Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտակետում քնած Կոստանյանի քիթը կոտրվել էր

Սեպտեմբեր 05,2013 14:03

Զինվորական կայազորի դատախազը պնդում է պատժաչափը

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դ. Գրիգորյանի դատավճռով 1991թ. ծնված, ժամկետային զինծառայող   Ռաֆայել Ղազարյանի պատիժը պայմանականորեն չկիրառվեց: Սերժանտը կալանքի տակ էր 2012թ. հոկտեմբերի մեկից:

Դարձյալ, ինչպես բազմիցս նշել ենք, զինվորական այս գործն էլ ընթացել էր արագացված ընթացակարգով, զինծառայողն իրեն լիովին մեղավոր էր ճանաչել:

Ըստ մեր աղբյուրի, ՀՀ ՊՆ 2-րդ կայազորային քննչական բաժնի կողմից հարուցվել էր թիվ 91257511 քրեական գործը՝ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Ռաֆայել Ղազարյանի դեմ: Նա թիվ 129 մարտական դիրքում նշանակվել էր դիրքի ավագ, այսինքն, հանդիսանալով պետ, «իր լիազորությունների սահմանը անցնելու, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով»,  2011թ. դեկտեմբերի 15-ին, ժամը 11-ի սահմաններում, դիտակետում քնելու համար համածառայող, շարքային Ռուդիկ Կոստանյանին ձեռքով հարվածել էր, քիթը կոտրել:

Ըստ դատաբժշկական փորձագետների, զինվորին պատճառվել էր թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով:

Ռաֆայել Ղազարյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ եւ դատապարտվել էր 2 տարի ժամկետով ազատազրկման:

Դատարանն առաջնորդվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով, վճռել էր պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով:

Ռաֆայել Ղազարյանի  վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դրվել էր ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի վրա:

Գործով քաղհայց չի հարուցվել, իրեղեն ապացույցներ չկան:

Տեղեկացնենք, որ Ռ. Ղազարյանի նկատմամբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012թ. մայիսի 4-ի որոշմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով:

Դատարանը խափանման միջոցի հարցը կրկին քննության է առել,  եւ այս տարվա մարտի 2-ի  որոշմամբ էլ Ռ. Ղազարյանի նկատմամբ 2 ամիս ժամկետով կիրառված խափանման միջոց կալանքը վերահաստատվել է:

Արագացված դատաքննության ժամանակ Ռաֆայել Ղազարյանը առաջադրված մեղադրանքի հետ համաձայն է եղել:

Տուժողը՝ Ռուդիկ Կոստանյանը, չէր  առարկել արագացված կարգով դատաքննություն կիրառելու դեմ, ավելին՝ դատարանում հայտնել էր, թե ամբաստանյալից բողոք-պահանջ չունի:

Դատարանն ապացուցված է համարել, որ ամբաստանյալ Ռաֆայել Ղազարյանի կողմից, նրա մեղավորությամբ, պետի կողմից պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը կատարվել է շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, որ պատճառվել է էական վնաս, ապացուցված է համարել, որ նրան զինվորական կայազորի կողմից առաջադրված  արարքը ճիշտ է որակված եւ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին, որով էլ նա ենթակա է պատասխանատվության եւ պատժի:

Դատարանն առաջնորդվել է ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով, որի համաձայն՝ պատիժ նշանակելիս, պատժաչափը որոշելիս դատարանը հաշվի է առնում արարքի բնույթն ու հանրության համար դրա վտանգավորության աստիճանը, ամբաստանյալի անձը, նրա պատասխանատվությունը, պատիժը մեղմացնող, ծանրացնող հանգամանքները, գործի ողջ նյութերը, իսկ հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակվում է, եթե նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները:

Ըստ դատարանի, հաշվի առնվեց այն, որ Ռաֆայել Ղազարյանը կատարել է միջին ծանրության հանցանք, որի համար նախատեսված ազատազրկման ձեւով պատժի առավելագույն ժամկետը հինգ տարի է, նախկինում դատված չէ, բնութագրվում է դրական՝ իրեն դրսեւորել է որպես բանիմաց, բարեխիղճ, ազնիվ, պատասխանատու զինծառայող, վերադաս հրամանատարների հրամանները կատարել է  ճիշտ եւ ժամանակին, ֆիզիկապես առողջ է, բարոյապես կայուն, ունի պատասխանատվության բարձր զգացում: Ռ. Ղազարյանը երիտասարդ է, զղջում է կատարածի համար:

Պատիժը մեղմացնող հանգամանք է դիտվել նրա անկեղծորեն զղջալը:

Ամբաստանյալ Ռաֆայել Սոսի Ղազարյանի պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանքներ, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասով, չկան:

Ուշադրության արժանի էր այն, որ սերժանտը ծառայության ժամկետը լրանալու կապակցությամբ  զորացրվել էր պահեստազոր. «նրա կատարած հանցագործության հանրորեն վտանգավորության աստիճանը նվազել էր»:  Դատարանը հնարավոր էր համարել ազատազրկման ձեւով պատիժը պայմանականորեն չկիրառելը:

«Նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը պետք է հանգամանորեն քննության առնի ինչպես հանցագործության կատարման, այնպես էլ հանցավորի անձին վերաբերող բոլոր հանգամանքները: Կարեւորն այն է, որ հանգի հիմնավոր եզրակացության, որ դատապարտյալի ուղղումը հնարավոր է՝ առանց նշանակված պատիժը կրելու: ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ՝ 2008թ. փետրվարի 1-ի թիվ ՎԲ-01/08 որոշմամբ նշել է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելու իրավական հիմքերը բացահայտելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածում սահմանված իրավադրույթներն անհրաժեշտ է մեկնաբանել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված պատժի նպատակների համատեքստում, այսինքն՝ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում կայացնելիս իրավասու դատարանը յուրաքանչյուր դեպքում պետք է քննարկի նաեւ պատժի՝ սոցիալական արդարության վերականգնման եւ պատժի ենթարկված անձի ուղղվելու նպատակների իրացման հարցը»,- իր դատավճռի պատճառաբանական մասում արձանագրել էր առաջին ատյանի դատարանը:

Ի դեպ, ամբաստանյալ Ռաֆայել Ղազարյանը կատարած արարքի համար կալանքի տակ է եղել 8 ամիս 3 օր ժամկետով, եւ նա անհապաղ ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից:

Գործով քաղաքացիական հայց չի հարուցվել, իրեղեն ապացույցներ չեն եղել:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30