Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Դու միաժամանակ չես կարող լինել ավազակի եւ ազնիվի դաշնակից»

Սեպտեմբեր 05,2013 11:52

«Պետք էր բաց ու հրապարակավ խոսել, ոչ թե գողի նման կծկված»,- այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն`անդրադառնալով նախագահ Սարգսյանի մոսկովյան հայտարարությանը`Մաքսային միությանն անդամակցության մասին եւ դրան նախորդած հայտարարություններին`ԵՄ-ին ինտեգրվելու մասին:

Այնուհանդերձ, նա նախագահի հայտարարությունն առ ոչինչ է համարում, քան դեռ խորհրդարանն ու ՍԴ-ն չեն վավերացրել այն, ուստի, կարծում է, որ պետք է քննարկել այդ հայտարարությունը:

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, որ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հայտարարեց, թե Հայաստանի օրակարգից դուրս չի գալիս եվրաինտեգրումը, Հայրիկյանը նկատեց, որ միջազգայնագետ Վիգեն Սարգսյանը պետք է, որ լավ իմանար, որ երկկողմ հարաբերություններում երկրորդ կողմի կարծիքն էլ է կարեւոր, իսկ դա քանիցս է բարձրաձայնել`կամ-կամ. «Դու միաժամանակ չես կարող լինել ավազակի եւ ազնիվի դաշնակից»:

Պատասխանելով Aravot.am-ի դիտարկմանը, որ Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքեջում տեղադրված հաղորդագրության համաձայն, իրենք ըմբռնումով են մոտենում Հայաստանի որոշմանը, Հայրիկյանն ասաց. «Նրանք հասկանում են, որ Հայաստանն իրեն շատ վատ պահեց, բայց հասկանում են, որ Հայաստանին պետք է ապրել ու այս պահին, երբ ՌԴ-ն Սմերչ տվեց Ադրբեջանին, նրան դարձրեց ՌԴ-ի կատաղած շունը, հետեւաբար, ընդամենն ըմբռնումով են մոտենում»:

Հայրիկյանը դա համարում է նաեւ լուրջ հարված «կոմունիստական ամբողջատիրության մնացուկներին»`ցույց տալով, որ Եվրոպան հասկանում է, թե ինչի մասին է խոսքը, բայց կարող է ապրելու հնարավորություն տալ Հայաստանին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30