Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային գիտաժողով` նվիրված հայրենադարձությանը

Սեպտեմբեր 04,2013 17:35

Այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մեկնարկեց «Լեզուն, կրթությունը և ընտանիքը հայրենադարձության գործընթացում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը:

Գիտաժողովի ընթացքում բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն իր խոսքում կարեւորելով արտագաղթի խնդիրը, նկատեց, որ այն շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում` անհանգստացնելով ամենալայն շրջանակներին: «Լեզվական դասընթացները, սոցիալական, հոգեբանական աջակցությունը, մշակութային տարատեսակ միջոցառումների կազմակերպումը օգնում են նվազեցնել հայրենադարձների տարատեսակ խնդիրներն ու աջակցել սոցիալական վերաինտեգրացմանը»,-ընդգծեց նա:

«Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի տնօրեն Վիրջին Արտոն հայրենադարձությունը որակելով երկարատեւ և բարդ գործընթաց, կարծում է, որ համապատասխան պետական կառույցները, միջազգային հասարակական կազմակերպություններն ու Սփյուռքը հիմնական դերակատարներն են վերաինտեգրման գործընթացը արժանապատիվ, արդյունավետ և կայուն ձևով իրականացնելու համար.«Այսօրվա նախաձեռնությունը ընդգրկել է կառավարական և ոչ կառավարական մի շարք կառույցների, անձանց, ովքեր ակտիվորեն պայքարում են արտագաղթի դեմ: Նման ծրագրերը միտված են ապահովելու հայրենադարձությունն ու կանխելու մեծ ծավալի հասնող արտագաղթը: Լեզուն, կրթությունն ու ընտանիքը իսկապես կարևոր են»,-ասաց Վիրջին Արտոն` հավելելով, որ այսօր կարիք կա ամրապնդելու կրթությունը, վերապատրաստելու և ստեղծելու վերաինտեգրման բարենպաստ միջավայր:

ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ նկատեց, որ կոնֆերանսի բազմաբովանդակ և խնդրահարույց թեմաներով հարցադրումները գտնվում են նախարարության ուշադրության առանցքում:

Խոսելով հայրենադարձ երեխաների մասին` նախարարը ընդգծեց հայրենիքում նրանց կրթության կազմակերպման և կրթական կարիքների բավարարման հիմնախնդիրներն ու հատկապես մայրենիի ոչ բավարար իմացությունը:

Լրագրողների հետ զրույցում նախարարն անդրադառնալով վարձավճարներին, նշեց, որ ներկայացվել են քայլերը, որպեսզի կրթության կարգավորման ընթացքում նոր ձեռքբերումներ եւ հնարավորություններ լինեն. «Երկու բանաձեւ ենք խոստացել: Առաջինը, որ ոչ մի լավ սովորող ուսանող դուրս չի մնալու համալսարանից ուսման վարձի պատճառով եւ երկրորդ` ուսման վարձի թանկացման պատճառով հավաքագրված հավելյալ գումարը ավելի օգուտ կլինի, քան այն գումարը, որ ծախսվելու է ուսանողների կրթության վրա: Արդեն 2 որոշում եղել է: Լավագույն ուսանողներին կտրամադրվի կրթաթոշակ մինչեւ 550 հազար դրամ եւ օրենքի նախագիծ, որտեղ բուհերին հատկացվում է վարկի որոշակի հատուկ զեղչման համակարգ: Սրանք այն նախագծերն են, որոնք առաջիկայում ԱԺ-ում քննարկման առարկա պետք է դառնան»,-ասաց Աշոտյանը` հավելելով, որ պատրաստվում է երրորդ ծրագիրը` ավելացնել պետական պատվերը 10-20%-ով` կրթության համար գերակա մասնագիտությունների գծով:

Նշենք, որ գիտաժողովի աշխատանքները կամփոփվեն սեպտեմբերի 5-ին:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30