Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիայում իշխանափոխություն կլինի, թե ինչ ձեւով՝ անկանխատեսելի է

Սեպտեմբեր 05,2013 14:30

Այսօր «Մեդիա կենտրոնում» «Աշխարհաքաղաքական նոր ճգնաժամ. Սիրիան ներքին եւ արտաքին սպառնալիքների տակ» թեմայով քննարկմանը մասնակցում էին Սիրիայում ՀՀ նախկին դեսպան, արեւելագետ, պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, քաղաքական գիտությունների թեկնածու, իրանագետ Սեւակ Սարուխանյանը եւ «Սիվիլնեթի» լրագրող Հարութ Էքմանյանը:
Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ ազատ բանակը որեւէ շանս չունի, քանի որ նախ քանակապես շատ ավելի թույլ է ու բաղկացած հիմնականում դասալիքներից՝ սիրիական բանակից տեղափոխված, իսկ հակառակորդները մարզված են, եւ շատ լավ զինված. «Եթե հանկարծ մուսուլմանական ծայրահեղական շարժումը գա իշխանության, ալավիներին ու բոլոր այլադավաններին կմորթեն»,- ասաց Հովհաննիսյանը, ըստ որի՝ Սիրիայի իշխանությունները իմաստ չէին տեսնի քիմիական զենքի կիրառման, լավ հասկանալով, որ դա իրենց է վտանգելու: «Դա ձեռնտու է մի շարք ուժերի: Ներկայումս ամենաշահագրգռված ուժերը տարածաշրջանային երկրներն են, որոնք պետք է նման մի գործողություն կատարեին, որպեսզի իրավիճակը, որը թեքվում է հօգուտ կառավարական ուժերի, բերեին բալանսի կամ՝ թեքեին զինյալների օգտին»:
Հովհաննիսյանը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փորձում է ամեն ինչ անել, որ ստիպված չլինի հարվածել Սիրիային, քանի որ դա շատ վտանգավոր է. «ԱՄՆ բնակչության 67 տոկոսը դեմ է ցանկացած տիպի հարվածի: Այս բնակչությանը համոզելն անհնար է, քանի որ թարմ են հիշողությունները Իրաքի մասին»:
Հովհաննիսյանի համոզմամբ՝ Սիրիայում իշխող վարչակարգը մեղմ ավտորիտար ռեժիմ է, ինչի շնորհիվ բազմաէթնիկ սիրիական հասարակությունը տասնամյակներ շարունակ ներդաշնակ ապրում էր, զուսպ կոնֆլիկտներով՝ «Այս բալանսը քանդելը նույն ռադիկալ իսլամիստական ծրագրերն են: Ժողովրդավարության մասին խոսել այս պայմաններում չափազանց բարդ է, մանավանդ, երբ այսքան շիկացած են հարաբերությունները»
Սարուխանյանն էլ գտնում է, որ հարվածների դեպքում պատերազմը չի կարող արագ ավարտ ունենալ: Հարվածները բերելու են Ասադի տարածաշրջանային կողմնակիցների ակտիվացման: «Իրանի կողմից ենթադրվում է ավելի մեծ ակտիվացում: Ասադի բանակը կհամալրվի էլ ավելի շատ իրանցիներով:
Ռեժիմի փոփոխությունը Սիրիայում նոր իրավիճակ է նաեւ Լիբանանի համար»,- ասաց Սարուխանյանը, նշելով, որ աշնանը պատերազմը չի ավարտվի:
Մանուկյանն էլ գտնում է, որ վերջապես արտաքին ուժերը խառնվեցին եւ խառնվեցին բացահայտ, ոչ թե քողարկված՝ ուրիշ ուժերի ձեռքով: Նա նաեւ գտնում է՝«Հարվածելու են զորանոցներին, օդանավակայաններին, բոլոր այն տեղերում, որտեղ կենտրոնացված է ռազմամթերք: Եթե ռմբակոծելու են այն հրապարակներին, որտեղից թռչում է սիրիական օդուժը, ապա գոնե այդ մի վճռական առավելությունից Սիրիայի իշխանությունները կզրկվեն»: Մանուկյանը վստահեցրեց, որ եթե Սիրիայում իշխանության գան այն ուժերը, որոնց հովանավորում է Սաուդյան Արաբիան, Սիրիայի վերականգնման հարցը կլուծվի. «Կամ ռուսական, չինական փողերով կօգնեն Ասադին վերականգնել, կամ քաթարյան: Անիշխանության շրջան պատերազմից հետո ես չեմ տեսնում»:
Էքմանյանն էլ ավելացրեց, որ ընդդիմադիրների հիմնական գործիքը պոպուլիզմն է: Տեղացի ժողովրդին փորձում են պոպուլիզմով, սակայն՝
«Ի վերջո, իշխանափոխություն պիտի լինի Սիրիայի մեջ, բայց թե ինչ ձեւով՝ անկանխատեսելի է: Սիրիայի հասարակությունը բազմաշերտ ու բարդ հասարակություն է: Սիրտ ուտողը չի կարող ներկայացնել 23 մլն բնակչություն ունեցող Սիրիայի հասարակությանը: Չեն կարծում, որ Ասադը հրաժարվելու է, քանի որ երեկ հայտարարեց, որ պայքարելու են մինչեւ վերջին շունչը»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30