2013թ սեպտեմբերի 5-ին` ժամը 08.00-ի սահմաններում Երևան քաղաքի ոստիկանության Մալաթիայի բաժնում «Մալաթիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ սեպտեմբերի 5-ին` ժամը 07.50-ի սահմաններում, բժշկական կենտրոն է ընդունվել Արտուշ Գուրգենի Մարգարյանը` որովայնի շրջանում ծակած-կտրած վերքերով:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների` տեղեկացնում ենք, որ Արտուշ Մարգարյանը «Մալաթիա» բժշկական կենտրոնում անհապաղ ենթարկվել է վիրահատության, որի ավարտից հետո, վիրահատող բժշկի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն, Արտուշ Մարգարյանի մարմնի որովայնի առաջնային պատին առկա են չորս ծակած թափանցող վերքեր` լյարդի վնասումով, հեմատոմա որովայնի հետին պատին և չթափանցող կտրած երկու վնասվածքներ ձախ ձեռքի երակների շրջանում։ Նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր:
Դեպքի առթիվ Երևանի Մալաթիայի քննչական բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակներում բացատրություն է տվել Արտուշ Մարգարյանի կինը և նշել, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ամուսինն իրենց սպանված որդու` Գուրգեն Մարգարյանի (սպանվել է Հունգարիայում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից) կորստի հետ կապված դարձել էր դյուրագրգիռ, տառապել անքնությամբ և օրվա մեծ մասն անցկացրել որդու դիմանկարի առջև:
2013թ. սեպտեմբերի 5-ին` ժամը 02.30-ի սահմաններում, ամուսինը մնացել է հյուրասենյակում, իսկ ինքը գնացել է մյուս սենյակ` քնելու:
Առավոտյան ժամը 07.00-ի սահմաններում մտնելով հյուրասենյակ` տեսել է, որ ամուսինը թիկն ընկած բազմոցի վրա ծանր շնչում է, և որովայնի ու ձախ ձեռքի շրջանները արյունոտված են:
Բազմոցի վրա առկա արյունոտված դանակից հասկացել է, որ Արտուշ Մարգարյանը փորձել է ինքնասպանություն կատարել ու անմիջապես ոչ հեռու բնակվող որդուն` Վահե Մարգարյանին կանչել է օգնության և միասին տեղափոխել են «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղ նրան վիրահատել են:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է արյունոտված խոհանոցային դանակ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նյութերի նախապատրաստումը ոստիկանության Մալաթիայի բաժնում շարունակվում է։
ՀՀ դատախազություն