Մի կողմից Եվրոպան հստակ ասել եւ ասում է՝ Հայաստանը չի կարող նստել միաժամանակ երկու աթոռներին, մյուս կողմից Սերժ Սարգսյանն ու նրա թիմը պնդում են, թե մեկ է՝ Հայաստանը «ե՛ւ-ե՛ւ» է անելու։
Ասել, թե Սարգսյանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությունն անսպասելի էր, դժվար է, սակայն նույնքան դժվար է նաեւ հիմնավորել, թե ինչու նա իրավիճակը հասցրեց այնպիսի ծայրահեղության, որից հետո նրա ցանկացած հայտարարություն երկու կողմերից էլ կընկալվի որպես դավաճանություն՝ այդտեղից բխող հետեւանքներով։ Իհարկե, թե՛ Եվրոպայի, թե՛ Ռուսաստանի կարծիքը երկրորդական է, գլխավորը մեր երկրի շահն է, սակայն խնդիրն այն է, որ կողմերից մեկի հիասթափության չափից բուռն դրսեւորումը ի վերջո վտանգելու է հենց մեր շահը։
Երբ հայ-թուրքական արձանագրությունների գործընթացն ի վերջո ձախողվեց, ՀՀԿ-ականները չէին դադարում շեշտել, որ այդ գործընթացից մենք շահեցինք, քանի որ ՀՀ-ն՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, ձեռք բերեց հուսալի գործընկերոջ համբավ, ինչը շատ կարեւոր է: Եվ հիմա հարց է առաջանում. ինչպիսի՞ համբավ ձեռք բերեց Սարգսյանը հիմա, երբ երեքուկես տարի շարունակ եվրոպացիներին քթից բռնած ման տալով՝ գնաց Մոսկվա եւ Պուտինի հետ կեսժամանոց կոշտ զրույցից հետո հանկարծ հիշեց, որ «անհնար է եւ անարդյունավետ, գտնվելով ռազմական անվտանգության մի համակարգում, մեկուսանալ համապատասխան աշխարհատնտեսական տարածքից»։ Բնականաբար, Ս. Սարգսյանը չէր կարող նման զարգացումը չկանխատեսել, եւ նրա հաշվարկը՝ դեռ մի որոշ ժամանակ էլ մանեւրել կողմերի միջեւ, գուցե կարող է զուտ այս փուլի համար իրագործելի լինել։
Ասոցացման համաձայնագրի հետ կապված՝ կարեւոր է նկատի առնել այն հանգամանքը, որ խոսքը առայժմ ընդամենը այն նախաստորագրելու մասին է, որն ինքնին ոչինչ չի պարտավորեցնում։ Եվ ինչպես հայ-թուրքական արձանագրությունների դեպքում, նախաստորագրումից մինչեւ ստորագրում եւ վավերացում դեռ շատ բան կարող է փոխվել։ Ուստի Ս. Սարգսյանի հաշվարկը կարող է հիմնված լինել հենց այդ իրավիճակային փոփոխությունների վրա:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում