Այսօր Կոմիտաս 5 հասցեում ակտիվիստներն ու ոստիկանները փոխադարձ վիրավորանքներ էին միմյանց հասցեին ուղղում:
Շինհրապարակ տանող ճանապարհին կանգնած ակտիվիստներին ոստիկանները մի քանի անգամ խնդրեցին հեռանալ, ազատել ճանապարհը, չխանգարել մեքենաների ելումուտը: Բայց ակտիվիստները նրանց բացարձակապես չէին լսում: Ոստիկաններն էլ սկսեցին հրելով հեռացնել նրանց:
Ակտիվիստները սկսեցին ամոթանք տալ շինհրապարակ մտնող մեքենայի վարորդին, գոռալով `«Վաղը ձեր տունն են քանդելու, վարո’րդ»:
Արաբկիր վարչական շրջանի փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանն էլ, մատնացույց անելով ակտիվիստ աղջիկներից մեկին, խնդրեց փոխգնդապետ Կարեն Մովսիսյանին սաստել նրան:
Կարդացեք նաև
«Մի’ լկտիացեք, ոստիկանի բերանը մի’ մտեք: Չափի մեջ մնացեք»,- ակտիվիստ աղջկան սաստեց պարոն Մովսիսյանը:
Ակտիվիստն էլ հակադարձեց. «Լկտին Արայիկ Պետրոսյանն է, որ աղջիկների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցնում»:
Պարոն Մովսիսյանն էլ հորդորեց հանգիստ կանգնել իրենց տեղում ու եթե փաստեր ունեն հայհոյանքների վերաբերյալ, հրապարակել:
Միջադեպ գրանցվեց ակտիվիստ աղջիկներից մեկի եւ մեկ այլ ոստիկանի միջեւ նույնպես: Երբ ոստիկանները պատնեշ կազմած արգելում էին ակտիվիստներին փակել շինհրապարակ մտնող մեքենայի մուտքը, մի աղջիկ հրում էր ոստիկանին, ամեն կերպ դուրս գալու պատնեշից. «Չեք էլ ամաչում, արի ծանոթանանք, արի չգիտեմ ինչ, մի անցի սենց»:
Մի քանի ոստիկաններ միաժամանակ այսօր տեսագրում էին ակտիվիստներին, ակտիվիստներից մեկն էլ ոստիկանի տեսախցիկը շրջեց փոխոստիկանապետ Պետրոսյանի ուղղությամբ եւ ասաց` նկարեք ձեր անբարոյական շեֆերին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Սրանք իրոք լկտի են ու զզվելի պահվածքի տեր: Ոստիկաններն ավելի համակրելի են իրենց պահվածքով: