Սեպտեմբերի 5-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում Հայաստանի արդյունաբերության զարգացման հիմնադրամի աջակցությամբ տեղի ունեցավ «Տեխնիկական կանոնակարգումը Մաքսային Միությունում և Միասնական տնտեսական տարածքում. փոխադարձ ապրանքաշրջանառության աճի բաղադրիչները» թեմայով աշխատաժողովը:
Միջոցառման նպատակն է Մաքսային Միության անդամ երկրներ արտադրանք արտահանողներին մանրամասն իրազեկել այն բոլոր ընթացակարգերի և մեխանիզմների մասին, որոնք կնպաստեն իրենց արտադրանքն այդ երկրներ ներմուծելուն:
Աշխատաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ՌԴ տնտեսական զարգացման, արդյունաբերության և առևտրի նախարարությունների, տեխնիկական կանոնակարգման և չափագիտության դաշնային գործակալության, ֆեդերալ մաքսային ծառայության, Բելառուսի պետստանդարտի, Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության պաշտոնյաներ և պատասխանատու աշխատակիցներ: Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի տարբեր գերատեսչությունների, պետական և մասնավոր շահագրգիռ մարմինների, կազմակերպությունների, ընկերությունների ներկայացուցիչներ:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կանոնակարգման հարցերով կոլեգիայի անդամ, նախարար Վալերի Կորեշկովը:
Կարդացեք նաև
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին Մաքսային Միությունում և Միասնական տնտեսական տարածքում գործող տեխնիկական կանոնակարգերը, արտադրանքի նկատմամբ կիրառվող պարտադիր պահանջները, արգելքներն ու սահմանափակումները, քննարկվեցին Հայաստանի Հանրապետությունից արտադրանքի արտահանման հետ կապված մի շարք հարցեր, տրվեցին համապատասխան պարզաբանումներ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի հաղորդագրություն