Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խառնիխուռն ամբոխից կազմված մի հասարակություն ենք»

Սեպտեմբեր 05,2013 13:55

Երիտասարդ արձակագրի մտահոգությունները

Մասնագիտությամբ պատմաբան, երիտասարդ արձակագիր Արթուր Միկոյանի անունը վերջին շրջանում հաճախ է հոլովվում գրական միջավայրում: Նրա ստեղծագործություններից հատկապես հանրաճանաչ են «Լուռ հոգիներ», «Երազների քրոնիկոն», «Անմարդաբնակ տափաստան», «Ես մեղավոր եմ», «Աղքատների խրախճանքը», «Ավելորդ  բեռ» եւ այլ պատմվածքներ: Դրանք առայժմ տպագրվել են «Գրական թերթ», «Գրեթերթ», «Կայարան» եւ այլ պարբերականներում: «Առավոտի» հետ զրույցում երիտասարդ արվեստագետն ասաց, թե չի շտապում ժողովածու հրատարակել, նշելով, թե առանց դրա էլ ինքն արդեն ունի համախոհների ու ընթերցողների շրջանակ, հաճախ էլ իր գործերի մասին անկեղծ կարծիքներ է լսում մասնագետներից: Միայն ափսոսում է, որ գրական ոլորտում պարզապես անգործության են մատնված գրաքննադատները: Իսկ եթե երբեմն էլ նրանք «արթնանում» են, ապա գրաքննությունը  վերածվում է զազրախոսության ու չարախոսության: «Նույնիսկ ժամանակին Շեքսպիրին են քննադատել, դրանց թվում է արգենտինացի աշխարհահռչակ գրող, գրաքննադատ Խորխե Լուիս Բորխեսը եւ նրա գրաքննությունն այնքան հիմնավորված է եղել, որ ի պատասխան՝ ոչ մի խոսք կամ հերքում չի եղել: Հենց այդ պատճառով էլ անվանի այդ արվեստագետին չի տրվել Նոբելյան մրցանակ, թեեւ ասվում է, որ եթե ողջ համաշխարհային մշակույթը մի հրաշքով վերանա, ապա Բորխեսի ստեղծագործությունները բավական են, որպեսզի դրանցով պատկերացում կազմենք համաշխարհային մշակույթի մասին»,- ասաց Արթուրը:

Հետաքրքրությանը, թե ի՞նչն է պատճառ հանդիսացել, որ նա պատմությունից անցում է կատարել գրականություն, մեր զրուցակիցը նշեց, թե  պատմաբանի մասնագիտությունը օգնում է իրեն, հետո էլ հայտնեց, թե գրողական դաշտ մտնելու առիթը ժամանակին ծանր դեպրեսիան էր. «Չէի կարողանում որեւէ մեկի հետ կիսվել, փորձեցի ներաշխարհս, հոգեվիճակս թղթին հանձնել: Կարծում եմ՝ այդ դեպրեսիա կոչվածը, իմ դեպքում, անխուսափելի էր: Որովհետեւ յուրաքանչյուր զգացմունքային մարդ, տեսնելով ու ապրելով այն իրականությունը, որում մենք հայտնվել ենք, հեշտությամբ կարող է հայտնվել այդ վիճակում»:

Համաձայնելով, որ իր որոշ ստեղծագործություններում առկա են քաղաքական շեշտադրումներ, Արթուրը օրինակ բերեց իր «Աղքատների խրախճանքը» երկի հերոսին. «Հերոսս գերհոգնած է, նա  չինովնիկ-աճպարարների շնորհիվ հայտնվել է հոգեկան լաբիրինթոսում, ինչի  հետեւանքով զարգացել ու խորացել են նրա կենդանական ինքնապաշտպանական բնազդները… Ներկայիս հայաստանյան  միջավայրում, որտեղ ամեն մարդ, ավելի ճիշտ՝ պաշտոնյա, ինքն իրեն է քաշում ամեն ինչ: Կորել է կարեկցանքը, օգնությունը ու մարդկային նման  դրսեւորումները: Մինչդեռ կարելի է միավորվել մեկ գաղափարի ու նպատակի շուրջ եւ հասնել դրա իրականացմանը: Հերոսս ի վերջո հոգնում է այս մթնոլորտից, ընկերանում մի քոսոտ շան հետ ու բարձրաձայնում՝ չէ, ես պետք է երջանիկ լինեմ. շների աստվածը միշտ պահապան կլինի իմ կյանքին, այսօրվանից պետք է պաշտեմ միայն նրան՝ ամենակարող աստծուն՝ Աֆոլաբին… Կյանքը չի արձագանքի իմ հույզերին ու զգացմունքներին, մարդիկ՝ նույնպես: Կապրեմ շների աստծո հովանու ներքո՝ իմ բարեկամ շան ընկերակցությամբ»:

Գրողը մի կտոր էլ մեջբերեց իր «Անմարդաբնակ տափաստան»-ից. «Ինձ համառորեն խեղդում է տան առօրյան եւ որոշում եմ դուրս պրծնել իմ բանտախցից: Սակայն քաղաքի փոխարեն հայտնվում եմ մի անմարդաբնակ տափաստանում, ուր նույնիսկ ավազ, օազիս եւ կենդանիներ չկան: Պարզ է՝ այստեղ երեւի ցանկանում են բացել համամարդկային տառապանքների եւ տանջամահության առաջին էլիտար կենտրոնը: Մարդկային կերպարանքները մեկընդմեջ հայտնվում են այդ տափաստանում՝ նման տանջահարված, խեղաթյուրված հոգիների, որ չեն էլ հասկանում, թե ինչ են ուզում՝ այնքան են խճճվել դժոխային լաբիրինթոսում: Այստեղ ամենամաքուր արժեքները, որ մնացել են, խամրում են մարդկային անսահման գիտակցության նորանոր այլասերությունների անթիվ դրսեւորումներից: Սակայն մարդկային այդ կերպարանքները եւս շուտով անհետանում են՝ ինձ թողնելով ականատես լինելու գլխավոր իրարանցման»:

Իսկ «թունելի վերջում» լույս չի՞ տեսնում, արձակագիրը պատասխանեց. «Միշտ վստահում ենք օտարին եւ ոչ թե մեկս մյուսին: Դա գալիս է նրանից, որ հայերս ի սկզբանե միմյանց չենք սիրել, արժեւորել, ինչը դարձել է մեր անհաջողությունների եւ դժբախտությունների հիմնական պատճառը: Ազգի ներսում այդ չարորակ ուռուցքը մինչեւ հիմա չենք կարողացել վիրահատել, իսկ դրա առաջացման հիմնական պատճառներն են եղել շահամոլությունը, էգոիզմը, դավաճանությունը… Հասկանալի է, որ հզոր պետության կառուցման ճանապարհին պետք է վարել ներքին եւ արտաքին ճիշտ քաղաքականություն: Իհարկե, այդ ամենն անհրաժեշտ է, սակայն դա պետություն կառուցելու միակ միջոցը չէ: Այսօր մեր հասարակությունը կանգնած է ասիմիլացման ճանապարհին: Գրեթե կորցրել ենք մեր իրական դիմագիծը, դարձել խառնիխուռն ամբոխից կազմված մի հասարակություն»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30