Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրեյ Բաբայանի «Արծվաբերդ»-ը` մշակութային եւ քաղաքական իրողություն

Սեպտեմբեր 05,2013 13:45

Սեպտեմբերի 1-ին Շուշիում բեմադրվեց վաղամեռիկ հայ կոմպոզիտոր, ծնունդով արցախցի Անդրեյ Բաբայանի (Բաբաեւ) «Արծվաբերդ» օպերան` ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ` ըստ էության դառնալով Արցախի առաջին օպերան: Մշակութային երեւույթ լինելուց զատ՝ սա իրապես քաղաքական երեւույթ կարելի է համարել: Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ հարեւան ադրբեջանցիները Բաբայան-Բաբաեւին ներկայացնելով իբրեւ «բաքվեցի կոմպոզիտոր», սովորույթի համաձայն՝ փորձել են յուրացնել այն, ինչն իրենցը չէ:

«Արծվաբերդ»-ի պրեմիերան դասականության բացառիկ նմուշ` Շուշիի ռեալական ուսումնարանի բացօթյա տարածքում էր, ուր հազարավոր մարդիկ ականատեսը եւ վկան եղան իսկական մշակութային հրավառության:

«Արծվաբերդ»-ի բեմադրող ռեժիսոր, Մնջախաղի պետական թատրոնի գեղղեկավար Ժիրայր Դադասյանի խոսքով՝ լիբրետոյի վրա աշխատելու ընթացքում ստեղծագործական ողջ թիմը համակարծիք էր` առաջին եւ գլխավոր խնդիրը տրեխային, գեղջկական հոգեբանության, ազգագրական մոտեցման բացառումն էր:

– Ամեն ինչ սկսվեց նրանից, որ նախագծի գեղարվեստական ղեկավար Սարինա Ավթանդիլյանն այս տարվա ապրիլին ինձ առաջարկեց աշխատել օպերայի վրա իբրեւ բեմադրող ռեժիսոր: Միայն այն հանգամանքը, որ այն պիտի լիներ Շուշիում, արդեն իսկ կարեւոր գործոն էր: Անմիջապես սկսեցինք աշխատել: Ի դեպ, օպերայի բեմադրության իմ առաջին փորձն էր սա: Ընդհանրապես, այն կարծիքին եմ, որ բեմադրիչը պիտի միագիծ չլինի եւ ամեն երեւույթ, որ ենթակա է բեմադրման, պիտի կարողանա բեմադրել: Առաջարկն օգտագործելով՝ զարմանալի, հետաքրքիր բացահայտումներ արեցի ինձ համար: Երբ առաջին անգամ լսեցի օպերան, երկակի զգացողություն ունեցա` առաջարկելով մշակել այնպիսի կոնցեպտ, որը դուրս կլինի, այսպես ասած, ազգայինի մասին համընդհանուր պատկերացումներից: Առաջին եւ գլխավոր խնդիրը տրեխային, գեղջկական հոգեբանության, ազգագրական մոտեցման բացառումն էր: Միեւնույն է, մենք պիտի լիբրետոյի վրա աշխատեինք` նոր կոնցեպտ մշակելով, ձերբազատվելով հոմոսովետիկուսի դրսեւորումներից: Առաջարկեցի, որ գործողությունները տեղի ունենան ոչ թե Արծվաբերդ գյուղում, այլ նույնանուն բերդում` «Արծվաբերդում», ինչպիսիք սփռված են Արցախում եւ մանավանդ` Շուշիում, որը տեղով արծիվների բերդ է: Նաիրի Զարյանի «Հացավան»-ի գաղափարախոսականությունը հանվեց, հերոսը դարձավ մելիք` այդ կերպ ավելի արցախյան կերպար ստանալով: Այսինքն, թողեցինք սիրային եռանկյունու սյուժեն` դավաճանության, սպանության, իշխանությունը գրավելու մոտիվները, որոնց վրա խարսխված էլ կառուցեցինք մոտեցումները` իդեոլոգիայի հետ առնչություն չունեցող եւ հատուկ` բոլոր ժամանակներին:

-Ինչո՞վ եք բացատրում օպերայի հաջողությունը: Այն բացառապես դրական արձագանքներ ունեցավ: Ի դեպ, ինչպե՞ս է ընտրվել օպերան իրականացնողների թիմը:

– Զարմանալի կերպով նախագծի հեղինակ Սարինա Ավթանդիլյանը հենց սկզբից ընտրել էր եւ նկարչին, եւ խորեոգրաֆին եւ ինքն ինձ շարունակ ասում էր` եթե ինչ- որ բան քեզ դուր չգա, կարող ես ազատ փոփոխության ենթարկել: Բայց նա այնքան ճշգրիտ էր իր ընտրությունը կատարել, որ յուրաքանչյուրն իր խնդիրն արտակարգ էր կատարում:

Բեմադրիչ-խորեոգրաֆ Արա Ասատուրյանը պարի եւ մնջախաղի բեմադրության իր խնդիրը արտակարգ կատարեց, նույնը կարելի է ասել նկարչի` երիտասարդ նկարիչ Աստղիկ Ստեփանյանի մասին: Իմ միջամտությունն այս ամենի մեջ շատ քիչ կամ աննշան է եղել: Թիմը հրաշալի աշխատեց օպերայի վրա եւ միանգամից բոլորս համաձայնեցինք` իրականացնում ենք բերդի կոնցեպտը: Գիտեք` ինչու, ըստ իս, մեր հասարակական ընկալման մեջ կա տեսակետ, թե ազգայինը անպայման գեղջուկն է` կարկատանով եւ տրեխներով: Բայց ես վստահ եմ, որ մենք շատ ավելի բարձր քաղաքային մշակույթի շերտեր ունենք, քանի որ միջնադարում եւ ավելի վաղ հզոր քաղաքներ ունեինք եւ ասենք` Անի կառուցած ժողովուրդը չէր կարող տրեխային հոգեբանություն ունենալ: Դրա համար որոշեցինք վեր հանել մեկ ուրիշ մշակութային շերտ, որն էլի մերն է` դրա վրա կառուցելով քաղաքի, ամրոցի բնակիչների մշակութային պատկերացումները, հագուկապը, հարաբերությունները, պահվածքը: Եվ այդ ամենը` արժանապատվության եւ ազնվականության շերտերի բացահայտմամբ, սիրո, հավատարմության դրսեւորումներով: Ի դեպ, ժամանակին Բաբաեւին նույնիսկ մեղադրում էին, թե ինչպես կարող է երիտասարդ աղջիկը սեր խոստովանել տղային. դա մեր ազգային-ավանդապաշտական ընկալումներում չէր տեղավորվում: Բայց այն շերտը, որը ներկայացվում է, կնոջ ազատության դրսեւորումների մասին է փաստում եւ վկայում: Իհարկե, ժամանակն այստեղ աբստրահված է, բայց դա առանձին բերված մի ամրոցի, բերդի պատմություն է…

Ըստ իս, օպերայի հաջողության գրավականը պիտի փնտրել մեր մտածածը մինչեւ վերջ տանելու, զիջումների չգնալու մեջ: Եթե բեմադրիչի պատկերացումների 50-60 տոկոսը ստացվում է, նա գոհ է լինում: Այս դեպքում 90 տոկոսն ապահովված է, իսկ ընկալունակության առումով իմ սպասելիքը 100 տոկոսն էլ գերազանցել է: Սա նշանակում է՝ մեզանում իրոք սով կա, ակադեմիական երաժշտությունը լսելու եւ ընկալելու մեծ ցանկություն: Ի վերջո, այն մեկնաբանելու եւ մասնակիցը լինելու պահանջն է առկա: Վստահ եմ` բազմահազար հանդիսատեսի մեջ կգտնվեն այն երիտասարդները եւ փոքրիկները, ովքեր առաջին անգամ մշակութային շոկ ունեցան եւ մեր վաղվա երգահաններն են դառնալու, զբաղվելու են երաժշտական գործունեությամբ: Մեզանում նաեւ այդ առիթը պիտի ստեղծվի:

-Շուշիի ռեալական ուսումնարանի առջեւ բացօթյա ներկայացումը նախադեպային չէ, այն ավելի վաղ կիրառել էր Արամ Ղարաբեկյանը: Հետաքրքիր է` այս անգամ ո՞ւմ հղացումն էր` դասականություն բուրող, մոգական այդ աուրայի վրա շեշտադրում անելը: Ի դեպ, այդ բացառիկ հուշարձանի վերակառուցման խնդիրը մնում է առկախ:

– Բեմադրությունն այստեղ անելը նախագծի գեղղեկավար Սարինա Ավթանդիլյանի («Սպեղանի» երգչախմբի ղեկավար) գաղափարն էր, եւ ես անմիջապես համաձայնեցի` հաստատելով, որ այլ տեղ ուղղակի անհնար է պատկերացնել: Հրաշալի ճարտարապետություն է, եւ ես վստահ եմ` այդ օպերայից հետո բազմաթիվ ներդրողներ կգտնվեն, որ կցանկանան վերակառուցել այն: Ընտրությունը ճշգրիտ էր, եւ այո, ժամանակին Ղարաբեկյանն այն իբրեւ ֆոն օգտագործեց. ակցենտը համերգային մասն էր, իսկ շենքը դիտարկվեց որպես համերգի ֆոն: Մեր դեպքում այն դեկոր, ամրոց դարձավ, ուր բոլոր շերտերը, խորությունները սկսեցին գործել: Գիտեք, ներկայացումից հետո ինձ մոտեցավ շինարարը` ուղղակի ցնցված, աչքերը փայլում էին եւ ասաց` նոր հասկացա, թե այսքան ժամանակ ինչու էիր մեր կյանքն ուտում, այս ու այն պահանջում, թե` պիտի անեք: Ասի` քո շնորհիվ է եղել այդ ամենը, իսկ նա աչքերին չէր հավատում…

Մեծ, խոշոր կտավի օպերան բեմադրվեց` ամբողջական կազմով` մասնակիցների, երգչախմբերի, օրկեստրի, պարային խմբի, միմանսի եւ այլն, այսինքն լիարժեք գործ ունեցանք` 200 հոգանոց մասնակցային կազմով: Անվանի վարպետների`Իրինա Զաքյան, Հովհաննես Այվազյան, Նարինե Անանիկյանի կողքին` բազմաթիվ երիտասարդներ… Տեխնիկական հարցերն էլ «Օվացիա» կենտրոնի աջակցությամբ լուծեցինք` նրանք հատուկ միկրոֆոններ բերեցին այս պրոյեկտի համար` ապահովելով լուսաձայնային մասը: Արդյունքում` փայլուն ձայն էինք լսում: Ինչ վերաբերում է նվագախմբին, ապա Էդ. Թոփչյանը հրաշք գործեց: Ներկայացումից հետո ես ասացի` դու հրաշագործ ես, մաեստրո… քանզի ներկայացման օրն, իրոք, տեղի ունեցավ անսպասելին:

-Այն, որ «Արծվաբերդ»-ը մշակութային երեւույթ է, ակնհայտ փաստ է, իսկ ի՞նչ կասեք քաղաքական կողմի մասին:

-Մենք անպայման պիտի Շուշիին վերադարձնենք մշակութային կենտրոնի իր երբեմնի համբավը: Այդպիսին էր Շուշին 20-րդ դարասկզբին ամբողջ Կովկասի համար: Այդ Շուշին է Շուշին: Իսկ անցյալ դարավերջի 20-ականների հետքերն այսօր էլ կան, ավերված ու մինչ օրս չվերականգնված շենքերն էլ… Եվ լուրջ խնդիր է այն օրերի փառքը վերականգնելը: Ինչ վերաբերում է Բաբաեւ-հեղինակին, ապա ադրբեջանցիները նրան ուզում են ներկայացնել որպես բաքվեցի կոմպոզիտոր` խորամանկորեն խուսափելով ազգը նշելուց: Իրենք խորամանկորեն են իրենցով անում:

Այս օպերան միաժամանակ Արցախի անկախության 22 -ամյակին եւ Բաբաեւի 90- ամյակին էր նվիրված: Լինելով ծնունդով արցախցի, նա միշտ երազել է հայրենիքում տեսնել «Արծվաբերդի» բեմադրությունը: Այն խիստ հայկական է` իր մեղեդայնությամբ: Ըստ կոմպոզիտոր Յուրի Դավթյանի` սա Ալ. Սպենդիարյանի եւ Ա. Տիգրանյանի լավագույն ավանդույթներից հյուսված երաժշտական փայլուն ստեղծագործություն է:

-Մի առիթով ասել էիք` մենք մշակութային երեւույթներ այսօր շատ ենք ունենում, սակայն մեզ պակասում է դրանց երեւութականացումը: Այս պարագայում ըստ էության մենք ունեցանք:

-Իհարկե, եւ դուք եղաք ականատես: Մշակութային դրսեւորումն այս դեպքում երեւութականացվեց եւ դարձավ համընդհանուր: Կարծում եմ` հատկապես ակադեմիական մշակույթն ունի տոտալ կերպով մարդկանց հոգիները ներխուժելու անհրաժեշտություն: Մենք ունեցանք լավ երեւույթ, որն ընկալվեց, եւ դա տեղի ունեցավ իմ հոգու քաղաք Շուշիում:

ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30