Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե դու դառնում ես Մաքսային միության անդամ՝ արդեն սուվերեն չես»

Սեպտեմբեր 05,2013 14:32

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի վերոնշյալ դիրքորոշումն այլեւս ուժի մեջ չէ՞

Սեպտեմբերի 3-ին Սարգսյան-Պուտին բանակցությունների արդյունքում հրապարակված որոշման առիթով, թե Հայաստանը միանալու է Մաքսային միությանը, դեռ կհնչեն հայտարարություններ եւ պարզաբանումներ արեւմտյան փորձագետների կողմից այն մասին, որ Մաքսային միություն մտնելու ցանկություն հայտնած Հայաստանը զրկվեց Ազատ առեւտրի գոտուն միանալու հնարավորությունից, այսինքն՝ ՀՀ-ն պարզապես չի կարող մտնել ԵՄ-ի Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի (ԽՀԱԱԳ):

Տնտեսական առավելությունների հարցը մի կողմ թողնենք, թե ինչից զրկեց իշխանությունը ՀՀ-ին. դա կվերլուծեն անաչառ տնտեսագետները եւ կբացատրեն, թե ԽՀԱԱԳ-ը ինչ օգուտներ կարող էր տալ մեր երկրին ու մեր քաղաքացիներին՝ ի համեմատություն Մաքսային միության: Առավել կարեւորն այն է, որ սեպտեմբերի 3-ի որոշումը ուղղակիորեն կապ ունի ՀՀ ինքնիշխանության հետ, որովհետեւ Պուտինը Մաքսային միության պրոյեկտով այսօրվա ավտորիտար ՌԴ-ի պայմաններում ընդամենը մեկ խնդիր ունի լուծելու՝ նախկին խորհրդային հանրապետությունների ինքնիշխանության վերջին նշույլները ոչնչացնելը՝ միասնական արժույթով ու բանկային համակարգով, եթե, իհարկե, դա երբեւէ իրագործվի:

Այսօր, սակայն, խիստ ուշագրավ է մեկ այլ հանգամանք: ՀՀ իշխանությունները վերջին երկու-երեք տարիներին բացատրել են ԵՄ Ասոցացման համաձայնագրի կարեւորությունը, հավաստիացրել են եվրոպացի գործընկերներին, որ ՀՀ-ն հետեւողականորեն եւ անշեղորեն գնում է դեպի Ասոցացման համաձայնագրի նախաստորագրում։ Հետեւաբար մի պարզ հարց է ծագում՝ ՀՀ նախագահի եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների գնահատականներն ու դիրքորոշումները ընդհանրապես որեւէ նշանակություն եւ ազդեցություն չունեի՞ն…

Վերհիշենք ոչ վաղ անցյալում ՀՀ իշխանությունների հայտարարությունները՝ ըստ ժամանակագրության:

26.05.2010թ. Սերժ Սարգսյանը Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ համատեղ ասուլիսում հայտարարում է. «Ես ողջունեցի ԵՄ-ի կողմից սույն թվականի մայիսի 10-ին Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու մանդատի հաստատումը: Այս համաձայնագիրը որակապես նոր հարթություն է տեղափոխում Հայաստան-ԵՄ հարաբերությունները: Հուսով ենք, որ շուտով կմեկնարկեն բուն բանակցությունները, ուստի լրջորեն նախապատրաստվում ենք բանակցային գործընթացին: Հայաստանն ամենայն պատասխանատվությամբ է աշխատելու նոր փաստաթղթի նախագծի շուրջ»:

29.04.2011թ. Համատեղ հռչակագիր է ընդունվում ՀՀ կառավարության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ՝ Էդվարդ Նալբանդյանի եւ Շտեֆան Ֆյուլեի կողմից, որում, մասնավորապես, ասվում է. «Ողջունում ենք ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի բանակցություններում գրանցված լավ առաջընթացը եւ շեշտում ապագա Ասոցացման համաձայնագրի շրջանակում երկկողմ` Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի հիմնելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը ուղղված` ՀՀ-ի հետագա քայլերի կարեւորությունը»:

04.04.2012թ. վարչապետ Տիգրան Սարգսյանը ռուսաստանյան «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում նշում է,  որ համաշխարհային պրակտիկայում չկա այդպիսի օրինակ, որ ընդհանուր սահմաններ չունեցող երկիրը դառնա Մաքսային միության անդամ: «Դա անիմաստ կլիներ: Մաքսային միության իմաստն այն է, որ ապրանքների փոխանակումը տեղի ունենա առանց մաքսային զննման: Մեր դեպքում դա անհնար է, որովհետեւ մենք պետք է անցնենք հարեւան երկրի տարածքով եւ երկու անգամ հաղթահարենք մաքսազերծումը: Դա անիմաստ է դարձնում մաքսազերծում իրականացնող սուբյեկտների գործընթացի թեթեւացումը: Փոխարենը մենք կստանանք միայն նոր խնդիրներ` կապված մաքսային տուրքերի եւ հարկերի բարձրացման հետ: Տնտեսագիտական տեսանկյունից դա աննպատակահարմար է»,- պարզաբանում է վարչապետը՝ հավելելով, որ ռուս գործընկերները ըմբռնումով են մոտենում այս իրավիճակին:

07.04.2012թ. վարչապետ Տիգրան Սարգսյանը Gazeta.ru կայքին տված հարցազրույցում նկատում է. «Համաշխարհային պրակտիկայում դեռեւս չկան օրինակներ, երբ որեւէ երկիր դառնում է նման դաշինքի անդամ՝ չունենալով ընդհանուր սահման դաշինքի երկրների հետ։ Այդ դեպքում նման դաշինքի առավելությունները բացակայում են, քանի որ արտադրողները ապրանքի արտահանման կամ ներկրման ժամանակ ստիպված են մաքսազերծում անցնել երրորդ երկրի տարածքում։ Արդյունքում առավելությունները դառնում են խնդիրներ. ապրանքի ազատ շարժից օգտվել դուք չեք կարող, սակայն պարտավոր եք մաքսային սակագները համաձայնեցնել դաշինքի այլ անդամների հետ։ Այս իսկ պատճառով մենք առաջարկեցինք ռուսաստանյան գործընկերներին մշակել այլ հիմք Հայաստանի եւ Եվրասիական մաքսային դաշինքի փոխհարաբերությունների համար՝ Հայաստանին հատուկ կարգավիճակ վերապահելով»։ Ապա պատասխանելով հարցին, թե՝ միեւնույն ժամանակ դուք խոսում եք ԵՄ-ի հետ ինտեգրվելու մասին, այս երկու գործընթացները չե՞ն հակասում իրար, վարչապետը պատասխանում է. «Վստահ ենք, որ ոչ։ Չնայած Մաքսային դաշինքը ստեղծելուն՝ ՌԴ-ն շարունակում էր աշխատանքը Համաշխարհային առեւտրային կազմակերպությանն իր անդամակցության նպատակով` այս երկու գործընթացները դիտարկելով ոչ թե որպես իրարամերժ, այլ իրար լրացնող։ Մեր մոտեցումը նույնն է` Հայաստանը շահագրգռված է իր շուկաների ընդլայնմամբ»։

04.07.2012թ. Սերժ Սարգսյանը Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյի հետ հանդիպմանը հայտարարում է. «Մենք նախատեսում ենք մոտ ապագայում ավարտին հասցնել Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունները եւ սեղմ ժամկետներում ավարտել նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու բանակցությունները»:

17.10.2012թ. Սերժ Սարգսյանը ԵԺԿ համագումարի ելույթում նշում է. «Ուրախ եմ ընդգծելու, որ հատկապես Արեւելյան գործընկերության մեկնարկից հետո Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը զարգանում է վերընթաց ուղիով՝ որակական եւ բովանդակային լուրջ առաջընթաց արձանագրելով համագործակցության բոլոր բնագավառներում: Հայաստանն այսօր Արեւելյան գործընկերության առաջատարներից է ե՛ւ Ասոցացման բանակցությունների, ե՛ւ նախաձեռնված լայնածավալ բարեփոխումների առումով: Մենք ողջունում ենք այս գագաթնաժողովի հռչակագիրը Միասնական շուկայի վերաբերյալ: Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրն ապագայում Հայաստանին նույնպես թույլ կտա օգտվելու Միասնական շուկայի հնարավորություններից»:

30.04.2013թ. «Առավոտ»-ին տված բացառիկ հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը՝ նշելով, որ Ասոցացման պայմանագիրը դառնում է նոր հանգրվան, նոր հիմք, որտեղ բարեփոխումները իրենց տրամաբանությունը շարունակում են նոր ընթացքի մեջ, հավելում է. «Ասոցացման պայմանագիրը իսկապես բավական յուրահատուկ է, որովհետեւ դա զուտ կողմերի միջեւ համագործակցության մասին չէ, այլ դրանով Հայաստանը իր վրա վերցնում է պարտավորություն՝ տարբեր ոլորտներում ներդնելու համապատասխան ԵՄ օրենսդրությունն ու պրակտիկան: Ինչո՞վ է դա անդրադառնալու մարդկանց կյանքի վրա: Բուն համաձայնագրի տեքստից զատ՝ մենք բանակցել ենք նաեւ ԵՄ հարյուրավոր օրենսդրական ակտերի (դիրեկտիվների եւ կանոնակարգերի) կիրառման ժամկետների շուրջ, այսինքն՝ այս կամ այն օրենսդրության համար որքան ժամանակահատված է պետք, որպեսզի այն ներմուծվի մեր համակարգ, ընդունվի եւ կիրառվի, որովհետեւ կան այնպիսիք, որոնք պահանջում են ինստիտուցիոնալ զարգացում եւ համապատասխանաբար ֆինանսական միջոցների ներդրում: ԵՄ-ն իր հերթին պատրաստակամություն է հայտնում առկա ֆինանսական աջակցության գործիքներով նպաստել ՀՀ կողմից համաձայնագրի դրույթների իրականացմանը: Այդ հարյուրավոր ընթացակարգերը վերաբերելու են շատ առօրյա հարցերի, օրինակ՝ տուրիզմի բնագավառում ճամփորդական փաթեթներին, սննդի բնագավառում՝ դրա անվտանգությանը, տրանսպորտի բնագավառում՝ ճանապարհների կառուցմանն ու մեքենաների արագությունների ստանդարտներին եւ այլն, եւ այլն: Սա է Ասոցացման պայմանագրի էությունը, դա իր հետ բերելու է կոնկրետ կիրառում մարդկանց առօրյայում»: Այնուհետեւ Զ. Մնացականյանը հայտնում է. «Այժմ մենք խորհրդակցում ենք երկու կարեւորագույն խնդիրների շուրջ, որոնցից մեկը Ասոցացման համաձայնագրի իրականացումն է: Օրինակ՝ սննդի անվտանգության համար համապատասխան լաբորատորիաներ են պետք՝ արդեն նոր ստանդարտներով, որոնք ԵՄ-ի կողմից ճանաչվեն, ինչի արդյունքում մեր որեւէ ապրանք կարող է մտնել ԵՄ-ի շուկա առանց լրացուցիչ ծանր ընթացակարգերի, որոնք մենք հիմա անցնում ենք՝ ապացուցելու, որ այս կամ այն ապրանքը ԵՄ-ի ստանդարտներին համապատասխան է: Նոր լաբորատորիայի տրամադրած երաշխիքն արդեն իսկ ճանաչվելու է, եւ տնտեսվարողը մտնելու է ԵՄ ներքին շուկա առանց խոչընդոտների»:

25.06.2013թ. Սերժ Սարգսյանը Հայ-լեհական գործարար համաժողովում շեշտում է. «Այս համատեքստում տեղին է անդրադառնալ ԵՄ-ի հետ կնքվելիք Ասոցացման համաձայնագրին եւ դրա մաս կազմող Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրին: Այն որակապես նոր եւ առավել ընդգրկուն հիմքերի վրա կդնի ԵՄ անդամ պետությունների, այդ թվում նաեւ Լեհաստանի հետ մեր երկրի համագործակցությունը»: Նույն օրը Լեհաստանի նախագահի հետ համատեղ ասուլիսում Ս. Սարգսյանն ասում է. «Եվրոպայի հետ մեր վարած բանակցությունների առանցքն է շուկաների փոխադարձ հասանելիությունը, մարդկանց տեղաշարժի ազատությունը, բայց միեւնույն ժամանակ Հայաստանի սահմանը ԵՄ մաքսային միության հետ մնում է փակի տակ: Մենք ակնկալում ենք դրա անընդունելիության լիարժեք եւ հստակ գնահատական»:

05.08.2013թ. Commonspace.eu-ին տված հարցազրույցում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը փաստում է, որ ՌԴ-ն ցանկանում է, որ Մաքսային միությանն ավելի շատ երկրներ միանան, «նրա համար կարեւոր է, որպեսզի Ուկրաինան եւ Հայաստանը գոնե հայտարարեն, որ ցանկանում են այդ միության մաս կազմել», սակայն, ըստ փոխնախարարի, խնդիրն այն է, որ «Մաքսային միությունը խոչընդոտ է Ասոցացման պայմանագրի ստորագրմանը»։

21.08.2013թ. Armnews հ/ը-ին տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի դիրքորոշումն ավելի խիստ է. «Պատահական չէ, որ ես պնդում եմ, որ չկա որեւէ նախադեպ, որ պետությունը չունենալով ընդհանուր սահման՝ լինի Մաքսային միության անդամ: Կան էական այլ հարցադրումներ: Մենք ունենք ազատ առեւտրի ռեժիմի պայմանագիր Վրաստանի հետ։ Եթե դու դառնում ես Մաքսային միության անդամ՝ արդեն դու սուվերեն չես: Արդեն այդ պայմանագիրը Վրաստանը պետք է ունենա այլ՝ Մաքսային միության վերազգային մարմնի հետ, ուրեմն դու կանգնում ես վտանգի առջեւ, որ կորցնում ես դա։ Իսկ չէ՞ որ դա մեր պատուհանն է դեպի արտաքին աշխարհ»:

Ինչպես ասում են՝ no comment:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30