Հովհաննես Իգիթյանը Հայաստանի եվրաինտեգրման լուրջ հնարավորություն այս պահին չի տեսնում
– Ի՞նչ փոխվեց մի քանի ժամերի ընթացքում, որ Մոսկվայում Սերժ Սարգսյանը միանձնյա եւ կտրուկ որոշում կայացրեց: Դեռ ոչ վաղ անցյալում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում էր, որ Հայաստանը Մաքսային միությունում անելիք չունի, ինքը՝ Սերժ Սարգսյանը, քանիցս ասաց, որ Հայաստանի՝ ԵՄ-ի ինտեգրումն այլընտրանք չունի, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ «եթե դառնում ես Մաքսային միության անդամ, արդեն սուվերեն չես», մոսկովյան հայտարարությունից մի քանի ժամ առաջ կարկառուն ՀՀԿ-ականները պնդում էին, որ Հայաստանի տեղը Եվրոպայում է, եւ դա ինքներս ենք ընտրել՝ անկախություն ձեռք բերելուց հետո, եւ որ մոսկովյան հանդիպումից անակնկալներ պետք չէ սպասել:
– Փաստորեն, մեկ գիշերվա ընթացքում ամեն ինչ փոխվեց, որովհետեւ դեռ նախորդ օրը պաշտոնատար անձինք հայտարարում էին, որ Հայաստանը գնում է դեպի Եվրոպա, իսկ ռուսաստանյան այցը զուտ աշխատանքային է: Չգիտեմ, երեւի Սերժ Սարգսյանից պետք է հարցնել, թե մեկ գիշերվա ընթացքում ի՞նչ ճնշում է գործադրվել իր վրա: Եթե դա իրոք ճնշում է՝ թող ասի: Եթե ինքն իրեն թույլ է զգում եւ իր քաղաքական թիմը չի կարող իրեն սատարել եւ ուժեղացնել՝ հաշվի առնելով նույնիսկ այն հանգամանքը, որ ինքը կեղծ ընտրություններով է ընտրվել, ոչ լեգիտիմ նախագահ է, եթե Հայաստանի վրա ճնշում են գործադրում, ես պատրաստ եմ իր կողքը կանգնել, ճնշումները վերացնել, հետո նորից հրաժարվել իրենից: Խոսքը Հայաստանի, երկրի եւ ժողովրդի արժանապատվության մասին է: Ճնշում են մարդուն եւ ոչ թե Հայաստանին: Մարդն է թույլ, ոչ թե Հայաստանը: Չես դիմակայում՝ գնա կամ էլ ուժեղներից օգնություն խնդրի: Ի՞նչ կատարվեց՝ չգիտեմ: ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն, չէ՞, իմանալու, թե մեր ռազմավարական գործընկերն ի՞նչ ճնշում է գործադրել Սերժ Սարգսյանի եւ Հայաստանի վրա: Ես նույնիսկ չգիտեմ, թե Սերժ Սարգսյանն ի՞նչ է ստորագրել, բացի այն հայտարարությունից, որն ինքը ձեռքերը դողալով եւ մռայլ դեմքով հեռուստատեսությամբ կարդաց: Ինքն ինչ-որ թուղթ է ստորագրել, բայց ի՞նչ թուղթ է դա: Բոլոր այն մարդիկ, ովքեր խոսում են Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի, ԵՄ Ասոցացման համաձայնագրի գաղտնի լինելու մասին, թող հիմա խոսեն այն փաստաթղթի մասին, որ արդեն ստորագրված է նախագահի կողմից:
Դրանք 1000-1200 էջանոց փաստաթղթեր են, նույնիսկ եթե գաղտնի էր, բայց թուղթ կար, եւ գործընթաց էր գնում, երկկողմ ինչ-որ առաջարկներ էին լինում, ինչ-որ բաներ էին փոխվում: Ավելին, իմ եվրոպացի կոլեգաներից ես նույնիսկ որոշ տեղեկություններ ունեմ եւ իմ համեստ հնարավորություններով փորձում էի աջակցել թե եվրոպական, թե հայկական կողմերին: Մենք տեսնում էինք, որ դա բանակցային գործընթաց է, եւ գնում էինք ինչ-որ մի փաստաթուղթ ստորագրելու, որի շուրջ կողմերը եկել էին կոմպրոմիսի: Սերժ Սարգսյանը գնում է Մոսկվա, ընդ որում՝ մեկ ժամ առաջ էլ չի ասվում, որ ինչ-որ բան է քննարկվելու, եւ հանկարծ ինչ-որ փաստաթուղթ է ստորագրում: Ի՞նչ է դա նշանակում, ի՞նչ պարտավորություններ է դնում Հայաստանի վրա: Եթե ծախվել ենք, գոնե գինն իմանանք, որը մեզ վճարել են: Ի՞նչ գիտենք մենք այսօր. լրագրողները, ակտիվ քաղաքական գործիչները, նույնիսկ Սերժ Սարգսյանի կողքին կանգնած մարդիկ, ես համոզված եմ, նույն տեղեկությունն ունեն: Այսինքն՝ մեկ գիշերվա ընթացքում Սերժ Սարգսյանն իր միտքը 180 աստիճանով փոխում է եւ խայտառակ կերպով ջուրն է գցում դեպի եվրաինտեգրացում գնացող մեր չորս, ես կասեի՝ 22 տարվա ճանապարհը՝ ՌԴ նախագահի հետ ինչ-որ բան է ստորագրում. մտնում ենք մի կառույց, որը չգիտենք էլ, թե ինչ է: Դրա դիմաց Պուտինը Հայաստանին տալիս է Մոսկվայի պետհամալսարանի մասնաճյուղը եւ մի 2-3 ռուսական գիմնազիաներ: Ես չգիտեմ՝ դա այսօր Հայաստանում առաջին անհրաժեշտության սպառման ապրա՞նք է, մենք հիմա դրա՞ կարիքն ունենք: Չեմ կարծում, որ մենք կրթության կարիք ունենք. այսօր ամբողջ աշխարհը բաց է, ինքը երեւի չգիտի, որ մեր երեխաները ավարտում են միջազգային հեղինակավոր համալսարանները, մենք ամեն տեղ հնարավորություններ ունենք, միայն գումարի հարցն է: Մենք անգրագետ ինչ-որ ցեղ չենք, որ Պուտինը գա, ռուսական գիմնազիաներ բացի… մենք եւ այդ գիմնազիաների տեղը գիտենք, եւ Մոսկվայի համալսարանի, եւ այսօր հենց Մոսկվայի համալսարանում լավագույն ուսանողները նաեւ հայերն են:
Կարդացեք նաև
Ասվեց, որ Պուտինը կես միլիարդ դոլարի չափով գումար կտա ռուսական երկաթգծին: Ե՞րբ է տալու, ի՞նչ ձեւով, ո՞ւր է գնալու այդ գումարը, գուցե ադմինիստրատի՞վ օգտագործման համար է: Այսինքն՝ Պուտինն իր մի գրպանից իր պետական հիմնարկին գումար է տալիս. մեզ ի՞նչ: Երկաթգծի կառավարումը տրված է ՌԴ-ին, եւ հիմա չխոսենք դրա ճիշտ կամ սխալ լինելու մասին. իմ կարծիքով՝ շատ սխալ էր:
Սա՞ է այն հնարավորությունը, որը Հայաստանը պետք է ստանա Սերժ Սարգսյանի այդ ստորացուցիչ պահվածքից:
– Տարբեր քաղաքագետներ կարծիքներ հնչեցրեցին, որ Սարգսյանի հայտարարությունը «վերջը» չէր, եւ որ Հայաստանը պետք է շարունակի ԵՄ-ի հետ ինտեգրացիոն գործընթացները: Կատարվածից հետո Դուք նման հնարավորություն տեսնո՞ւմ եք:
– Ես հասկանում եմ՝ ՌԴ-ն ինչ է, ինչպես է ՌԴ-ն գործում, ինչպես կարող է պատժել, բայց ես նաեւ տեսնում եմ, թե ինչպես է ՌԴ-ն վարվում այն թեկուզ փոքր երկրների հետ, որոնք համարձակ եւ արժանապատիվ ձեւով են խոսում ՌԴ-ի հետ: Օրինակ՝ մեկ տարի առաջ Ադրբեջանը կտրուկ կերպով հրաժարվեց Մաքսային միություն մտնել եւ դադարեցրեց որեւէ գործընթաց Եվրասիական միության շրջանակներում, հայտարարեց այդ մասին: Դրանից հետո ՌԴ-ի քայլերը՝ միանգամից եւ տնտեսական համագործակցություն, էներգակիրների փոխանակման մասին պայմանագրեր, զենքի վաճառք, այն էլ՝ մասսայական ոչնչացման զենքի եւ այլն: Ես հասկանում եմ Հայաստանի եւ Ադրբեջանի հնարավորությունները, բայց Ուկրաինայի տարբերակն էլ վերցնենք. Ուկրաինայի վրա ճնշումը պարզ երեւում է տնտեսական արդյունքներով՝ խախտելով անգամ ԱՀԿ-ի պարտավորությունները: Բայց Ուկրաինան հայտարարեց Եվրասիական միությանն իր դիտորդ լինելու մասին ու հայտարարեց, որ Մաքսային միության հետ կառնչվի այնքանով, որքանով դա չի հակասում իր՝ ԱՀԿ-ի եւ Խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտուն միանալու պարտավորություններին: Այստեղ պարզ երեւում է կոմպլեմենտարությունը: Սերժ Սարգսյանն իր քայլով նույնիսկ այդ փոքրիկ եւ կարճատեւ ճկունությունն էլ կորցրեց:
Այստեղ ես չեմ տեսնում հնարավորություն՝ լրջորեն գնալու եվրաինտեգրման ուղղությամբ: Ամեն դեպքում ես գտնում եմ, որ Սերժ Սարգսյանի արածը կապված էր իրավիճակի եւ իր թուլության հետ: Իրավիճակը փոխվում է, մարդիկ փոխվում են: Մարդը, եթե մեկ գիշերում կարող է իր մտադրությունները փոխել 180 աստիճան, ոչ մի երաշխիք չկա, որ մեկ այլ գիշերվա կամ ցերեկվա ընթացքում Սերժ Սարգսյանը չի փոխի իր մտադրությունը, եւ Հայաստանը կշարունակի իր գործընթացը Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման ուղղությամբ: Ամեն դեպքում ես եւ շատ այլ քաղաքական գործիչներ մեր պարտքն ենք համարում տեղեկացնել հասարակությանը, ինչու ոչ՝ նաեւ իշխանություններին, ներկայացնել այն օգուտները եւ հնարավորությունները, որոնք մեզ կտա եվրոպական ինտեգրացումը:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Զրույցի շարունակությունը՝
վաղվա «Առավոտում»
«Առավոտ» օրաթերթ