Լրահոս
Օրվա լրահոսը

Կմեկնարկի «Արամ Խաչատրյանը եւ արդի աշխարհը» գիտաժողովը

Սեպտեմբեր 05,2013 14:33

«Բազմաթիվ միջոցառումներ ենք նախատեսել հոբելյանական տարեդարձի կապակցությամբ: Գիտաժողովին մասնակցում են տարբեր սերնդի ներկայացուցիչներ: Հայաստան կժամանեն երաժշտագետներ եւ երաժիշտներ Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Ռիգայից, Թբիլիսիից, Ստեփանակերտից: Սա գեղեցիկ առիթ է այն մարդկանց համար, ովքեր գնահատում են Արամ Խաչատրյանի արվեստը»,-այսօր «Արամ Խաչատրյանը եւ արդի աշխարհը» խորագրով միջազգային գիտաժողովի մասին նշեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:
Սեպտեմբերի 6-7-ը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Արամ Խաչատրյանը եւ արդի աշխարհը» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված անվանի կոմպոզիտորի 110-ամյա հոբելյանին:
Երեւանի պետական կոնսերվատորիայի եւ Գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր Նելլի Ավետիսյանի պնդմամբ՝ Արամ Խաչատրյանը, որպես հայ կոմպոզիտոր աշխարհում կարեւորագույն դեր խաղաց: Գիտաժողովի ժամանակ կներկայացվեն նրա լավագույն ստեղծագործությունները եւ հնարավորություն կստեղծվի եւս մեկ անգամ մոտ գտնվել նրա արվեստին.
«Մեր նպատակն է արդեն ճանաչելի ստեղծագործությունների կողքին ցույց տալ նրա նոր աշխատանքները, նոր ուսումնասիրությունները: Հայ երաժշտության մեջ նա գրող էր»:
Լատվիայի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր, վաստակավոր արտիստ Րաֆֆի Խարաջանյանի խոսքով՝ Արամ Խաչատրյանի անունը միայն հարգանք է ներշնչում, նա բնական է, ինչպես Կոմիտասը, Մատենադարանը, Էջմիածինը, Մասիսը.
«Նրա ստեղծագործությունները մոտ են ինձ, հարազատ: Գիտաժողովն անբնական է, սակայն անհրաժեշտ: Արամն ուրիշ մեծություն էր, նրա երաժշտությունն իր թարմությունը չի կորցրել երբեք: Ծրագիրը բազմազան է ու հետաքրքիր»:
Սանկտ Պետերբուրգի Ն. Ա. Ռիմսկի Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտական քննադատության ամբիոնի պրոֆեսոր Էրա Բարտուչեւայի համոզմամբ՝ Խաչատրյանի երաժշտությունը չի հնչում այնքան շատ, ինչքան որ պետք է հնչեր: Այն անսահման է, հիանալի, պետք է մշտապես հիշել, վայելել մեր մեծերի արժեքները, մենք արժանի ունկնդիրներ պետք է լինենք: Նա շատ էր սիրում կյանքը, սիրում էր ոչ միայն երաժշտությունը, այլեւ կրկեսն ու թատրոնը, նա պաշտում էր դերասաններին: Ասում էր՝ դերասանին պետք է ծափահարել: Նա իսկապես թատրոնի, բեմի մարդ էր:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30