Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Բարսեղյանը՝ Սերժ Սարգսյանին. «Քո ասածն ինձ համար հաշիվ չէ»

Սեպտեմբեր 04,2013 17:28

Այսօր Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի հայտարարության դեմ կազմակերպված բողոքի ակցիային մասնակցում էր Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն  Բարսեղյանը: Նա վրդովված էր, որ Սերժ Սարգսյանը 4 տարի միջոցներ է ծախսել պետբյուջեից, բազմաթիվ պաշտոնյաների գործուղումների է ուղարկել՝ ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցություններ վարելու. «Նրանք շարունակում էին 4 տարի բանակցել: Բա այդ մարդկանց ինչի՞ ես չարչարում, այ ախպեր ջան: Լավ, գտնում ես, որ հանրությունն ուզում է Մաքսային միություն, բա այդ մարդկանց ինչի՞ ես չարչարում: Մի՛ չարչարի, այդ 200 հոգանոց դիվանագիտական պատվիրակությունները մի մաշիր եվրոպական ճամփեքի վրա: Գուցե կարիք ունեին գնային շոփինգի, բայց չէ: Ես այդ բանակցող պաշտոնյաներից մի քանիսի հետ խոսել եմ, գիտեմ, որ մարդիկ լուրջ բանակցում էին ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ»:

Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է լինելու այս հայտարարությունից հետո, ի՞նչ պատասխան է Սերժ Սարգսյանը տալու եվրոպական կառույցներին: Լեւոն Բարսեղյանը պատասխանեց. «Լավ կլինի, ինքը վտարանդի մնա այնտեղ, ընդհանրապես չվերադառնա: Հանրությունը չի կարողանում հասկանալ եւ ընդունել իրեն՝ որպես մարդ, որը հանրությունից գաղտնի, ծածուկ որոշումներ է կայացնում, մեկ էլ առավոտ կանուխ կամ իրիկունն իմանում ենք այդ մասին: Հայ-թուրքականի դիպվածները հիշում եք, չէ՞, գիշերն ինչ-որ բան էին ստորագրում, պայմանավորվում, առավոտն իմանում էինք: Ինչո՞ւ պետք է հանրությունը տեղյակ չլինի: Հանրաքվե անեիր, հետո նոր ընտրեիր՝ ինչ միության անդամ դառնայիր: Հանրաքվեի թվերն ունենայիր ձեռքդ, հետո նոր գնայիր խոսեիր: Հեռուստատեսությամբ հայտարարեիր, հո սա ռազմական գաղտնի փաստաթուղթ չէ»:

Մեր հարցին՝ հանրաքվեի արդյունքները չէի՞ն կարող կեղծվել՝ նա պատասխանեց. «Դա ուրիշ հարց է: Ինքը գնում է հանրության համար անակնկալ ասում է, որ Հայաստանի հանրությունն այսպիսի դիրքորոշում ունի: Որտեղի՞ց գիտես, ա՛յ ընկեր: Եթե ունի՝ փառք ու պատիվ իրեն, բայց մենք իմանանք, որ հանրությունն այսպիսի դիրքորոշում ունի: Քո ասածն ինձ համար հաշիվ չէ, որովհետեւ դու ընտրված նախագահ չես: Մարդ կա՞, որ դա հայտնի չէ»:

Մեր հարցին՝ նույն եվրոպական կառույցները համարեցին, որ Սերժ Սարգսյանը ազատ, արդար, ժողովրդավարական ընտրությունների արդյունքում ընտրված նախագահ է, հիմա այս որոշումից հետո ի՞նչ կարող են պահանջել Սերժ Սարգսյանից՝ Լեւոն Բարսեղյանը պատասխանեց. «Ես չեմ կշռում, թե ԵՄ-ն, եվրոհամայնքն ավելի արժանահավատ է, քան ՌԴ-ն: Եվրոպայում կարծում եք չգիտե՞ն ինքն ինչպես է ընտրվել, շատ լավ գիտեն: Այս մոլորակի վրա թե մի մարդ կա, որ տեղյակ չէ, թե ինչպես է ինքը զբաղեցնում այդ պաշտոնը, դա ինքն է: Իր ամենամերձավոր զինակիցներից բռնած՝ Տիգրան Մուկուչյանից, Գալուստ Սահակյաններից, բոլորը գիտեն, թե ինչպես է զբաղեցնում այդ պաշտոնը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Միանգամայն համամիտ եմ պարոն Բարսեղյանի արտահայտած մտքերին: Նախագահը մեզ խաբեց, հսկայական միջոցներ ծախսվեցին Եվրոպա գործուղումնրի վրա: Հարկավոր է բաց հարցադրումներով պաշտոնական նամակ ուղարկել նախագահական նստավայր՝ պահանջելով հաշվետվություն: Նախագահի վարվելակերպը տհաս լակոտի վարք է հիշեցնում, մի ամբողջ ազգի հիմարացնում է դեմագոգիական, բրեժնևյան ոճի դատարկ ճառերով: Պտի հրաժարական տա ու ՎԵՐՋ: Թող գնա Ռուսաստան, հետն էլ Վատիկանում մեր հաշվին ապրող փեսային ու դստերը տանի:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30