Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ընտրել է անվտանգությունը

Սեպտեմբեր 05,2013 12:22

Ի վերջո, մեր երկիրը երբեք էլ չի հայտարարել, որ Եվրամիության հետ իր համագործակցության խորացումը իրականացվելու է Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների հաշվին։
Հակառակը, միշտ էլ շեշտվել է, որ Հայաստանը ցանկանում է բարեկամական ու գործընկերային հարաբերություններ ունենալ երկուսի հետ էլ։
Ուրեմն ոչ թե Հայաստանը, այլ ուժի այդ կենտրոններն են այս կամ այն կերպ առաջադրել «եւ-եւ»-ը «կամ-կամ»-ով փոխարինելու պահանջը։ Հայկական կողմը մեղավոր չէ, որ նրանց հարաբերությունների բնույթն ու ուղղվածությունը, գոնե ներկա հանգրվանում, թույլ չեն տալիս ողջ խորությամբ իրականացնել նման ցանկությունը։
Սեպտեմբերի 3-ի իր որոշմամբ Հայաստանը վերջնական՝ քաղաքակրթական ընտրություն չի կատարել Ռուսաստանի ու Եվրոպայի միջեւ, մանավանդ որ երկուսն էլ խորքում նույն քաղաքակրթության ներկայացուցիչներն են։
Պարզապես ստեղծվել է մի վիճակ, երբ տարիներ շարունակ բանակցելով ե՛ւ Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ե՛ւ ԱՊՀ երկրներին միավորող քաղաքական ու ռազմական կառույցների իր գործընկերների հետ, 2013 թվականի սեպտեմբերին Հայաստանի ղեկավարությունը որոշել է անդամակցել Մաքսային միությանը՝ հաշվի առնելով նրա մեջ մտնող երկրների եւ առաջին հերթին Ռուսաստանի միջոցով իր անմիջական եւ առաջնահերթ շահերի իրացման ավելի մեծ հնարավորությունները։
Պայմանականորեն դրանք կարելի է բաժանել երեք խմբի։
Առաջինը ընդգրկում է Հայաստանի անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների ողջ համալիրը, որի շուրջ Եվրամիության զանազան կառույցների հետ նույնպես տեղի են ունեցել բանակցություններ ու շփումներ, սակայն առանց դրանց էլ ակնհայտ էր, որ արտաքին լուրջ վտանգների առջեւ կանգնած մեր երկրի համար այդ կարեւորագույն ասպարեզում, ներկա հանգրվանում, Ռուսաստանին որեւէ լուրջ ու շոշափելի այլընտրանք չկա:
Երկրորդն ընդգրկում է Հայաստանի տնտեսական զարգացման, արդիականացման, այդ թվում՝ ժողովրդավարացման հետ կապված խնդիրների շրջանակը, որի շուրջ մեր երկրի համար, անշուշտ, խիստ ցանկալի է Եվրամիության ավելի լայն ներգրավումը։
Այդ պատճառով Հայաստանը ոչ այժմ, ոչ էլ ապագայում չի պատրաստվում սահմանափակել Եվրամիության հետ համագործակցության իր հնարավորությունները, հակառակը, «կամ Եվրամիություն» («Արեւելյան գործընկերության»), կամ «Մաքսային միություն» երկընտրանքն է արգելք դարձել նման հնարավորության իրացման համար։ Իսկ ինչպես նշեցինք՝ նման երկընտրանքը Հայաստանը չի ստեղծել։
Երրորդ խումբն ընդգրկում է Հայաստանի անվտանգության եւ զարգացման հետ կապված զույգ խնդիրների «կապող օղակը» հանդիսացող՝ մեր երկրի ապաշրջափակման, դեպի արտաքին աշխարհ տրանսպորտային ու էներգետիկ կոմունիկացիաների զարգացման ու բազմազանեցման հետ կապված հիմնահարցերի միանգամայն ինքնուրույն համալիրը, որոնք ներկա աշխարհակարգում երբեմն շատ կարեւոր, երբեմն էլ վճռորոշ նշանակություն են ձեռք բերում։
Իր անմիջական ու առաջնահերթ շահերն արտացոլող հիմնախնդիրների այս երեք խոշոր խմբերի հանդեպ սեփական դիրքորոշումներում Հայաստանը ելնում է այն հանգամանքից, որ անվտանգության ապահովումը չի սահմանափակվում միայն ռազմաքաղաքական բաղադրիչով, այլ ներառում է նաեւ էներգակիրների մատակարարման, ատոմակայանի անխափան աշխատանքի ապահովման, դեպի Վրաստան բացվող երկաթգծի արդիականացման եւ դեպի Իրան երկաթգծի կառուցման խնդիրները։
Ակնհայտ է, որ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները ներառում են ոչ միայն եւ ոչ այնքան երկկողմ ռազմաքաղաքական համագործակցության հետ կապված հարցեր, որոնք առանց քննարկման էլ պարզ են ու ակնհայտ, այլեւ հենց վերջին՝ երրորդ խմբի մեջ մտնող խնդիրները, որոնց լուծման համար Ռուսաստանը շատ ավելի կոնկրետ ու հստակ առաջարկներ է արել Հայաստանին, քան նրա եվրոպական գործընկերները։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Mariam says:

    Հասկանալի է, որ Հայաստանը առանձնապես ընտրության իրավունք չունի: Բայց հարկավոր է գոնե սեփական առանց այն էլ առհամարհված ժողովրդին տեղեկացնել նման ճակատագրական որոշումների վերաբերյալ մինչ դրանք իրականացնելը:
    Իսկ ինչ վերաբերում է մեր անվտանգությանը, մեր Մեծ եղբայրը ապահովում է մեր անվտանգությունը մեր հակառակորդին զենք մատակարարելով, իսկ մեզ ճնշում գազի գնի ավելացմամբ և մեր քաղաքացուն դատարանում խալաթով ծաղրելով: Սա է մեր սերժական կոմպլեմետարության քաղաքականությունը: Իհարկե ավելին ակնկալել չի էլ կարելի մի իառաջնորդից, որը նույնիսկ իր իսկ երկրում քաղաքական ուժ չի ներկայացնում…. Տխուր է, շատ տխուր….

    • Shushanik says:

      Ինչ շուտ եք մոռանում, որ ձեր սիրելի եվրոպայում թուրք սաֆարովին, որը կացնահարել էր մեր քնած զինվորին, գեղեցիկ փաթեթավորեցին այդ նույն եվրոպացիները և նվիրեցին ազերին: Դե թող պաշտպանեին մեր անմեղ զինվորին, իսկ դուք հույս ունեք, որ նրանք կպաշտպանեն Հայաստանը…..

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30