Եթե նախընտրում եք լավ երաժշտություն, ապա այն ունկնդրելու համար այսօր պարտադիր չէ այցելել որևէ ակումբ կամ փաբ: Ձեր նախընտրած դիջեյն արդեն ձեր տանն է, ձեր համակարգչի մեջ, իսկ դուք կարող եք նրան վայելել օնլայն՝ podcast-ներին, live set-երին հետևելով: 25-ամյա DJ Անաիս PAWS-ից, ով բավականին ժամանակ է, ինչ անցել է օնլայն հարթակ և իր երաժշտությունը մատուցում է այնտեղ, փորձեցինք հետաքրքրվել օնլայն «դիջեյության» առավելությունների և խնդիրների մասին:
Այսօր Հայաստանում հազիվ թե գտնենք մեկ –երկու հոգի, ով իր երաժշտությունը մատուցում է նման հարթակում, ինչո՞ւ որոշեցիք այդպես հանդես գալ, և արդյոք մարդկանց հետաքրքրում է օնլայն «դիջեյությունը»:
Այդ տարբերակը ընտրեցի շատ պարզ պատճառով, որ ինձ՝ իմ «տարած» երաժշտությամբ, սկսեցին ավելի քիչ հրավիրել դիջեյություն անելու: Ես էլ ասացի՝ դնեմ ինքս ինձ համար նվագեմ՝ օնլայն. ով կցանկանա, թող լսի, իսկ ով չի ցանկանա, թող անջատի: Ինքս շատ եմ սիրում լսել այլ դիջեյների podcast-ներին live set-երին, ու երբ որոշեցի, որ ինքս ներկայացնեմ դա , հասկացա, որ այդքան էլ հեշտ չէ: Ասեմ Ձեզ՝ օնլայն դիջեյությունն ունի իր առավելությունները և խնդիրները: Խնդիրն այն է, որ չես տեսնում հանդիսատեսիդ, չես հասկանում՝ նա ինչպե՞ս կարձագանքի ամեն երգին, չգիտես նույնիսկ ով է նա, և այդ խնդիրը հանգեցնում է մի շարք առավելությունների: Սկսում ես նվագել ինչ-որ «ներքին զգացողությամբ»: Դնում ես այնպիսի երաժշտություն, ինչպիսին չէիր դնի ակումբում՝ շատ լավ իմանալով, որ չեն «հասկանա»: Իսկ այստեղ ավելի շատ դու՝ ինքդ քո հետ ես, քո մտքերով և էմոցիաներով: Կոնկրետ Հայաստանում ես գիտեմ, որ շատ կան էլեկտրոնային երաժշտություն լսողներ, և կան մարդիկ, ովքեր իսկապես հասկանում են՝ ինչ են լսում՝ իսկական «էսթեթ», բայց հենց այդ մարդիկ գալիս են ակումբ, նրանք, չգիտես ինչո՞ւ, մոռանում են դրա մասին, լինի դա կաշկանդվածությունից, թե մասսային հետևելու սովորությունից: Այդ մարդիկ սկսում են ինձ մոտենալ և ասել՝ «Ան մի հատ Градусы – Голая կդնես միքիչ տժանք»: Իսկ օնլայն նվագելը, իմ կարծիքով, ելք է, այս պարագայում, որ ակումբում կարող են լսել Градусы, իսկ տանը լսեն իմ սեթերը: Ես դեմ չեմ, թող լսեն 🙂 :
Կպատմեք մի փոքր ձեր մասին, ինչպե՞ս սկեցիք հետաքրքրվել երաժշտությամբ և ի՞նչ մասնագիտություն ունեք:
Դե ինչի՞ց սկսեմ: Հայրս կիթառահար էր և ես փոքրուց մեծացել եմ «երաժշտության մեջ»: Ինչ ծնվել եմ, լսել եմ ռոք, ջազ և կլասիկ երաժշտություն՝ դեռ ամենա-ամենափոքր տարիքից: Երբ ավելի մեծացա, սկսեցի լսել փանկ երաժշտություն, որն ավելի «անարխիստական» էր, ես էլ թինեյջեր էի՝ կարմիր մազերով ու կաշվե շալվարներով J : Հետո էլի մեծացա, սկսեցի հետաքրքրվել ավելի էթնիկ երաժշտությամբ` հնդկական, չինական, ճապոնական, որից էլ անցում կատարեցի էլեկտրոնայինին (այդ ժամանակ Բուդդա Բառ երաժշտական հավաքածուներ կային շատ մոդայիկ էին): Չնայած, որ մասնագիտությունս կապ չունի երաժշտության հետ (ես գովազդի ու մարքեթինգի մասնագետ եմ-Անաիս)՝ երաժշտությունը իմ կյանքի անբաժան մասն է միշտ եղել, ես ամեն օր լսում էի և լսում եմ ահռելի քանակությամբ նոր երաժշտություն՝ 70-ից – 100 նոր երգեր, որոնք ուղղակի հետաքրքիր են ինձ համար, և այդպես մի օր որոշեցի բոլոր իմ հավաքած երգերը մի տեղ օգտագործել և սկսեցի սեթեր գրել 🙂 :
Իսկ ինչո՞վ եք զբաղվում այսօր, բացի դիջեյությունից, և արդյոք այն ձեզ համար կարելի՞ է հոբբի անվանել :
Ես աշխատում եմ իմ մասնագիտությամ IT ոլորտում: Իսկ դիջեյություն կոնկրետ վերջերս համարյա չեմ անում, ընդհանրապես ակումբներում նվագում եմ արդեն մի տարի, բայց դրանից շուտ եմ հոգնում, այն երաժշտությունը որը ես եմ սիրում ու նվագում, այդքան պարելու չէ, այլ ավելի շատ լսելու: Ակումբներում միշտ դիլեմայի առջև եմ կագնում՝ մարդկանց պարացնել ավելի թեթև փոփ երաժշտությա՞մբ, ռեմիքսներո՞վ, թե՞՝ թողնեմ, որ նստեն, լսեն այն ավելի շատ հանգիստ վիճակում: Ես ավելի նախնտրում եմ երկրորդ տարբերակը, իսկ ակումբի այցելուները՝ առաջին, դրա համար վերջերս սկսել եմ քիչ նվագել:
Իսկ կա՞ ինչ-որ ժանր, որ փորձում եք չշեղվել դրանից:
Կոնկրետ ժանր կարող եմ առանձնացնել IDM-ը, որը բացվում՝ Intelligent dance music, որը էքսպերիմենտալ էլեկտրոնային երաժշտություն է և իր մեջ պարունակում է տեխնո, հիփ-հոփ, ավանգարդ և մի շարք այլ ինդուստրիալ ոճի երաժշտություն: Բայց ես սիրում եմ ամեն ինչ խառնել և նվագում եմ նաև հաուս, հին 80 ականների դիսկո: Սեթերում շատ հաճախ օգտագործում եմ ֆիլմերից հատվածներ, խոսակցություններ, կլասիկ երաժշտություն՝ մասնավորապես Eric Satie-ի դաշնամուրային գործերը: Իմիջիայլոց հենց ֆիլմերի հետ կապված ես ունեմ առանձին սեթեր, որոնք ներառում են ոչ միայն ֆիլմի սաուդթրեքը, այլ նաև կոնկրետ ֆիլմին համահունչ այլ երաժշտություն, որը ես հատուկ ընտրում եմ սեթի համար:
Կարդացեք նաև
Ի՞նչ եք կարծում՝ արդեն «աչքներս սովորել է» հայ աղջիկ դիջեյներին, թե կան մարդիկ, ովքեր թերահավատորեն են մոտենում նրանց:
Դժգոհներ միշտ էլ կան դիջեյների ոլորտում, հատկապես Հայաստանում, հատկապես եթե աղջիկ ես: Կոնկրետ իմ մասին ինչ ասես, ումից ասես չեմ լսել`«Բա են Անաիսին գիտե՞ք՝ կարճ մազերով, տատուներով, իրան դրել է դիջեյի տեղ, թիթիզ հագնվում, գալիս է իբր նվագելու ու անկապ երաժշտություն դնում, որ չգիտես սկի ոնց պարես դրա տակ..» և այդ տիպի տարբեր արտահայտություններ, որոնք ի դեպ ասում են ոչ թե սովորական ունկնդիրները, այլ իմ կոլեգաները` դիջեյները: Ես այդ տիպի արտահայտությունները շատ հումորով եմ ընդունում, որովհետեև ինքս պատկերացում չունեի, որ կարող եմ երբևիցե ինձ անծանոթ մարդկանց քննարկման առարկա դառնալ: Բայց Երևանում կան մի շարք աղջիկ դիջեյներ, որոնք ինձանից ավելի ճանաչված և ինչո՞ւ չէ, ավելի պրոֆեսիոնալ են, որոնք շատ տարիներ աշխատում են այդ բնագավառում, և ես կարծում եմ, որ այդ փաստը հենց խոսում է նրա մասին, որ կոնկրետ դիջեյության ոլորտում կանանց հանգիստ են ընդունում, մեկ-մեկ նույնիսկ ավելի ջերմ, քան տղամարդկանց:
Իսկ համեմատություն կարելի՞ է անցկացնել տղա և աղջիկ դջեյների միջև, նրանց երաժշտությունը տարբերվում է միմյանցից:
Տարբերություն, իմ կարծիքով, չկա ընդհանրապես` երգը կարող է լինել շատ մելոդիկ, շատ նուրբ և քնքուշ, բայց հետո, երբ տեսնում ես, որ այն գրել է 100 կիլոանոց, թրաշով, արտաքինից կոպիտ տղամարդ, հասկանում ես, որ տարբերություն չկա ընդհանրապես: Եվ իհարկե կան նաև կին երաժիշտներ, ովքեր շատ նուրբ տեսք ունեն՝ նիհար, կապույտ աչքերով, դեղին մազերով, բայց գրում են շատ չոր, բրուտալ, տեխնո երաժշտություն:
Վերադառնանք Ձեզ, ինչու՞ Paws, ե՞րբ ձեզ այդպես կոչեցիք :
Իմ իսկական անուն-ազգանունը Անաիս Գյուլբուդաղյան է, իսկ Paws-ը իմ մականունն էր շատ երկար ժամանակ, մինչև դեռ դիջեյություն անելը: Ինքս էի ընտրել, մի օր լրիվ պատահական այդ բառը եկավ մտքիս: Հեռուստացույց էի նայում, Animal Planet – ով ինչ-որ հաղորդում էր՝ կատվի թաթեր էին ցույց տալիս, ես էլ սիրում եմ կատուներին և ընկերներիցս շատ եմ լսել, որ իմ ձեռքերը նման են կատվի թաթերին, քանի որ նրանց նման երկար ու բարակ են: Այդպես որոշեցի մականունս դնել PAWS, որը անգլերենից թարգմանաբար նշանակում է թաթեր: Ի դեպ դրա իմաստը ոչ մեկը չի հասկանում, ես էլ արդեն սովորել եմ 🙂
Իսկ ի՞նչ նոր ծրագրեր ունեք, ի՞նչ սպասեն նրանք, ովքեր հետևում են ձեր առաջարկած երաժշտությանը:
Դե ես ամեն շաբաթ նոր սեթ եմ նվագում, մյուս սեթը կլինի սեպտեմբերի 7-ին ժամը 20:00-ին, (կարող եք լսել՝ https://mixlr.com/p%E2%88%86ws/ ) , հետագայում պլանավորում եմ համագործակցել մի քանի դիջեյների հետ համատեղ օնլայն սեթ անենլու համար: Իմ երաժշտությունը դեռ չեմ հասցնում գրել, քանի որ գործեր շատ ունեմ, բայց կաշխատեմ ժամանակ հատկացնել ստեղծագործելու համար:
Օվսաննա Սիմոնյան