Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյան. «Եղել է ուժի սպառնալիք, ճնշում, Հայաստանին պարտադրել են»

Սեպտեմբեր 05,2013 13:28

«ԵՄ Ասոցացման համաձայնագրի միայն մի մասը ստորագրելը բացառված զարգացում է: Ասոցացման համաձայնագիրը նշանակում է սահմանել առեւտրային հարաբերությունների խորությունը: Դրանք մաքսային միություններն են, ազատ առեւտրի գոտիներն են եւ խոր եւ համապարփակ առեւտրի գոտին: Սա փաստաթուղթ է, փաթեթ է եւ մեկը մյուսից չի կարող տարանջատվել»,- այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Նա վստահեցրեց, որ «Եթե մենք մինչեւ Վիլնյուս գնալը այսօրվա դրությամբ ստորագրենք Մաքսային միությանն անդամակցելու որեւէ փաստաթուղթ, չենք կարող ստորագրել այսօր սեղանին դրված Ասոցացման պայմանագիրը»:

Aravot.am-ի հարցին՝ Դուք ասացիք, որ Պուտինը ճնշել է, արդյո՞ք դա հապշտապ որոշում էր՝ հենց հանդիպման վայրում, եթե ոչ, ապա ի՞նչ էր նշանակում այս 4 տարիների բանակցությունները, ռեսուրսներ ծախսելը, բեմականացո՞ւմ էր: Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Ամբողջ աշխարհի տպավորությունն այն է, որ եղել է հստակ ուժի սպառնալիք, եղել է ճնշում եւ Հայաստանին պարտադրել են: Դա է թերեւս պատճառը, որ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ Հայաստանի նկատմամբ տեղի է ունեցել աննախադեպ եւ ծայրահեղ ճնշում: Իմ տպավորությունը սա է՝ ԱԺ-ում համագործակցում եմ մի շարք ՀՀԿ պատգամավորների հետ, մեծամասնության պատգամավորները ընդհանրապես տեղյակ չէին, թե ինչ է կատարվում Մոսկվայում: Խմբակցության նախագահը հայտարարում է, որ որեւէ բան չկա, ստորագրելու ենք, դրանից մի քանի օր առաջ Շավարշ Քոչարյանի հայտարարությունը գիտեք, դրանից առաջ մոտ մեկուկես տարի Տիգրան Սարգսյանի արած բազմաթիվ հայտարարությունները: Այս անակնկալը ցույց է տալիս, որ եղել է շատ լուրջ ճնշում»:

Պարոն Արզումանյանը նշեց, որ սա Մոլդովայի եւ Ուկրաինայի նկատմամբ ճնշումների շարունակությունն է. «Տեսնենք՝ կկարողանա՞ն չընկրկել: Եթե հանկարծ Ուկրաինան հրաժարվի ստորագրությունից, Արեւելյան գործընկերություն քաղաքականությունը տապալված կլինի: Ես չեմ սպասում, որ ԵՄ-ն հիմա շատ ավելի կտրուկ բաներ ասի՝ ի լրումն այն հայտարարության, որ արդեն արվել է: Փոքր պարտնյորները կշարունակեն մեր հակառուսական տոնայնությունը, կտեսնենք, ժամանակը ցույց կտա: Ես ամենեւին չեմ ասում, որ սա աշխարհի վերջն է: Սա ինձ համար ուղղակի անընդունելի զարգացում է: Եթե նման ճակատագրական որոշում են կայացնում, ես կնախընտրեի, որ դա արվեր հանրաքվեով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30