Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյան. «Հայաստանը որեւէ երկրի կցորդը, վասալը, ոտատեղին չի կարող լինել»

Սեպտեմբեր 05,2013 12:56

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, մեկնաբանելով Սերժ Սարգսյանի հայտարարությունը Եվրասիական միությանը միանալու մտադրության մասին՝ ասաց. «Ես այսօր չէի նախանձի մեր իշխանություններին, որովհետեւ նման նվաստացուցիչ իրավիճակում հայտնվելուց հետո՝ հիմա, երբ ողջ աշխարհը սպասում է տարակուսած ինչ-ինչ բացատրությունների, մեզ իրոք, բացատրություններ եւ պարզաբանումներ են պետք: 3.5 տարի տեւացող ինտենսիվ բանակցություններից հետո նման կտրուկ շրջադարձն անհասկանալի էր, եթե չասեմ՝ անընդունելի»:

Ըստ պարոն Արզումանյանի, ԵՄ-ն դեռեւս չի կողմնորոշվել եւ ինչպես կանխատեսելի էր , առաջին արձագանքները եղան այն երկրների կողմից, որոնք նախաձեռնել էին Արեւելյան գործընկերություն ծրագիրը: Նրանք բացառեցին «Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի» ստեղծելու մասին հնարավորությունը՝ Մաքսային միությանն անդամագրվելու պարագայում. «Եվրահանձնաժողովի երեկվա տարածած հաղորդագրությունն ընդամենը արձագանք է եւ վկայում է այն մասին, որ ԵՄ-ն տարակուսում է: Այսօր այդպիսի ճնշումներ ՌԴ-ի կողմից իրականացվում են Մոլդովայի եւ Ուկրաինայի նկատմամբ: Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ ասվում է, թե քանի որ ՀՀ մեր գործընկերներն ասում են, որ պատրաստվում են համադրել, մենք կսպասենք հստակ բացատրությունների եւ կտեսնենք՝ ինչպես են մեր գործընկերները տեսնում այդ համադրման պրոցեսը, ըստ այդմ էլ կտեսնենք մեր հարաբերությունների խորությունը»:

Պարոն Արզումանյանը վստահեցրեց, որ ամեն դեպքում «եւ-եւ»-ը ի չիք եղավ. «Բանակցությունների ընթացքում մենք ԱԺ-ում վավերացրել ենք ԱՊՀ անդամ երկրների միջեւ ազատ առեւտրի մասին շատ ծավալուն պայմանագիրը: Որեւէ ազատ գոտու նորմ, որեւէ կանոնադրություն չի կարող հակասել դրան: Կարող է ուղղակի տարբեր գոտիների շահերի բախում լինի: Հայաստանն ունի մի շարք հարեւաններ, չի կարող դադարեցնել իր առեւտրատնտեսական հարաբերությունները Իրանի հետ, որը որեւէ եզր չունի ԵՄ-ի հետ, բայց այդ հարաբերությունները չպետք է հակասության մեջ մտնեն մեր կողմից ստանձնած պարտավորություններին»:

Անդրադառնալով Մաքսային միություն մտնելու դրական կողմերին՝ Ալեքսանդր Արզումանյանն ասաց. «Ես չեմ համարում, որ մենք պետք է խզենք մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ: Որեւէ քաղաքական ուժ այսօր հարց չի դնում ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ՀԱՊԿ-ի հետ չհամագործակցելու մասին: Մենք քաջ գիտակցում ենք ԼՂՀ հարցի կարեւորությունը: Մենք ուղղակի ասում ենք, որ Հայաստանն այլեւս 20 տարուց ավելի է՝ անկախ պետություն է եւ որեւէ երկրի կցորդը, վասալը, ոտատեղին չի կարող լինել: Հայաստանի Հանրապետության որեւէ նախագահի չպետք է տանել որեւէ մայրաքաղաք եւ պարտադրել որեւէ բան ստորագրել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30