Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երևանում մեքենաների կայանատեղերի համակարգը ներդրվեց լուրջ թերացումներով

Սեպտեմբեր 05,2013 15:47

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է դեռևս 2011 թվականին, իսկ կոնկրետ համայնքում տուրքի դրույքաչափերը, դրանց վճարման ձևերը և այլ հարցերի կարգավորման իրավասությունը թողնվել է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին, տվյալ դեպքում՝ Երևան քաղաքի ավագանուն:
Երևան քաղաքի ավագանու որոշումները տուրքի վճարման ընթացքում վարորդի համար առաջացրել են ավելորդ, չհիմնավորված դժվարություններ և անհարմարություններ:
Մասնավորապես, օրենքը նախատեսում է, որ տուրքի վճարման պարտավորությունը ծագում է ավտոմեքենան կայանելու պահից, սակայն Երևանի ավագանու որոշմամբ տուրքի վճարման հստակ վերջնաժամկետ սահմանված չէ:

Առկա պայմաններում մնում է կռահել, որ եթե անվճար կայանել կարելի է միայն 5 րոպե, ապա անձը պարտավոր է կատարել տուրքի վճարումը հենց 5 րոպեի ընթացքում: Այսինքն` ստացվում է մի իրավիճակ, երբ, օրինակ, մայրաքաղաքին անծանոթ մարդը մեքենան կայանելուց հետո 5 րոպեի ընթացքում պետք է տեղեկատվական վահանակի միջոցով տեղեկանա տուրք վճարելու իր պարտականության մասին, նույն այդ ժամանակահատվածում կարողանա մոտակայքում գտնել վճարային որևէ կազմակերպություն կամ սարքավորում և կատարել տուրքի վճարումը, իսկ 5 րոպեն թեկուզ մեկ րոպեով գերազանցվելու դեպքում կտուգանվի 5.000 ՀՀ դրամի չափով: Հետևաբար, այսպիսի իրավիճակից խուսափելու համար առաջին հերթին անհրաժեշտ էր վարորդին տալ ավելի երկար ժամանակով անվճար կայանելու հնարավորություն:

Կազմակերպական առումով լուրջ բացթողում էր նաև տուրքի համակարգի մասին անբավարար հանրային իրազեկումը, ինչի ապացույց էին վարորդների բազմաթիվ անպատասխան հարցերը տուրքի վճարման, անդորրագրերի ստացման կարգի վերաբերյալ, ինչպես նաև այն փաստը, որ բազմաթիվ քաղաքացիներ վճարեցին ամբողջ տարվա համար սահմանված տուրքը, որից հետո միայն կատարվեց վերահաշվարկ, և նրանց վերադարձվեց այդ գումարի մի մասը:
Ինչ վերաբերում է այն դիրքորոշմանը, որ տուրքի սահմանումը սոցիալական առումով որևէ կերպ հիմնավոր ու նպատակահարմար չէ, ապա այդ խնդիրն անհրաժեշտ էր բարձրացնել դեռևս վերը նշված օրենքի ընդունման ժամանակ: Այնուամենայնիվ, կառուցողական առաջարկությունների առկայության դեպքում կարելի է նաև հանդես գալ օրենսդրական փոփոխությունների առաջարկությամբ:
Բազմիցս նշել ենք յուրաքանչյուր այսպիսի դեպքում հանրային քննարկումների կարևորության մասին: Դրանք չպետք է լինեն ձևական և ինքնանպատակ, քանի որ դրանց բացակայությունը իրավական ակտերը դարձնում է գործնականում անկիրառելի կամ հանգեցնում անձանց իրավունքների և օրինական շահերի խախտմանը:

Կարեն Անդրեասյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30