Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ․ «Երկրները իրավունք ունեն ընտրել սեփական ճանապարհը»

Սեպտեմբեր 05,2013 10:31

«Ազատություն» ռադիոկայանՄիացյալ Նահանգների Պետդեպարտամենտում ակնկալում են, որ Հայաստանը նվիրված կմնա ժողովրդավարացմանը, բարեփոխումներին և եվրոպական ինտեգրացիային:

Բոլոր երկրները իրավունք ունեն ընտրել տնտեսական ինտեգրման և զարգացման սեփական ճանապարհը՝ համաձայն իրենց ազգային շահերի: «Ազատություն» ռադիոկայանի Վաշինգտոնի թղթակից Ռիչարդ Սոլաշին այդ մասին ասել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի պաշտոնյան, որը չի ցանկացել հրապարակել իր անունը:

Մեկնաբանելով Մաքսային միությանը անդամակցելու և Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի որոշման մասին նախագահ Սերժ Սարգսյանի՝ Նովո Օգարյովոյում արած հայտարարությունը՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնյան նաև ընդգծել է․ – «Ոչ մի երկիր իրավունք չունի որոշել այլ երկրի քաղաքական և տնտեսական կողմնորոշումը, ոչ էլ որոշել, թե ինչ դաշինքների և առևտրական համաձայնագրերի այն կարող է միանալ»:

«Մեզ քաջալերում էր Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը, քանի որ այն կնպաստեր Հայաստանի արդիականացմանը և բարեփոխմանը», – շարունակել է ամերիկացի դիվանագետը:

Ընդգծելով, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է, որն ինքը պետք է որոշի իր ուղեգիծը, Պետդեպարտամենտի պաշտոնյան ավելացրել է․ – «Այս որոշումները կենսական կարևորություն ունեն, և դրանք հայաստանցիների ու Հայաստանի որոշելիք հարցն են»:

«Մենք խրախուսում ենք Հայաստանին հավատարիմ մնալ քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում իր մի շարք հանձնառություններին և ամենակարևորը՝ իր նվիրվածությանը հետագա ժողովրդավարացմանը, քաղաքական և տնտեսական բարեփոխումներին և եվրոպական ինտեգրացիային», – ամփոփել է ամերիկացի դիվանագետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30