Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Զոհրաբյան. «Վճռաբեկ դատարանը չպետք է հայեցողական լիազորություն ունենա»

Սեպտեմբեր 05,2013 17:59

Այսօր ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը Վանաձորում էր:

Մինչ սույն թվականի սեպտեմբերի 14-ին փաստաբանները ՀՀ փաստաբանների պալատի նոր նախագահ կընտրեն, նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր լոռեցի փաստաբանների հետ հանդիպման էր եկել Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը:

Հանդիպման ընթացքում վերջինս ներկայացրեց իր նախընտրական ծրագրի հիմնադրույթները` նկատելով, որ դրանք ուղղված են մեր երկրում փաստաբանական համակարգի առաջխաղացմանը:

«Անհրաժեշտ է իրականացնել Հանրային պաշտպանի ինստիտուտի զարգացմանն ուղղված ծրագրեր, բարձրացնել փաստաբանների իրավունքների պաշտպանությունն ու մասնագիտական ունակությունները, ապահովել պալատի կառավարման եւ գործունեության թափանցիկությունը»,-նշեց Արա Զոհրաբյանը:

Նա նաեւ անդրադարձավ իր նախընտրական ծրագրի այլ դրույթների եւս, պատասխանեց լոռեցի փաստաբանների հարցերին:

Անդրադառնալով ՀՀ վճռաբեկ դատարանի` փաստաբանների բողոքները գրեթե մշտապես վերադարձնելու խնդրին` Արա Զոհրաբյանը նկատեց, որ Վճռաբեկ դատարանը չպետք է հայեցողական լիազորություն ունենա, այն պետք է բողոքները ընդունի վարույթ եւ որոշումներ կայացնի:

«Քանի որ իրենք ասում են` ծանրաբեռնված ենք, օրինակ՝ ես առաջարկում էի ստեղծել պալատներ հենց իրենց մեջ` 4 դատավորի կազմով, թող մեր բողոքն ընդունեն ու մերժեն կամ բավարարեն: Ընդ որում, երբ օրենքի միատեսակ կիրառման հարց կառաջանա, թող իրենց ամբողջ` Վճռաբեկ դատարանի կազմով, 4 պալատներով միանան, որոշում կայացնեն: Այդ դեպքում մեզ համար էլ պարզ կլինի, մենք էլ կիմանանք, թե ինչու մեր բողոքը մերժեցին, որովհետեւ մենք հաճախորդների հետ ենք խնդիր ունենում: Հաճախորդը գալիս է, ասում է` վերադարձրել է, որովհետեւ դու բողոքը լավ չես կազմել: Մինչեւ մենք այս հարցը չլուծենք, մինչեւ Վճռաբեկի դերը չհստակեցնենք, մինչեւ մենք չունենանք այնպիսի դատարան, որին մենք վստահենք, ասենք, դատավորները այնքան արդարամիտ են, այնքան օբյեկտիվ, որ մենք հավատում ենք իրենց, որ մեզ առանց բացատրելու էլ թող վերադարձնեն: Մեզ մոտ այդ վստահության պակասը կա: Պետք է հասնենք նրան, որ Վճռաբեկի դերը հստակ արձանագրվի»,-ասաց Արա Զոհրաբյանը:

Ruben Sahakyan-Ara Zohrabyan

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ, անդրադառնալով խնդրին, հավելեց, որ այսուհետ ՀՀ վճռաբեկ դատարանի` բողոքները վերադարձնելու որոշումները պետք է պատճառաբանված լինեն:

«Պետաիրավական հանձնաժողովի վերջին նիստի ժամանակ ներկայացվեց դատական օրենսգրքի եւ այլ դատավարական օրենսգրքերի փոփոխությունների նախագիծ, որը փաստաբանների բողոքի արդյունքում մշակված նախագիծ է:Դրանով նախատեսվում է, որ Վճռաբեկ դատարանն այսուհետ պետք է պատճառաբանի վերադարձնելը»,-եզրափակեց Էդմոն Մարուքյանը:

 Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30