Գագիկ Մակարյանի կարծիքով՝ ԵՄ-ն Հայաստանի վրա հսկայական ծախսեր է արել, հո «ջուրը չի՞ գցի»
Թեեւ նախօրեին ՀՀ նախագահը Մոսկվայում հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը, սակայն Եվրամիության հետ Ասոցացման hամաձայնագրի նախաստորագրումը տեղի կունենա: «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Մաքսային միությանը միանալու հայտարարությանը հաջորդեց ԵՄ պաշտոնյաների արձագանքը: Մասնավորապես, Եվրամիությունում նախագահող երկրի՝ Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկեւիչուսը հայտարարել է. «Անդամակցելով Ռուսաստանի առաջարկած Մաքսային միությանը՝ Հայաստանը կորցրեց իր հնարավորությունը՝ միանալու Եվրամիության ազատ առեւտրի գոտուն: Մենք հարգում ենք պետությունների կողմից ընդունված ցանկացած որոշում, բայց նրանք չեն կարող միաժամանակ մտնել երկու կառույցներ, քանի որ դրանք միմյանցից տարբերվող մաքսային պահանջներ ունեն»:
«Այս հայտարարությունները ադեկվատ են իրավիճակին, որովհետեւ չէին կարող ասել՝ ողջունում ենք, ոչինչ, որ Մաքսային միություն եք գնում, որոշակի ազդեցություն պահելու համար պիտի իրենց դժգոհությունն արտահայտեին, եւ նաեւ մի քիչ էլ խիստ հայտարարություն անեին, որպեսզի որոշակի շրջանակի մեջ փորձեն պահել մեզ»,- ԵՄ, այսպես ասած, մուտքի դռները մեր առջեւ փակվելու՝ Եվրամիության պաշտոնյաների հայտարարության մասին ասաց Գագիկ Մակարյանը՝ նկատելով. «Այդ հայտարարությունները որոշակի զսպողական նշանակություն ունեն, ես կարծում եմ՝ բոլոր դեպքերում մենք ստորագրելու ենք Ասոցացման համաձայնագիրը, որովհետեւ նրանք չէին կարող լռել, չէին էլ կարող գովել: Ելնելով իրենց խնդիրներից եւ հաշվի առնելով իրենց օգնությունն ու արդեն կատարած ծախսերը՝ ստորագրումը տեղի կունենա»:
Պարոն Մակարյանը գտնում է, որ տվյալ պարագայում Մաքսային միություն մտնելու մասին հայտարարությամբ երկրի պետական անվտանգությունն է դրվել առաջին պլանում. «Ըստ էության, դա ներկա իրավիճակն է թելադրում՝ տարածաշրջանում պատերազմը, Սիրիայի դիրքերի թուլացումը եւ Ռուսաստանի նահանջը: Հայաստանը եթե Եվրոպա գնար, չհարեր Մաքսային միությանը, կարծում եմ՝ երկրի նախագահը նման հայտարարություն անելով, երեւի փորձել է մեղմել մեզ համար որոշակի ռիսկեր: Սահմանադրությամբ նախագահը պետական անվտանգության երաշխավորն է, դրա համար այս կոնտեքստում եթե երաշխիք չկա, ոչ մի տնտեսական լուրջ ծրագրերի մասին խոսելն իմաստ չունի: Դրա համար նման հայտարարություն արեց, նշեց նաեւ մինչեւ 2020 թվականը տնտեսական համագործակության ծրագրերի մասին, էներգակիրների եւ այլնի մասին»:
Կարդացեք նաև
«Առավոտի» այն հարցին, թե Հայաստանը ի՞նչ տնտեսական օգուտ կարող է ստանալ Մաքսային միությանը միանալով, պարոն Մակարյանն ասաց, որ դա մեծապես կախված է Հայաստանի քայլերից:
«Մենք պետք է օգտվենք ստանդարտների միասնական համակարգից, գոստերի համակարգը նույնն է ԱՊՀ երկրներում, եւ շատ ռուսական, ուկրաինական եւ ԱՊՀ այլ երկրների ստանդարտներ Հայաստանում էլ են ընդունված, հետեւաբար գոստերի միասնականությունից օգտվելը մեր առաջնային խնդիրը պետք է լինի, ինչը նշանակում է նմանատիպ որակով ու պարամետրերով ապրանքների փոխանակում: Այստեղ տեղին կլինի, որպեսզի մեր դիրքերն ամրապնդվեն՝ միջկառավարական հանձնաժողով հրավիրվի, Հայաստանը քվոտաներ ձեռք բերի առեւտրային առումով: Այսինքն՝ Ռուսաստանը ներկրում է տարբեր երկրներից, ԱՊՀ-ից էլ, ինքը քվոտավորի, որոշակի քանակ սահմանվի, որ այսքան տոկոսը ծածկի Հայաստանը, ոչ թե թողնել շուկայական հարաբերությունների վրա: Այսինքն՝ այսքան միլիոն լիտր կոնյակ, ջուր կամ գինի, պահածոներ եւ այլն, որ ներմուծում է Ռուսաստանը, որոշակի քանակներ տրվի Հայաստանին, որպեսզի Հայաստանը մատակարարի: Սա պետք է արագ արվի, հակառակ դեպքում մենք դժվարություններ կունենանք»,- ասաց պարոն Մակարյանը:
Տնտեսագետի ներկայացմամբ՝ ԱՊՀ երկրների բիզնեսում տեխնոլոգիաներն ու նորույթները համարյա նույն մակարդակի վրա են. մասնագետն ուսումնասիրելով Ղազախստանի տնտեսությունը՝ նկատել է, որ նավթի, գազի, ռադիոակտիվ նյութերի արտադրությունն ու արտահանումը հանած, իրական տնտեսությունը մոտ 2.5 միլիարդ դոլարի սահմանում է, իսկ սա նույնն է, ինչ Հայաստանը կամ ԱՊՀ այլ երկրներ. «Այսինքն՝ իրական տնտեսության մասերը պետք է ճիշտ գնահատել: Պիտի փորձենք միասնական այս հողի վրա օգտակար առեւտրային հարաբերություն ունենալ: ԱՊՀ երկրները հնացած տեխնոլոգիաներով, թույլ տեմպերով զարգացող երկրներ են, եւ Հայաստանը, եթե իր տնտեսության արդիականացումը արագ չլուծի, ապա միասնական այդ ընտանիքում, որ գոստեր ունի, արդեն իրենք կփորձեն համակերեպվել այդ իրավիճակում. սա խրախուսելի չէ»:
Մաքսային միությանը միանալով՝ Հայաստանի շահավետ քայլերից պետք է լինի այն, որ պետությունների միջեւ ցանկեր դրվեն, եւ ինչպես պարոն Մակարյանն ասաց՝ այդ ցանկերի հիման վրա հասկանանք՝ օրինակ, մինչեւ 2020 թվականը մենք ինչպիսի պրոգրեսով ենք գնալու Ռուսաստանի հետ: Այս զարգացման դինամիկան, ըստ Գագիկ Մակարյանի, հնարավորություն կտա գնահատելու Հայաստանի շահը՝ Եվրոպայի կամ ԱՊՀ երկրների հետ Մաքսային միություն գնալու ճանապարհին. «Դեռ երկար գործընթաց կա, ասենք՝ որ ապրանքները պետք է այդ երկրներում շրջանառվեն, որոնք չեն մաքսվելու, պետք է հասկանանք՝ ո՞ր ապրանքներն ունենք ու որո՞նք շահավետ կլինեն շրջանառության մեջ դնելու: Պետք է խելամիտ լինենք, որպեսզի ոչ թե երկրորդական ու փոքր ծավալների ապրանքներով լցնենք մեր ցանկերը, այլ այնպիսի ապրանքներ լինեն, որ էֆեկտ տան մեր տնտեսությանը: Օրինակ՝ եթե ջուրը դնենք, դա մեզ օգուտ չի բերի, բայց կոնյակների մեծ քանակությունը կբերի էական ազդեցություն, նույնը՝ պահածոների, գինիների եւ այլ կարեւոր ապրանքների մասով: Ցանկը ճիշտ պետք է կազմել, չպիտի թողնենք, որ ռուսները կամ այլ երկրներ որոշեն, թե ինչ դնենք ցանկում»:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ Մոսկվայում արած հայտարարությանը՝ պարոն Մակարյանն ասաց, որ կարեւոր է ճիշտ մեկնաբանել նախագահի խոսքը. «Նա ասաց, որ մեր երկիրն ավելի մրցունակ է դարձել, որովհետեւ ԵՄ շատ ստանդարտներ ենք կիրառել, այսինքն՝ Հայաստանը միանալով այդ միությանը, նախագահն անուղղակի ուզեց ցույց տալ, որ Ռուսաստանը քանի դեռ Արեւելյան գործընկերության մեջ չի, Ղազախստանն էլ չկա, Բելառուսն էլ անհարմար իրավիճակում է, որովհետեւ Եվրամիությունը նրանց հետ ակտիվ աշխատանք չի տանում, այս առումով Հայաստանն ավելի մրցունակ է: Այսինքն՝ Հայաստանը Եվրոպայի ստանդարտներին ավելի մոտ է: Ես կարծում եմ, որ այս հայտարարութունը մենք չպիտի մեկնաբանենք այնպես, որ մենք եվրոպական մասը մոռացանք: Կարծում եմ՝ մեր ղեկավարությունը ճկուն կլինի, ու այդ նախաստորագրումը կլինի, եվրոպական ընտանիքում կարող ենք ավելի լավ, խաղաղ ու ապահովված ապրել: Այս հայտարարությունը ռազմականացված աշխարհաքաղաքական իրավիճակում, որոշակի ժամանակահատվածում գուցեեւ ավելի նպատակահարմար է: Բայց նոյեմբերին կստորագրենք Ասոցացման համաձայնագիրը, նախագահը չժխտեց դա: Կարծում եմ՝ Եվրոպան էլ ճիշտ կհասկանա, ինքն էլ է հետաքրքրված Հայաստանի հետ պարտնյորությունը շարունակելով»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
Հ. Գ. Նյութն արդեն պատրաստ էր տպագրության, երբ Եվրոպական Հանձնաժողովը հրապարակեց հայտարարություն, որտեղ համատեղելի է որակել ԵՄ հետ ազատ առեւտրի գոտւմ ներգրավելն ու ԱՊՀ շրջանակներում տնտեսական համագործակցությունը:
«Առավոտ» օրաթերթ