Արցախի Անկախության հռչակման օրվան նվիրված միջոցառում կայացավ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում: Խաղաղության հրապարակում առավոտյան մարդաշատ էր. այստեղ էին քաղաքային 2 հանրակրթական դպրոցների ուսուցիչներ, աշակերտներ, շրջվարչակազմի եւ Բերձորում գործող կազմակերպությունների, ուժային կառույցների ղեկավարներ, աշխատակիցներ, բնակիչներ, հյուրեր: Արցախյան գոյամարտում նահատակված հերոսների հուշահամալիրում կայացավ տոնական միջոցառումը: Խոնարհված 3 պատերի մոտ, որոնց վրա քանդակված են շրջանի տարածքում նահատակված ազատամարտիկների անունները, խոնարհվեցին ծաղիկներ: Մեկ րոպե նահատակների հիշատակը հարգելուց հետո Բերձորի Վահան Զատիկյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի սաները ողջունեցին ներկաներին՝ շեշտելով, որ իրենք են այս հողի այսօրվա եւ առավել՝ վաղվա տերը: Շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, ներկաներին շնորհավորելով նոր ուստարվա՝ Գիտելիքի եւ դպրության օրվա, ինչպես նաեւ Արցախի անկախության հռչակման տոնի առթիվ, կարեւորեց ուսուցչի դերը մեր երկրի համար, նշեց, թե ինչ մաքառումների գնով ենք հասել այսօրվան, մաղթեց, որ խաղաղությունը լինի հարատեւ: Շեշտեց մեր շրջանի շենացման կարեւորությունը: Բերձորի քաղաքապետ Արթուր Սահակյանն իր խոսքում ասաց. «Ամեն անգամ այստեղ գալիս ենք ոգեկոչելու նրանց, ովքեր իրենց կյանքի գնով, հերոսացմամբ մեզ տվեցին հաղթանակ ու անկախություն»: Մաղթեց, որ միշտ հաղթող մնանք: Շնորհավորանքի խոսք ասաց նաեւ Բերձորի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Հակոբ Հակոբյանը, ով կարեւորեց դպրոցի դերը եւ դպրոցականների մեջ ռազմահայրենասիրություն դաստիարակելու խնդիրը: Եղան նաեւ պարգեւատվություններ: Հայտարարվեց, որ Դիցմայրիի հիմնական դպրոցի տնօրեն Արամ Մխիթարյանը ԼՂՀ նախագահի կողմից պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով: Շրջվարչակազմի պատվոգրի արժանացան Բերձորի Վ. Զատիկյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Հակոբ Հակոբյանը, ուսուցիչներ Հեղինե Սահակյանը եւ Մուշեղ Մովսիսյանը, ոստիկանության աշխատակիցներ: Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հրամանով շրջանից 5 ազատամարտիկներ՝ Սուրեն Խաչատրյանը, Վոլոդյա Գալստյանը, Գեւորգ Գեւորգյանը, Վիլեն Սիմոնյանը եւ Հայկ Համբարձումյանը արժանացան ԵԿՄ 20-ամյակի հուշամեդալով: Երեկոյան Վեհափառի հրապարակում կայացավ համերգ, որին մասնակից եղան նաեւ բերձորցի աշակերտները, «Բերձոր» համույթի երաժիշտները: Օրը եզրափակվեց տոնական հրավառությամբ:
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
ք. Բերձոր
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ