Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկեց 2012 թվականի դեկտեմբերի 5-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների դեմ պայքարող իրավասու մարմինների նյութատեխնիկական ապահովման շուրջ համագործակցության մասին» համաձայնագիրը, որը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ռոմիկ Հարությունյանը: Հիմնական զեկուցողը նշեց, որ համաձայնագրի նպատակն է ԱՊՀ մասնակից պետությունների՝ ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների դեմ պայքարող իրավասու մարմինների համար ապահովել հավասար եւ արտոնյալ պայմաններով հատուկ տեխնիկա եւ հատուկ միջոցներ:
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը ներկայացրեց նաեւ 2012 թվականի դեկտեմբերի 5-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների իրավասու մարմինների ուսումնական հաստատություններում հակաահաբեկչական ստորաբաժանումների մասնագետների պատրաստման գործում համագործակցության մասին» համաձայնագիրը, որի նպատակն է ԱՊՀ մասնակից պետությունների ահաբեկչության դեմ պայքարող իրավասու մարմինների ստորաբաժանումների աշխատակիցների համար ապահովել վճարովի, արտոնյալ կամ անհատույց հիմունքներով ուսումնառություն եւ վերապատրաստում:
Նիստում քննարկվեց նաեւ 2012 թվականի նոյեմբերի 20-ին Աբու Դաբիում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ միմյանց համապատասխան տարածքների միջեւ եւ դրանցից դուրս օդային հաղորդակցության մասին» համաձայնագիրը, որը, ըստ հիմնական զեկուցող ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արամ Մարությանի, իրավական հիմք կհանդիսանա երկու երկրների միջեւ կանոնավոր օդային հաղորդակցությունների հետագա կարգավորման համար, կնպաստի երկու երկրների միջեւ տնտեսական եւ մշակութային կապերի զարգացմանը: Համաձայնագրի հոդվածներով սահմանվում եւ կարգավորվում են միջազգային կանոնավոր օդային փոխադրումների իրականացման համար երկու կողմից նշանակված ավիաընկերությունների լիազորությունները, իրավունքներն ու պարտականությունները, թռիչքային եւ ավիացիոն անվտանգության պահանջների ապահովման եւ պահպանման դրույթները:
Քննարկված համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի քննարկմանն ու վավերացմանը:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Արտակ Դավթյանի նախագահությամբ քննարկեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի եւ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի՝ ուսման վարձավճարների բարձրացման վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու մասին առաջարկը: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը եւ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը հավաստիացրին, որ ուսման վարձավճարների բարձրացման հարցը բազմիցս քննարկվել է, փորձ է արվել այլընտրանքային այլ եղանակներով լուծել ոլորտում առկա ֆինանսական խնդիրները, սակայն հնարավոր չի եղել: Նշվեց, որ բոլոր դիմորդները ընդունելության դիմում-հայտերը լրացնելիս նախապես ծանոթացել են վարձավճարներին եւ առարկություններ չեն եղել: Ոլորտի պատասխանատուները նշեցին, որ բուհերում գործում է զեղչերի ճկուն համակարգ: Նշվեց, որ կառավարությունը ուսանողներին օժանդակելու հարցում բազմաթիվ ծրագրեր է իրականացնում: Առաջիկայում խորհրդարանի քննարկմանը կներկայացվի «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը եւս միտված է ուսանողներին աջակցելուն :
ԱԺ պատգամավորները, նիստին ներկա ուսանողները անդրադարձան համակարգի խնդիրներին եւ ներկայացրին իրենց առաջարկներն ու տեսակետները: Քննարկումների արդյունքում որոշվեց «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ուսման վարձավճարների բարձրացման վերաբերյալ կազմակերպել խորհրդարանական լսումներ:
Երկրորդ ընթերցման ընթացակարգով պատգամավորները քննարկեցին «Լեզվի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը եւ «Գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության մասին» օրինագիծը: Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց քննարկված բոլոր օրինագծերին՝ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:
Հանձնաժողովը որոշեց հետաձգել ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի հեղինակած «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծի քննարկումը:
ՀՀ ԱԺ