Հատված ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հարցազրույցից:
– Պարոն Զաքարյան, ձեզ համար անակնկա՞լ էր Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի երեկվա համատեղ հայտարարությունը։
– Ոչ։
– Ասում եք, անակնկալ չէր, բայց մինչեւ վերջերս ՀՀ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ բոլորովին այլ հայտարարություններ էին անում, մասնավորապես վարչապետը, ՀՀ փոխարտգործնախարարն ասում էին, թե հնարավոր չէ ընդհանուր սահման չունենալով, Մաքսային միությանը մաս կազմել։ Այդ հակասությունները ինչո՞վ կբացատրեք։
Կարդացեք նաև
– Խնդիրը հակասությունների մեջ չէ, խնդիրը տնտեսական ինտեգրման եւ տնտեսական տարածքում, առաջին հերթին անվտանգության խնդիրներն են, նաեւ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացը։ Այս առումով, ինչպես եւ նախկինում ասվում էր՝ մենք, այո, շարունակում ենք անմասն չմնալ երկու ֆորմացիաներից եւ ընտրվեց Մաքսային միությանը միանալու ճանապարհը, որովհետեւ Հայաստանի համար բազմաթիվ գործոններ հաշվի առնվեցին։
Ի սկզբանե չէր բացառվում, այո, Մաքսային միությանը միանալը։ Զուգահեռաբար մենք բանակցեցինք եւ ավարտեցինք Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը, Ասոցացման համաձայնագիրը եւ սրանք զուգահեռ գործընթաց են, մեկը մյուսով չի փոխարինվել։ Հետեւաբար, անակնկալները առաջին հայացքից են։ Եվ սա չի նշանակում, որ Եվրամիության եւ ԵՄ անդամ երկրների հետ մենք չենք շարունակելու խորացնել, զարգացնել մեր երկկողմ հարաբերությունները, չենք շարունակելու այն բոլոր բարեփոխումները եւ քաղաքական հանձնառությունները, որ ստանձնել ենք եվրոպական կառույցների առջեւ։
– Դուք ասում եք՝ անակնկալ չէր, բայց եվրոպացի մի շարք պաշտոնյաներ նախօրեից հայտարարություններ են անում եւ ակնհայտ է, որ նրանց համար էլ էր անակնկալ, նրանք շեշտում են, որ 180 աստիճանի շրջադարձ է տեղի ունեցել։ Դուք հիմա ուզում եք ասել, որ հնարավո՞ր է մաս կազմել երկու իրար լիովին հակադիր կառույցներին։
– Եվրամիության պաշտոնական տեսակետը դեռեւս մենք չունենք։ Եվրամիությունը շատ զգուշավոր է եւ շտապողականություն չի ցուցաբերում։ Այլ բան է, որ տարբեր պաշտոնյաներ, խորհրդարանականներ իրենց
տեսակետները ներկայացրեցին, այդ թվում նաեւ ԵՄ անդամ երկրների արտգործնախարարներ, ըստ էության, շեշտելով ՀՀ կողմից կատարված ընտրության նկատմամբ իրենց հարգանքը։
– Բայց նրանք շեշտում են, որ 180 աստիճանի շրջադարձ է տեղի ունեցել։
– Շրջադարձ չի եղել ըստ էության, մենք շարունակում ենք այն կուրսը, որը հայտարարել էինք։ Մաքսային միությանը միանալու որոշումը որոշ խնդիրներ, իհարկե, ունի Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի հետ, բայց, ըստ էության, դա Հայաստանի եվրոպական երկխոսության, եվրոպական մերձեցման քաղաքականությանը որեւէ կերպ չի հակասում։ Եվ այստեղ նոր աշխատանքային հնարավորություններ են բացվում, նոր գործունեության դաշտ է բացվում Եվրամիության հետ հարաբերությունները զարգացնելու, խորացնելու համար։ Մենք շարունակելու ենք մնալ Արեւելյան գործընկերության անդամ, շարունակելու ենք ակտիվորեն մասնակցել եվրոպական ասոցացման գործընթացին, փորձելու ենք նաեւ մեր եվրոպացի գործընկերներին հետագայում բացատրել եւ ավելի հանգամանալից ներկայացնել բոլոր այն խնդիրները, որոնք այսօր բխում են ՀՀ շահերից, որոնք հիմք են հանդիսացել Մաքսային միությանը միանալու որոշում կայացնելու համար։ Կարծում եմ, ցանկացած երկիր առաջին հերթին իր համար կընտրեր անվտանգության խնդիրները, էներգետիկ, տնտեսական անվտանգության հեռանկարները եւ այստեղ իսկապես կշեռքին դնելու, կշռելու, ռացիոնալ եւ սառը, կշռադատված որոշում է կայացվել:
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում