Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Կարելի է կարծել՝ Հայաստանը ՆԱՏՕ-ի կամ Եվրամիության անդամ էր, եւ հիմա կտրուկ շրջադարձ է արել»

Սեպտեմբեր 05,2013 13:09

Հատված ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հարցազրույցից:
   –Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու եւ Եվրասիական միության ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելու վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումն անակնկա՞լ էր հայաստանյան քաղաքական վերնախավի, Հանրապետական կուսակցության համար։
   -Չեմ կարծում, թե հանրապետության նախագահի՝ Մոսկվայում արած հայտարարությունը որեւէ մեկի համար անսպասելի էր։ Կարելի է կարծել՝ Հայաստանը ՆԱՏՕ-ի կամ Եվրամիության անդամ էր, եւ հիմա կտրուկ շրջադարձ է արել՝ որոշել է դուրս գալ այդ կառույցներից եւ միանալ Մաքսային միությանը։
Կարծում եմ, բոլորի համար պետք է հասկանալի լինի, որ Հայաստանի ռազմավարական գործընկերը, մեր անվտանգության թիվ 1 դաշնակիցը Ռուսաստանն է։ Հայաստանը եւ Ռուսաստանը ՀԱՊԿ հիմնադիր երկրներ են, եւ մենք բազմիցս հայտնել ենք մեր դիրքորոշումը՝ առ այն, որ Հայաստանի քաղաքական օրակարգի գլխավոր առաջնահերթությունը ռազմավարական դաշնակից, անվտանգության պարտնյոր, քաղաքական եւ տնտեսական թիվ 1 գործընկեր Ռուսաստանի հետ հարաբերություննների խորացումն է եվրասիական տարածաշրջանում, այդ թվում՝ անվտանգության մակարդակի բարձրացումը, ինչպես նաեւ երկխոսության զարգացումը եվրոպական կառույցների հետ։
«Ե՛վ-ե՛ւ» ասելով՝ հենց դա նկատի ունենք։ Այսինքն՝ սրանք փոխլրացնող, ոչ թե միմյանց բացառող գործընթացներ են, եւ ասել, թե սա սենսացիա է, Հայաստանը կտրուկ շրջադարձ է արել մինչեւ հիմա իրականացվող ուղեգծից՝ ընդամենը շահարկում է։
   –Դեռ երեկ շատերը միաբերան պնդում էին, որ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հարցը սկզբունքորեն լուծված է, եւ ոչինչ չի խանգարում Հայաստանին նոյեմբերին տեղի ունենալիք Վիլնյուսի գագաթաժողովում ամրագրելու այդ իրողությունը։
   -Իսկ ո՞վ ասաց, թե մեր դիրքորոշումը փոխվել է։ Այդ հարցի հստակ պատասխանը տվեց հանրապետության նախագահը՝ նշելով. սա ռացիոնալ որոշում է, որը բխում է Հայաստանի ազգային շահերից, բայց այս որոշումը եվրոպական կառույցների հետ մեր երկխոսությունից հրաժարում չէ։ Կարծում եմ, սրանով ամեն ինչ ասված է։
Այսինքն՝ միանալ Մաքսային միությանը՝ չի նշանակում, թե Հայաստանը դադարեցնում է իր հարաբերությունները եվրոպական կառույցների հետ։ Որեւէ մեկը չի ասել, թե մենք դեմ ենք եվրոպական կառույցների հետ երկխոսության խորացմանը։ Եթե ինչ-որ մարդկանց մեջ թյուր տպավորություն է ստեղծվել, ապա դա իրենց խնդիրն է։
Երկրորդ՝ մենք ի սկզբանե ասել ենք, որ դեմ ենք «կամ-կամ»-ի քաղաքականությանը, անկախ նրանից՝ այդ «կամ-կամ»-երը հյուսիսի՞ց են, թե՞ արեւմուտքից։
Ինքս բազմիցս առիթ եմ ունեցել արձագանքելու տարբեր երկրների պաշտոնյաների, դիվանագետների հայտարարություններին, թե Հայաստանը պետք է ընտրություն կատարի Եվրոպայի եւ Մաքսային միության միջեւ՝ փաստել եմ, որ Հայաստանն իր ընտրությունը կատարել է 1991թ. սեպտեմբերի 21-ին՝ հռչակելով իր անկախությունը, եւ որպես անկախ, ինքնիշխան պետություն, իրականացնում է իր արտաքին քաղաքականությունը՝ ելնելով բացառապես իր պետական շահերից։ Իսկ մեր պետական շահը թելադրում է խորացնել հարաբերությունները ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով նախ եւ առաջ մեր անվտանգության հետ կապված խնդիրները։
Ամենակարեւորը՝ մեկ անգամ չէ, որ մեր իշխանություններն ամենաբարձր մակարդակով պատրաստակամություն են հայտնել մասնակցելու Եվրասիական տարածաշրջանում ընթացող ինտեգրացիոն գործընթացներին։ Սարգսյան-Պուտին հանդիպման շուրջ բարձրացված այս իրարանցումը, աղմուկ-աղաղակը ինչ-որ տեղ, իհարկե, հասկանալի է՝ մարդիկ սովոր են պատեհ-անպատեհ աղմկել՝ իշխանություններին մեղադրելով բոլոր հնարավոր ու անհնար մեղքերի մեջ, բայց անլուրջ է։ Կամ առնվազն անհիմն է։
Չի՛ կարելի միտումնավոր խեղաթյուրել փաստերը. Հայաստանը երբեք չի հայտարարել, թե մտադիր է դառնալ Եվրամիության անդամ, առավել եւս՝ չի ասել, թե Եվրամիության հետ մերձեցումը պետք է լինի ի հաշիվ Մաքսային կամ Եվրասիական միության։ Կրկնում եմ՝ սրանք փոխլրացնող գործընթացներ են։
Մենք ասել ենք եւ կրկնում ենք՝ «կա՛մ-կա՛մ»-ը մեզ համար ընդունելի չէ, ու շատ հստակ, հետեւողականորեն իրականացնում ենք այդ քաղաքականությունը. մեր արտաքին քաղաքականության վեկտորում որեւէ բան չի փոխվել։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30