Լրահոս
Օրվա լրահոսը

Գիշերային հերթական որոշումը

Սեպտեմբեր 05,2013 11:16

Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանն անդամակցելու սեպտեմբերի 3-ի որոշումը կարելի է գնահատել որպես խիստ կասկածելի և տարօրինակ հանգամանքներում կայացված որոշում: Սա հերթական «գիշերային որոշումն» է, որից հետո սովորաբար ամբողջ Հայաստանը կանգնում է փաստի առաջ:

Սերժ Սարգսյանն աչքի է ընկնում ծածուկ որոշումներ կայացնելու հատկությամբ: 2009թ. մի գիշերվա ընթացքում հայտարարվեց հայ-թուրքական ճանապարհային քարտեզի մասին, որից նույնիսկ իշխանության կարկառուն ներկայացուցիչները տեղյակ չէին: Նույն ոճի մեջ 2013թ. սեպտեմբերի 3-ին, բոլորի համար, այդ թվում՝ իշխանության շատ ներկայացուցիչների, Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց Մաքսային միությանը անդամակցելու մասին:

Գործող նախագահը, ըստ ամենայնի, նման որոշում կայացրել է միանձնյա կամ շատ նեղ շրջապատով: Այդ մասին են վկայում բարձրաստիճան պաշտոնյաների և իշխանավորների ավելի վաղ արած հայտարարությունները, որտեղ նրանք միանշանակ բացառում էին Մաքսային միությանը անդամագրվելու հեռանկարը և 100-տոկոսանոց համոզմունք էին հայտնում, որ Հայաստանը Վիլնյուսում անպայման կնախաստորագրի Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը և Ազատ առևտրի մասին փաստաթուղթը: Ավելին, օգոստոսի 21-ին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հիմնավորում էր, թե ինչու նպատակահարմար չէ անդամակցել Մաքսային միությանը: Նա բառացի ասում էր. «Եթե դու դառնում ես Մաքսային միության անդամ, արդեն դու սուվերեն չես»: Հետևելով փոխարտգործնախարար տրամաբանությանը՝ կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանը, Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ որոշում կայացնելով, ոտնահարել է Հայաստանի սուվերենությունը:

Դեռ 2012թ. ապրիլի 4-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ռուսական «Կուրսանտ» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը անիմաստ է, քանի որ ընդհանուր սահմաններ գոյություն չունեն, և ավելորդ դժվարություններ են ստեղծվելու: Այս տրամաբանությունը զարգացնելով՝ նույն տարվա մայիսի 16-ին Տիգրան Սարգսյանը ռուսական «Վեդոմոստի» թերթում «Հայաստանը նայում է Եվրոպային» խորագրով հոդված էր հրապարակել:

Ստացվում է, որ տարիներ շարունակ ՀՀ կառավարությունը քաղաքականություն է վարել Եվրոպայի հետ ինտեգրման ուղղությամբ, և համապատասխան բազա է ստեղծվել, սակայն ընդամենը մի քանի օրվա ընթացքում Սերժ Սարգսյանը միանձնյա փոխում է Հայաստանի ինտեգրացիոն վեկտորը, և ամբողջ կառավարությանը կանգնեցնում փաստի առաջ:

Դերենիկ Մալխասյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Օրակարգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30