Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բացատրություններն անհրաժեշտ են

Սեպտեմբեր 05,2013 13:34

Մեզ մոտ որտեղ հայացքդ գցես՝ «ազգային խայտառակություն» է: Վճարովի ավտոկանգառները եւ Փակ շուկայի վերակառուցումը ազգային խայտառակություն են, Մաքսային միություն մտնելը ազգային խայտառակություն է, բայց չմտնելը նույնքան  ողբերգական է, որովհետեւ չմտնելը, ըստ նույն տրամաբանության, կնշանակեր տուրք տալ միասեռական ամուսնություններ եւ  տոտալիտար աղանդներ պարտադրող Արեւմուտքին եւ քայքայել մեր ազգային ինքնությունը: Բա խայտառակությունը էլ ինչպե՞ս է լինում:

Մեզ սառը վերլուծությունն  է պակասում. բոլոր երեւույթներին տալով ամպագոռգոռ, ճռճռան, «սպանիչ» բնութագրեր՝ մենք մեր գործն ավարտած ենք համարում՝ կարծելով, որ այդ խոսքերով «զգետնել ենք» քաղաքական հակառակորդին, եւ այժմ նա կընդունի մեր իմաստուն ու խորաթափանց լինելը: Տվյալ դեպքում այս բոլոր բացականչությունների մեջ պակասում են տարրական հարցերի պատասխանները. քաղաքական եւ տնտեսական առումով ի՞նչ է շահում կամ ի՞նչ է կորցնում Հայաստանը՝ Մաքսային միության մեջ մտնելով, որո՞նք են ԵՄ-ի հետ խորը եւ համապարփակ համագործակցության դրական եւ բացասական կողմերը: Արդյոք իսկապե՞ս առաջին ուղղությունը իսպառ բացառում է երկրորդը: Ապա՝ ինչո՞ւ  մեր իշխանությունը, որը, ի դեմս, մասնավորապես, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի, ամիսներ շարունակ ժխտում էր Մաքսային միությանը միանալու հավանականությունը, վերջերս 180 աստիճանով փոխել է իր դիրքորոշումը: Պուտի՞նն է ճնշել: Իսկ դրանից առաջ չէ՞ր ճնշում, կամ ոչ մեկի մտքով չէ՞ր անցնում, որ կճնշի:

Շատ կուզեի, որ մեզանում լինեին մասնագետներ, որոնք, առանց որեւէ մեկին մեղադրելու կամ արդարացնելու, տային այդ հարցերի պատասխանները՝ չոր, տրամաբանական, էմոցիաներից զուրկ: Իհարկե, շատ ցանկալի կլիներ, որ այդ խնդիրները լուսաբանեին նաեւ իրենք՝ իշխանավորները: Բացատրություններ պետք է տան առաջին հերթին վերը հիշատակված պաշտոնյաները՝ ինչո՞ւ, ո՞ր գործոնների ճնշման տակ նրանք փոխեցին իրենց դիրքորոշումը: Եվ այստեղ մենք մոտենում ենք, իմ կարծիքով, ամենակարեւոր խնդրին: Իշխանությունը մեզանում իրեն պարտավորված չի զգում հաշվետու լինել քաղաքացիներին՝ բացատրելու իրենց քայլերի տրամաբանությունը: Հաշվետվություն պետք է տրվի ոչ թե Պուտինին կամ Քեթրին Էշթոնին, այլ ՀՀ քաղաքացիներին: Գործադիրի այդ քայլերը հավասարակշռելու համար, ի թիվս այլ հակակշիռների, գոյություն ունի մի ինստիտուտ, որը կոչվում է պառլամենտ: Համենայնդեպս, պետք է գոյություն ունենա:

Չնայած հանուն արդարության ավելացնենք, որ Արեւմուտքում էլ այդ ինստիտուտները հաճախ ձեւական բնույթ են կրում: Օրինակ՝ ԱՄՆ նախագահ Օբաման դիմել է Կոնգրեսին եւ Սենատին հետեւյալ հարցով. հարձակվե՞մ, թե՞ չհարձակվեմ Սիրիայի վրա: Բայց, վախենամ, անկախ օրենսդիրների դիրքորոշումից՝ որոշումն արդեն ընդունված է:

 ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Hakob says:

    Բավականին առողջ հարցադրումներ են:
    Մենք, հասարակ մադկանացուներս իհարկե չենք կարող մանրամասներ իմանալ տնտեսական ու քաղաքական բազմաթիվ խնդիրներից, եթե մեզ տեղյակ չպահվի դրա մասին մասնագետների կողմից:
    Սակայն մշակույթային-բարոյական հարցերի մասին մենք կարող է և լիենքն շատ ավելի տեղյակ, քան ասենք մշակույթի նախարարության պետական պաշտոնյան: Ու հնարավոր է, որ այդ մշակույթային-բարոյական հարցերը լինեն շատ ավելի գերակշիռ, քան օրինակ տնտեսա-ֆինանսական կողմերը հարցի:
    Այս պահին ես անձամբ, որպես ՀՀ քաղաքացի, համաորւմ եմ որ դա այդպես է, այսինքն մշակույթային-բարոյական հարցերը շատ ավելի ակտուալ ու կարևոր են, քան տնտեսա-ֆինանսականը ու կողմ եմ եվրապական ժամանակակից հասարակական արժեքային համակարգից կիլոմետրերոով հեռու փախնելուն: Ու կողմի եմ շատ մոտ, համարյա թե նույնական հասարակական արժեհամակարդին, ինչը ճանապարհ որ որդեգրել է ժամանակակից Ռուսաստանը:
    Այսքանը հերիք է, որ ես կողմի լինեմ Ռուսատանի հետ շատ ավելի մոտ հարաբերություններին, քան սովորական դաշնակից լինելն է:
    Կրկնում եմ, աա իմ, որպես ՀՀ քաղաքացի դիրքորոշում է:

  2. ani says:

    Անկեղծ ասեմ, հոդվածի առաջին պարբերությունը բացարձակապես չհասկացա: Այդպես էլ չհասկացա, Դուք հեգնում եք մարդկանց այն տեսակետը, որ վճարովի ավտոկայանատեղիները և փակ շուկայի վերակառուցումը /իհարկե վերակառուցում բառի հետ բացարձակ համաձայն չեմ/ խայտառակություն էին /ես էս բառի հետ էլ էդքան համաձայն չեմ, ավելի շուտ կասեի սպեկուլյացիա կամ կողոպուտ/, թե իսկապես ընդունում եք այդ տեսակետը: Եթե ընդունում եք, ապա չեմ կարողանում հավատալ, որ Դուք չէիք հեգնում միասեռականների և աղանդների մասին ընդունված տեսակետը: Կներեք, եթե ես էլ մի քիչ խառը գրեցի, բայց չեմ կարողանում մտքերս հավաքել ու պարզ գրել այն մարդկանց մասին, ովքեր Եվրոպան նույնականացնում են անբարոյականության ու միասեռականության հետ՝ չտեսնելով թե ինչ այլասերված ու անբարո բարքերի տակ են խեղդված իրենց ՛՛ավանդապաշտ՛՛ Հայաստանում: ես կգերադասեի իմ երկրի վարչապետը միասեռական լիներ, քան գող, կաշառակեր ու դավաճան: հասարակության ու պետության համար որն է ավելի կործանարար՝ Գալուստ Սահակյանի նման պատգամավորը, Լֆիկի նման գործարարը, ագահ ու լպիրշ չինովնիկը թե միասեռականը? Եվ վերջապես, ով ասաց, որ ձեր էդ ՛՛նամուսի մեռած՛՛ Հայաստանում միասեռականների պակաս կա, դե էլ աղանդների մասին չխոսեմ, որի տարածվելու մեջ Եվրոպային կամ դրսի մութ ուժերին մեղադրելուց առաջ Ձեր կաթողիկոսին նայեք: Մեծ հոգևոր ուժ ու կամք պիտի ունենաս, որ այսպիսի կաթողիկոս ունենալուց հետո աղանդավոր չդառնաս: իսկ հոդվածի մնացած մասի հետ լիովին համամիտ եմ

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Այո, ես թեթեւ հեգնանքով եմ վերբերվում չափազանցված, ծայրահեղ էմոցիոնալ գնահատականներին:

      • ani says:

        Պարոն Աբրահամյան, փակ շուկայի վերաբերյալ գնահատականները չափազանցված ու ծայրահեղացված չեն:

        • Լևոն says:

          Ինչպես նաև բացահայտ կամայականությունները և Ղարբաղի անկախացման «ձիու քայլը»՝ Ղարաբաղը ՀՀ-ին միացնելու փոխարեն:
          Արդյունքում՝ ցուպցվանգ: Այսինքն ՄՄ-ի բլեֆը, թէ ԵՄ ասոցացում ակրոբատիկան ու ցանկացած քայլ վատ է: Պատասխանատուն «Ս»-ն ա, լուծումը «Ս»ին փոխելն ա…

  3. Ruben says:

    Կառավարությունը` իր անդամներով հանդերձ, չպետք է լինի «մերկ», «կարճատես», «խուլ», «թլիկ», «քյաչալ», «անատամ», «անկուշտ», «տհաս», «կարճ ու թույլ վերջավորություններով», «տռուզած փորով» եւ «…»
    Կառավարթյունը` իր անդամներով հանդերձ, պետք է լինի ճիշտ հակառակը, թե չէ կկրկնի եւ կունենա յեղափոխական դաշնակցականների ճակատագիրը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30