 28-ի  հրապարակմամբ տեղեկացրել էինք, որ Սյունիքի մարզի հասարակական կազմակերպությունների, մշակութային կրթական հաստատությունների ներկայացուցիչներ եւ մոտ հինգ տասնյակ բնակիչներ դիմել են ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին՝ խնդրելով կանխել Գեղագիտական ազգային կենտրոնի Գորիսի մասնաճյուղի եւ նրա տնօրեն Մարտուն Զաքարյանի շուրջ տեղի ունեցող ապօրինի գործողությունները:

Օգոստոսի 21-ին Գեղագիտական ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Լեւոն Իգիթյանը այցելել էր Գորիս եւ մասնաճյուղի տնօրեն Մարտուն Զաքարյանին առաջարկել ստորագրել մասնաճյուղի տնօրենի աշխատանքից ազատման հրամանի ծանուցագիրը, ինչից տնօրենը հրաժարվել էր եւ այն անօրինական համարել: Այսօր կապվեցինք Լեւոն Իգիթյանի հետ եւ փորձեցինք հեռախոսազրույցի միջոցով լսել նաեւ նրա պարզաբանումը խնդրի վերաբերյալ: Պարոն Իգիթյանը ոչ այդքան բարյացակամ տոնով խոսեց, իսկ Մարտուն Զաքարյանի հասցեին էլ   վիրավորական ու կոպիտ արտահայտվեց: Նախ` սկզբում մեզ խորհուրդ տվեց գնալ Գորիս եւ տեղում ծանոթանալ տիրող իրավիճակին՝ տեղեկացնելով, որ այսօր հանձնաժողով է մեկնել Գորիսի մասնաճյուղ, որից հետո միայն կպատասխանի մեր բոլոր հարցերին, հակառակ դեպքում՝ զրույցը կլինի անառարկայական: Երբ տեղեկացրեցինք, որ Գորիս այցելել միգուցե չհաջողվի եւ անհրաժեշտ էր լսել իր պարզաբանումները Մարտուն Զաքարյանի արած հայտարարությունների վերաբերյալ, վերջինս հետեւյալ կերպ արձագանքեց.

«Ինձ Մարտուն Զաքարյանի խոսքը չի հետաքրքրում: Իմ առաջ պայման մի դրեք, պայման դնողը ես եմ…: Ձեզ խորհուրդ եմ տալիս գործը տեղում նայեք, հետո ես ձեր բոլոր հարցերին պատասխանեմ: Էն պահանջները, որ գոյություն ունեն բոլոր միավորների համար մեր մանսաճյուղի, էդ բոլոր պահանջները նա չի կատարում, նա հակառակն է անում: Իրա 4 տարվա աշխատանքն իմ աչքի առաջ բացարձակ բռակ ա: Տվյալ դեպքում ինձ ավելի շատ հետաքրքրում են ու անհանգստացնում են Գորիսում ապրող երեխաների գեղագիտության դաստիարակությունը, որն ինքը չի կարող ապահովել, մնացածը ես կարող եմ բացատրել, երբ առարկան ինքդ տեսնեք ձեր աչքով», – նշեց պարոն Իգիթյանը:

Իսկ մեր այն հարցին, թե որքա՞ն հաճախ է այցելում Գորիս ու որքան հաճա՞խ է շփվում այդ երեխաների հետ, նա պատասխանեց, որ 4 տարի է իր աչքի առաջ է կենտրոնի գործունեությունը, իսկ մասնաճյուղի տնօրենի կատարած աշխատանքի վերաբերյալ եզրակացության եկել է 4 տարվա ուսումնասիրության արդյունքում:

«Նա 4 տարի է իմ աչքի առաջ է եւ 4 տարի է նույն պահանջը դնում եմ՝ չի կարողանում անել էդ մարդը եւ չի ուզում…նա չբեր է, չբեր կին է, հասկանո՞ւմ եք չբեր կինն ինչ է: Իսկ շենքի ոչ մի պրոբլեմ չկա, շենքը պատկանում է գեղագիտության կենտրոնին, ուրիշ ի՞նչ պրոբլեմ, կա: Եղբայր դա պետական գույք է, ես ո՞նց կարող եմ դա վաճառել, ի՞նչ ա հիմար բաներ ասում, կարո՞ղ է ես ժուլիկ եմ: Գորիսի մասնաճյուղի շենքը պետությանն է պատկանում, ո՛չ ինձ է  պատկանում, ո՛չ  Մարտուն Զաքարյանին, ո՛չ էլ Գորիսին: Ես հո հանցագործ չեմ, որ այդ շենքը վաճառեմ: Վերջին հաշվով ես կենսագրություն ունեմ, ես իր ա էդ հիմար խոսակցության համար կպատժեմ կրկնակի», -հավելեց նա:

Հիշեցնենք, որ Գեղագիտական ազգային կենտրոնի Գորիսի մասնաճյուղի տնօրեն Մարտուն Զաքարյանը կասկած էր հայտնել, որ Լեւոն Իգիթյանի արարքը շատ հնարավոր է մասնաշենքը վաճառելու նպատակ է հետապնդում:  Լեւոն Իգիթյանը տեղեկացրեց, որ Մարտուն Զաքարյանին փոխարինելու է Գեղարվեստի ակադեմիան ավարտած, պարկեշտ, փայլուն մի երիտասարդ, ով կրկին Գորիսից է: Իսկ մյուս հարցերին պարոն Իգիթյանը չպատասխանեց, նշելով, որ  զբաղված է, իրեն սպասող կա,  խոսել չի կարող այլեւս:

Սյունիքում գործող «Իրավունքների տեղեկատվական կենտրոն» հ/կ-ն, որը պաշտպանում էր Մարտուն Զաքարյանի շահերը, օգոստոսի 28-ին տվյալ խնդրով դիմել էր Լեւոն Իգիթյանին (մանրամասները նամակում): ՀԿ նախագահ Մարատ Դադունցի խոսքով՝ նամակի պատասխանն արդեն ստացել են, որտեղ պատասխանողները նշել են, որ  իրենք Մարտուն Զաքարյանին տուգանք են վճարել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115 հոդվածի առաջին մասով և հիմնավորել են, որ  տնօրենին աշխատանքից ազատել են հաստիքի կրճատման պատճառով:

 

N  20-13                                                                                      ՀՀ Գեղեգիտութան Ազգային Կենտրոն  

                                                                                     ՊՓԲԸ գլխավոր տնօրեն

28 օգոստոսի 2013թ

 

պրն Լ.Իգիթյանին

Հարգելի պր-ն Լ.Իգիթյան

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն  իրավավապաշտպան կազմակերպություն է դիմել Գեղագիտության ազգային կենտրոնի ,,Գորիս,, ստորաբաժանման տնօրեն Մարտուն Զաքարյանը, իր շահերը պաշտպանելու խնդրանքով :

Մարտուն Զաքարյանը 2013թ օգոստոսի 28-ին ,,ՀայՓոստ,, Գորիսի բաժանմունքի միջոցով ստացել է ձեր կազմակերպության կողմից կնքված և ձեր կողմից ստորագրված  23.08.2013թ կազմված ծանուցագիրը : Ծանուցագրում Դուք մատնանշում եք ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը,որպես աշխատանքային պայմանագիրը գործատուի կողմից լուծելու հիմք ,նշված է նաև որ Մարտուն Զաքարյանի հետ կնքված աշխատանքյաին պայմանագիրը լուծվելու է 2013թ օգոստոսի 26-ից:

Հայտնում ենք, որ համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 115 հոդվածի 1 կետի,                     113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ:

Ձեր կողմից ուղարկված ծանուցագրով չի պաշտպանվել օրենքով նախատեսված ժամկետները, հետևաբար  համաձայն ՀՀ ԱՕ հոդված 115-ի 2-րդ կետի,  գործատուն  պարտավոր է աշխատողին վճարել տուժանք` ըստ օրենքով սահմանված կարգի:

Ծանուցագրում նշված է նաև, որ Գեղագիտական Ազգային կենտրոնը Մարտուն Զաքարյանի մասնագիտական պատրաստվածությանը,որակաորմանը համապատասխան  այլ աշխատանք առաջարկելու հնարավորություն չունի, այդ դեպքում ինչպես բացատրել Ձեր կողմից ս.թ օգոստոսի 20-22-ին Գորիսում կենտրոնի կոլեկտիվին ասված այն բառերը, թե  օգոստոսի 29-ին նոր տնօրեն պետք է գա:

Հարկ է նշել, նաև որ Ձեր կողմից Գորիսի կենտրոնի շենքի դուռը 2013թ  կողպեքով փակելը անօրինական է ,երբ դեռևս կենտրոնի նյութական պատասխանատուն հանդիսանում է Մարտուն Զաքարյանը: Այդ գործողությունը իրենից ենթադրում է նաև քրեական պատասխանատվություն:

Մի կողմ թողնելով իրավական հարթությունը, արդյոք բարոյական հիմնավորվածություն ունի 31 տարվա աշխատանքային փորձով տաղանդավոր ու համեստ արվեստագետի հետ նման վերաբերմունքը:

Մարտուն Զաքարյանը մեծ ներդրում և ավանդ ունի Գորիսի մշակութային կյանքում և նրա շուրջ տեղի ունեցող անարդարությունները արդեն մեծ արձագանք են գտել ոչ միայն Գորիսում, խնդրին անդարաձել է նաև հանրապետական մամուլը :

Առաջնորդվելով  ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքով, ակնկալում ենք սույն գրության վերաբերյալ պարզաբանումներ ստանալ օրենքով սահմանված ժամկետում:

Հարգանքներով՝

ՀԿ նախագահ

Մարատ  Դադունց

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30