Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսքը «տասը ռուբլիով» Սոչի հանգստանալ գնալու մասին չէ, ինչպես Սովետի ժամանակներում

Սեպտեմբեր 05,2013 11:27

Իրավիճակն, անշուշտ, խիստ ուշագրավ է, որովհետեւ կարծես թե Հայաստանն իր «ավանդական» կոմպլեմենտար քաղաքականությամբ առաջին անգամ խախտում է բալանսը` հօգուտ ռազմավարական դաշնակցի, ինչպես մեզանում, ոմանք լուրջ, ոմանք էլ` հեգնանքով, անվանում են Ռուսաստանին: Իրականում Ռուսաստանի` մեզ համար ռազմավարական դաշնակից լինելը չէ, որ ապացուցելու կամ հերքելու ենք, ոչ էլ խոսելու ենք այդ երկրում վերջին տարիներին հատկապես ձեւավորված հայկական ամենահոծ համայնքի մասին: Խոսքը երկուՙ այս պահին անհամեմատ ավելի կարեւոր բաների մասին է` փողի եւ Ադրբեջանի: Ըստ ադրբեջանական որոշ աղբյուրներիՙ վերջերս Բաքվում գտնվող ՌԴ նախագահ Պուտինը «շուրջ 7 ժամ» առանձնազրույց է ունեցել Իլհամ Ալիեւի հետ: Սերժ Սարգսյանի հետ Պուտինը զրուցեց իր մերձմոսկովյան նստավայրում եւ ոչ թե «շուրջ 7 ժամ», այլ գրեթե մեկ ժամ: Ալիեւը, Պուտինի հետ հանդիպելուց հետո ամենեւին էլ հայտարարությամբ հանդես չեկավ, թե «Ադրբեջանը որոշում ունի Մաքսային միությանը միանալու վերաբերյալ», չնայած «շուրջ 7 ժամ տեւած զրույցին», փոխարենը Պուտինի հետ անհամեմատ ավելի քիչ զրուցելուց հետո Հայաստանի հիշյալ որոշման մասին հայտարարեց նախագահ Սարգսյանը: Հետեւաբար, կամ Ռուսաստանը չունի Ադրբեջանին ճնշելու ազդու լծակներ, կամ Պուտինին այս պահին գոնե ամենեւին էլ պետք չէ Բաքվի` Մաքսային միությանը միանալու որոշումը: Մինչդեռ Ադրբեջանի որոշումը այս առումով անչափ կարեւոր է Հայաստանի համար, անշուշտ, սեփական որոշումը կայացնելուց հետո: Բանն այն է, որ աշխարհաքաղաքական այս կամ այն միավորմանն անդամակցելու Հայաստանի ու Ադրբեջանի որոշումներից է մեծ մասամբ այսօր նաեւ պայմանավորված ԼՂ հիմնահարցի լուծումը: Այսինքն, եթե, օրինակ, տարիների ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը հայտնվում են տարբեր միավորումների մեջ, ապա դա անհամեմատ բարդացնում է հակամարտության լուծումը, դարձնում գրեթե անհնարին: Եթե երկուսն էլ հայտնվում են միեւնույն միավորման մեջ, հիմնահարցի լուծումն ու դրա ինչպիսին լինելն արդեն կապված կլինեն, թե կոնկրետ ո՞ր միավորմանն են անդամակցել երկու երկրները. եվրոպականը գոնե երաշխիքներ չի տալիս այս առումով մեզ, իսկ ռուսական «տիրույթն», իհարկե, դառը հուշեր է արթնացնում մեզանում…
Եվ փողի մասին. Եվրոպայից, Արեւմուտքից առհասարակ Հայաստան իհարկե մտնում են ֆինանսական միջոցներ, որոնց թիվը հատկապես շատացել է վերջին տարիներին, երբ Հայաստանն, ընդգծելով իր` «եվրոպական ընտանիքի մի մասը լինելը», քայլեր էր ձեռնարկում եվրաինտեգրման նպատակով, որոշակիորեն օգտվելով ԵՄ-ի հռչակած «Ավելին` ավելիի դիմաց» հայտնի քաղաքականությունից: Սակայն, անգամ այս համապատկերում, գաղտնիք չէ, որ այսօր Հայաստան մտնող փողի հսկայական մասը ոչ միայն գալիս է Ռուսաստանից, այլեւ կենտրոնացած է Ռուսաստանում: Իհարկե, արեւմտյան երկրներում գտնվող մեր հայրենակից գործարարները եւս իրենց ներդրումները (թեկուզ նվիրատվությունների կարգով) անում են հայրենիքում, բայց ռուսաստանահայ գործարար շրջանակները, հասկանալի է, ոչ միայն ձեւավորում են, օրինակ, «Հայաստան» համահայկական հիմնադրամում ամեն տարի հավաքված գումարի մեծ մասը, այլեւ ազդեցություն ունեն Հայաստանի քաղաքական որոշումների վրա:
Դրանցից մեկը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում բարձրաձայնեց ՀՀ նախագահը: Մնում է հասկանալ, ի՞նչ էր Ասոցիացման համաձայնագիրը ԵՄ-ի հետ, որը, փաստորեն, անիմաստ դարձավ, եւ ի՞նչ է, ըստ էության, Մաքսային միությունն իր Եվրասիական միություն հեռանկարով, որին միանալու «որոշում ունենք»: Իսկ սա հասկանալու համար պետք չէ շատ խելացի լինել, առավել եւս այդպիսին երեւալ, պարզապես անհրաժեշտ է ժամանակ:
Հասկանալի է, որ խոսքը «տասը ռուբլիով» Սոչի հանգստանալ գնալու մասին չէ, ինչպես Սովետի ժամանակներում…

 

Հովիկ ԱՖՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այսօրվա համարում   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30