Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ժառանգությունն» ակտիվ քարոզարշավ է սկսել, ՀՀԿ-ն`«լուռ» է

Սեպտեմբեր 05,2013 13:11

Սեպտեմբերի 1-ից մեկնարկել է Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում լրացուցիչ պատգամավորական ընտրությունների քարոզարշավը եւ այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց իրենց թեկնածուի քարոզարշավի արդյունքները: Հիշեցնենք, որ թիվ 38 ընտրատարածքում պատգամավորական լրացուցիչ ընտրությունների անհրաժեշտություն առաջացավ այն բանից հետո, երբ Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ կատարված ողբերգական իրադարձություններից հետո, մարզպետի պաշտոնը ստանձնեց ՀՀԿ-ական պատգամավոր Վահե Հակոբյանը: Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին պատգամավորի ազատ աթոռի համար կպայքարի 3 թեկնածու՝ ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանը, ինքնաառաջադրված անկուսակցական, «Կապանի ՀՀԳ» ՍՊԸ տնօրեն Վահրամ Հովհաննիսյանը եւ «Ժառանգությունից» առաջադրված Կապանի բնակիչ, ազատամարտիկ Սամվել Հայրապետյանը:

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ «Ժառանգությունն» ակտիվ քարոզարշավ է վարում ու արդեն իսկ եղել են մի շարք բնակավայրերում: Բնակիչները շատ լավ են ընդունել իրենց: Կա լարվածություն որոշ գյուղապետերի կողմից, նաեւ լարվածություն է եղել Մեղրիի քաղաքապետի կողմից: Բարեբախտաբար, միջադեպեր չեն եղել:

«Ժառանգության» պատգամավորները եւ ավագանու անդամներն իրար փոխարինելով հերթով կուղեկցեն իրենց թեկնածուին քարոզարշավի ընթացքում: Ամսի 20-ից հետո քարոզարշավին կմասնակցի նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ժառանգության» թեկնածուի նախընտրական ծրագրի հիմքը «Ժառանգության» ծրագիրն է:

Զարուհի Փոստանջյանը շնորհակալություն հայտնեց ՀԱԿ-ին`աջակցության համար: Հիշեցնենք, որ Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, որ տարածքի կոռումպացված լինելու պատճառով իրենք թեկնածու չեն առաջադրում, բայց կսատարեն «Ժառանգության» թեկնածուին: «Ժառանգությունն» ակնկալում է, որ ՀՅԴ-ն էլ կաջակցի իրենց. նախնական հանդիպում եղել եւ Փոստանջյանը բավականին դրական արտահայտվեց ՀՅԴ Կապանի կառույցի ներկայացուցիչների մասին:

Ինչպե՞ս է կուսակցությունը տեղամասերում պահելու ձայները`հարցին Փոստանջյանն ասաց, որ եւ « Ժառանգության», եւ ՀԱԿ-ի ամենաուժեղ մարդիկ կաշխատեն այդ ընտրատարածքում, ուստի, Փոստանջյանն ինչ-որ չափով «թիկունքն ապահովված» է համարում: Ակնկալում է, որ հաղթանակ արձանագրելու են:

ՀՀԿ-ի թեկնածուի քարոզարշավն, ըստ նրա «լուռ» է ընթանում, համենայնդեպս քարոզչական նյութերի, պաստառների, շտաբերի շքերթի իրենք չեն հանդիպել ու այս իմաստով չի պատկերացնում, թե ինչպե՞ս է ՀՀԿ-ն այս անգամ ապահովելու իր հաղթանակը: Պասիվ է նաեւ երրորդ թեկնածուի քարոզարշավը:

Փոստանջյանը խոսեց նաեւ տարածքի խնդիրներից: Խնդիրները շատ են, օր առաջ լուծում են պահանջում ու կառավարության ծրագիրը`համայնքների խոշորացման մասով, անթույլատրելի է համարում, քանի որ նախ այդ բնակավայրերը դարերի պատմություն ունեն, ապա, նաեւ Նախիջեւանի սահմանում պահում են Հայաստանի թիկունքը, թեեւ սոցիալական ծանր պայմանների պատճառով արտագաղթը շատ մեծ է: Փոստանջյանը համարում է, որ կառավարությունը պետք է մտածի այդ գյուղերը մարդկանցով վերաբնակեցնելու, ոչ թե խոշորացնելու մասին, զբաղվի ենթաստրուկտուրաների զարգացմամբ: Ըստ նրա, արդեն վտանգավոր չափերի է հասնում աշակերտների թվաքանակի նվազումը, ինչպես նաեւ այն, որ մարզում հանքարդյունաբերությանն է զարկ տրվում, ինչը նույնպես նպաստում է սոցիալական վիճակի խորացմանը, գյուղացուն գյուղատնտեսությունից օտարմանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30