Այսօր արդեն մի քանի ժամ է, ինչ Կոմիտաս-5 հասցեում վերսկսվել է շինարարությունը: Այս պահին շինհրապարակից դուրս են գալիս բեռնատար մեքենաներ եւ մտնում են նորերը: Նախախորհրդարանի ակտիվիստները «ամոթ վարորդին» են գոռում, իսկ ոստիկանները նրանց հրելով, մի կողմ են տանում, որ մեքենաները ազատ ելումուտ անեն շինհրապարակ: Բնակիչներ այս պահին գրեթե չկան տարածքում: Բնակիչներից մեկի պատմելով, բնակիչները հեռացան այն բանից հետո, երբ շինարարությունը վերսկսելուն խոչընդոտող տարեց բնակիչներին ոստիկանները քաշքշելով ու թեւերը ոլորելով հեռացրին տարածքից:
«Ոստիկանների եւ տատիկների միջեւ բախում է տեղի ունեցել: Երեք չորս ոստիկան մի տատիկի բռնած դուրս էին բերում, որ մեքենան անցնի ներս եւ կարողանան աշխատել: Ոստիկանությանը բացատրում եմ՝ ցանկացած պետություն կայանում է օրենքների հիման վրա , դուք օրենքները խախտում եք, ակամա աջակցում եք պետության փլուզմանը, ձայն չեն հանում»,- պատմեց բնակիչներից մեկը:
Այս պահին ոստիկանները նկարահանում են ակտիվիստների գործողությունները:
Ակտիվիստներն էլ հեգնում են. «Վայ Արայիկ Պետրոսյանը եկավ, կարող ա սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնեք»:
Արաբկիր վարչական շրջանի փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանը հրաժարվում է մեկնաբանել իր հասցեին հնչած մեղադրանքները՝ կապված սեռական բնույթի առաջարկներ եւ հայհոյանքներ հնչեցնելու հետ:
Ոստիկանները այս պահին պատնեշ են կազմել շինհրապարակի դարպասների առջեւ, որ ակտիվիստները չխոչընդոտեն շինաշխատանքը, իսկ ակտիվիստները, գնալով շատանում են տարածքում:
Մանրամասները շուտով
Կարդացեք նաև