Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո՞ղ էր Սերժ Սարգսյանը մանևրել, օրինակ՝ ասել…

Սեպտեմբեր 05,2013 13:05

Ի՞նչ տնտեսական առավելություններ է տալիս Մաքսային միությանն անդամակցելը Հայաստանին։ Մասնագետներն առայժմ հնչեցնում են կարճ՝ «ոչի՛նչ» պատասխանը։ Անդամակցության առավելությունը քաղաքական է՝ Ռուսաստանի կողմից անվտանգության ապահովման երաշխիք։

Ի՞նչ է տալիս ԵՄ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը։ Դատողություններն այս դեպքում զուտ տեսական են, մոտավոր, քանի որ փաստաթուղթն այդպես էլ, թերևս՝ հեռատեսորեն, չի հրապարակվել։ Պատմությունից հայտնի է մի բան՝ եվրոպական նավերը հայկական լեռներ բարձրանալ չեն կարող։

Ամեն դեպքում, բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց հրապարակային ելույթներում տրամադրում էին հօգուտ ԵՄ ասոցացման համաձայնագրի նախաստորագրման։ Այդ մասին մինչ երեքշաբթի կեսօր խոսվում էր որպես գրեթե կայացած փաստի։

Սակայն հանդիպեցին երկու սրտեր, և ամեն ինչ փոխվեց։ Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի ներկայությամբ այն դիրքում էր, որով մեր պաշտոնյաներն իրենց ավելի հարմար են զգում ՌԴ նախագահի ներկայությամբ՝ գլխահակ, կիսաշփոթված։

Մաքսային միության անդամակցությունը մեր ֆիզիկական անվտանգությամբ պայմանավորելը նոր բարոյական հարված է հայերի համար։ Նախ՝ որպես ՀՀ քաղաքացի, պերմանենտ ականատես ենք լինում մեր պետության ինքնիշխանության կորստին։ Այս դեպքում չափազանց կարևոր է  հիմնավորումը՝ հանուն ինչի՞։ Մեր պատմության մեջ բոլոր դավաճանություններին, պարտություններին, կամավոր նվաստացումներին տրվել է նույն հիմնավորումը՝ լուծում ենք մեր անվտանգության խնդիրը։ Եվ այդպես՝ դարեր շարունակ։ Հիմա՝ 21-րդ դարում, կարծես պատմությունը կանգ է առել ու չի շարժվում՝ դարձյալ դրված է մեր անվտանգության խնդիրը, ընդ որում՝ այն մեզ համար երաշխավորում են օտարները։ Այս դեպքում՝ ռուսները։ Ստացվում է՝ ընդունում ենք, որ անկախության համար չունենք անհրաժեշտ ռեսուրս։

Եթե անգամ մեր խնդիրը ֆիզիկական անվտանգությունն է (որը, ընդունենք, կարևորագույն խնդիր է), ապա այդ դեպքում շատ կարևոր է հասկանալ՝ հանուն ինչի՞ ենք մենք փայփայում մեր ֆիզիկական անվտանգությունը, եթե այն մեզ չի տալիս ազատության, ընտրության (բոլոր իմաստներով) իրավունք։ Այսինքն՝ հանուն ինչի՞ պետք է գոյատևենք՝ այն էլ այսքան անփառունակ, անարժանապատիվ ձևով։

Իսկ ե՞րբ է տեղի ունենալու զարգացման փուլը, որը պիտի, չէ՞, ինչ-որ ժամանակ հաջորդի ինքնապահպանությանը։ Այսինքն՝ ինքնապահպանությունը, գոյատևումը պե՞տք է արդարացվի զարգացմամբ, թե՞ ազգի հարատևումն արդեն ինքնին գերնպատակ է։ Լինելն արդե՛ն իսկ հայտ է աշխարհին։ Անգամ, եթե զարգացման հերթը այդպես էլ չի հասնում։

Ինքնագնահատականի այս սրընթաց անկման մեկ այլ դրսևորում է արդեն ներքին՝ իռացիոնալ, ոչ մի տրամաբանության չենթարկվող իշխանությունն՝ իր ղեկավարով։ Հասարակությունը իշխանության և ոչ մի ներկայացուցչի, հատկապես եթե նա ՀՀԿ կրծքանշանով է, չի հավատում։ Սակայն ավելի արժեզրկել ՀՀԿ-ական պաշտոնյաների՝ առանց այդ էլ փետուրի քաշ ունեցող խոսքը, հարված էր, այն էլ՝ գոտկատեղից ներքև։ Հայաստանում նրանք պատմում են, թե ինչ մոգական ազդեցություն է ունենալու Հայաստանի զարգացման համար Համաձայնագրի նախաստորագրումը, ու հանկարծ՝ բաց, ու վերջ։

Կարո՞ղ էր Սերժ Սարգսյանը մանևրել, օրինակ՝ ասել. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, գուցե ես անձամբ ինձ տեսնում եմ Մաքսային միության մեջ, բայց, ներեցեք, որ հարցնում եմ՝ այդպիսով Ձեզ անհանգստություն պատճառելով, գուցե արժեր իմանալ նաև, ևս մեկ անգամ ներեցեք, ՀՀ քաղաքացիների՞ տեսակետը, ում շահերը սպասարկելու նպատակով եմ, գիտեք, զբաղեցնում ՀՀ նախագահի պաշտոնը»։ Սակայն անգամ այդ հնարավորությունից է զրկված ՀՀ նախագահը, որովհետև զրուցակիցը կարող է ժպտալ իր ֆիրմային հեգնական ժպիտով և ասել. «Գուցե և ճիշտ եք, սակայն, եթե չեմ սխալվում, Դուք ժողովրդի մեծամասնության վստահությունը չունեք»:

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30