Նոյյան տապան. Սեւանա լճում սիգ ձկնատեսակը ոչնչանում է. եթե 1980¬ական թթ սկզբին Սեւանում կար 10¬12 հազար տոննա սիգ, 1990¬ ական թթ՝ 28¬30 հազար տոննա, ապա 2012 թ. դրությամբ առկա է ընդամենը 6¬8 տոննա: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:
Ըստ նրա, սիգը սկսեց նվազել դեռեւս 2000 ականներին՝ որսագողության պատճառով: Մոտ 5¬6 տարի առաջ առաջարկվել էր արգելել սիգի որսը, սակայն որսը շարունակվում է, քանի որ չկա այն արգելող որեւէ օրենք: Կենտրոնի տնօրենի փոխանցմամբ, «սիգի արհեստական արտադրություն դեռ գոյություն չունի, քանի որ դա բարդ պրոցես է, որովհետեւ սիգը պահանջում է կենդանի սնունդ»;: Սակայն, ըստ նրա, սիգը հնարավոր է փրկել` ապահովելով պատշաճ պահպանություն:
Բ. Գաբրիելյանի բնորոշմամբ, սիգը ստրատեգիկ նշանակություն ունի ոչ միայն որպես սնունդ, այլեւ որպես էկոլոգիական կարեւոր օղակ, քանի որ նրա կերը հանդիսացող օրգանիզմները՝ մնալով լճում, առաջացնում են ճահճացում: «Կորցնելով սիգը, դանդաղեցնում ենք Սեւանա լճի մաքրման պրոցեսը»,¬ ասաց նա:
Բ. Գաբրիելյանը նշեց նաեւ, որ իշխանի 4 ենթատեսակներից 2¬ը ոչնչացել է, իսկ 2¬ը վերականգնվում է, սակայն, համարել, որ դրանք արդեն վերականգնված են, չի կարելի, քանի որ չկա բնական վերարտադրություն, ինչին էլ նպաստում է որսագողությունը եւ ձվադրավայր հանդիսացող գետերի անբավարար վիճակը: Այդ իսկ պատճառով, մասնագետի խոսքերով, իշխանը վերականգնում են՝ աճեցնելով ցանցավանդակներում, սակայն դեռեւս պարզ չէ, թե դա ինչ հետք կթողնի Սեւանի ջրի էկոհամակարգի վրա: