Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մոտ 2 ժամ ուշացումով շարունակվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի`27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը:
Դատարանը մոտակա տեխնիկայի խանութներից մեկից հեռուստացույց էր բերել ու ժամերով սպասում էր, թե երբ մայրաքաղաքից Գյումրի կտեղափոխեն ամբաստանյալ Հարություն Սարգսյանին, որպեսզի իրեղեն ապացույցների շարքում հետազոտեին այն տեսաերիզը, որի հիման վրա էլ վերջինս մեղադրում են մարդասպանության մեջ: Սակայն դատարան հրավիրված 4 վկաները, այդ թվում նաև սպանված Կարեն Եսայանի մայրը դատարան չէին ներկայացել:
Անահիտ Իսկանդարյանը գրություն էր ուղարկել դատարան`տեղեկացնելով, որ իր առողջական վիճակը վատ է: Տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնող Արմեն Մելքոնյանը միջնորդեց տեսաերիզը չցուցադրել` առանց դատակոչված վկաների: Ամբաստանյալի փաստաբան Լուսինե Սահակյանն էլ իր հերթին միջնորդեց բերման ենթարկել սպանված Կարեն Եսայանի մորը` Անահիտ Իսկանդարյանին, քանի որ տիկինը, չնայած դիմում է ներկայացրել դատարանին իր առողջական վատ վիճակի մասին, սակայն որևէ փաստաթուղթ չի կցել: Անահիտ Իսկանդարյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը խնդրեց նրան բերման չենթարկել` խոստանալով հաջորդ դատական նիստին ապահովել որդեկորույս մոր ներկայությունը:
Դատարանը որոշեց բերման ենթարկել մյուս վկաներին` Էդուարդ Հարությունյանին, Օհաննա Մացոյանին և Ռոման Ղարաքեշիշյանին, ով սպանված Կարեն Եսայանի ամենամոտ ընկերն է: Շարունակվեց իրեղեն ապացույցների հետազոտումը, դատարան էր բերվել ամբաստանյալ Հարություն Սարգսյանի տաբատը, որը առգրավվել են նրա մեքենայի միջից: Դատախազը դատարանում հայտարարեց, որ անդրավարտիքի ձախ փողքի վրա առկա են եղել կրակոցի արգասիքներ: Սակայն, ամբաստանյալի փաստաբանները ոչ միայն ներկայացրեցին իրենց նկատառումները կապված տոպրակի փաթեթավորման հետ, այլ շեշտեցին, որ անդրավարտիքը ծակոտված է, վառված, առկա են կեղտաբծեր, այնպես որ դա չէր կարող պիտանի լինել առօրյա օգտագործման:
Կարդացեք նաև
Հարություն Սարգսյանը ևս բորբոքվեց` դատարանից ձայն խնդրելով ու ասելով. «Չեմ հասկանում, ի՞նչ կապ ունի իմ բանվորական հագուստը այս գործի հետ, ես ուզում եմ հասկանալ, ի՞նչ է կատարվում»: Անդրավարտիքից զատ, այլ իրեղեն ապացույց չկար, չնայած որ այն տոպրակում, որտեղ տեղադրված էր տաբատը, կար նաև փաստաթուղթ Հարություն Սարգսյանի ննջասենյակից առգրավված «սվիտերի» մասին:
Փաստաբանները հետաքրքրվեցին, թե ո՞ւր են մյուս իրեղեն ապացույցները, որին ի պատասխան դատավոր Մարտին Սարոյանը ասաց, որ դուք պահանջել էիք միայն անդրավարտիքն ու «սվիտերը»:
Դատավորը հայտնեց, որ իր հաջորդ քայլը պետք է լինի ամբաստանյալի հարցաքննությունը, որին սակայն չհամաձայնեցին կողմերը: Դատը հետաձգվեց`նշանակվելով սեպտեմբերի 10-ին և 11-ին:
Տեսանյութը`Asparez.am –ի
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ