Ինչպես արդեն գիտենք` սեպտեմբերի 3-ին Մոսկվայում կայացած Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտին հանդիպմանը հաջորդող պաշտոնական հայտարարությունում ասվել է. «Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Ա. Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու մասին, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու վերաբերյալ»: Այս ամենը քննարկումների և բողոքի ակցիաների պատճառ է դարձել հատկապես երիտասարդների շրջանում, որոնց մեծ մասը դեմ է Մաքսային միությանն անդամակցելու Սերժ Սարգսյանի մտադրությանը:
«Հայաստանի նման փոքր պետության համար Եվրոպական միությանը միանալը ոչ մի նշանակալից հեռանկար չկա, հատկապես, երբ Հայաստանը կանգնած է մի շարք քաղաքական ու տնտեսական խնդիրների առջև: Եթե նույնիսկ կբացվեին մի շարք տնտեսական հեռանկարներ Եվրոմիությանը միանալու հետ կապված, Հայաստանը քաղաքական առումով շատ բան չէր շահի, – ասում է Լալա Արծրունին ու մեջբերում հայտնի ծոսքը՝ «Մի ձեռքով 2 ձմերուկ չես բռնի»:
Դանիել Իոանիսյանն էլ կարծում է` նման մտածելակերպը բերում է ինքնիշխանության սղաճին:
«Թող չմիանա, թող անկախ լինի, ոչ թե Պուտինի լծի տակ», – ասում է Իսկուհի Բաբայանը:
Կարդացեք նաև
«Հայաստանը միշտ էլ ենթարկվել է Պուտինին, – ասում է Լուսինե Մամիկոնյանը, – ճիշտ է, այդ ամենը բացահայտ չի եղել, բայց մենք բոլորս էլ գիտենք, որ Սերժը գլուխը կախում է Պուտինի մոտ, և դա ամենացավալին է հայերիս համար»:
Օրերս բացվել է նաև «Դեմ ենք Ռուսաստանի հետ մաքսային միությանը» անունով ֆեյսբուքյան էջ, որն արդեն հասցրել է հավաքել 2,940-ից ավելի Like:
Պայքարի մասնակիցներն այնտեղ նաև հայտարարություն են տարածել: Մեջբերում եմ դրանից մի հատված. «Մաքսային միություն մտնողները զրկվում են ազատ առևտրի այլ գոտիների միանալու հնարավորության վերաբերյալ ինքնուրույն որոշում կայացնելուց: Այսինքն` մտնելով Մաքսային միություն, մենք չենք կարողանա Եվրամիության Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն (ենթադրում է զրոյական մաքսատուրքերով առևտուր ԵՄ երկրների հետ և եվրոպական չափանիշների ներդրում ամբողջ տնտեսությունում) միանալու վերաբերյալ ինքնուրույն որոշում կայացնել, քանի որ ԵՄ-ն մեզ վերաբերող հարցով, բնականաբար, չի բանակցելու ռուսների հետ: Այս և Մաքսային միություն չմտնելու այլ հիմնավորումներ օգոստոսի կեսերին ներկայացրել է նաև Հայաստանի արտգործնախարարությունը` ի դեմս փոխարտգորնախարար Շավարշ Քոչարյանի…»:
Տիգրանուհի Թասլակյան