«Վախ, հաճույք, քամի, արագություն, բարձրություն…», – այսպես ներկայացրեց իր զգացողությունները 22-ամյա Լևոնը, երբ խնդրեցի նկարագրել, թե ինչ է զգում պարապլանով թռնելիս: Լևոնը Էքստրիմի մեծ սիրահար է, ասում է՝ այն իր ամենասիրելի հոբբին է դարձել. «Ամեն անգամ երկնքին մոտ լինելն ինձ նոր շնչառություն է տալիս, երկնքում «թռչելով» ես հաճույք ու բավականություն եմ ստանում»:
Ադրենալինը բարձրացնելու բազմաթիվ ձևեր կան, դրանցից են նաև օր օրի կատարելագործվող ատրակցիոններն ու ջրային լողավազանները, ինչպիսին օրինակ Շանհայի Holiday Inn Shanghai Pudong Kangqiao հյուրանոցում կառուցված էքստրիմալ լողավազանը, որն իր տեսակով միակն է ողջ աշխարհում: Այնտեղ լողալ կարող են ոչ բոլորը և դրա պատճառը բացվող տեսարանն է: Փակ լողավազանը տեղակայված է 24-րդ հարկում, իսկ լողավազանի մի մասը դուրս է մնում հիմնական շենքից: Ընդ որում` հատակը թափանցիկ է, այսինքն` ապակյա: Հյուրանոցի հյուրերը, լողալով այդ լողավազանով, իրենց զգում են երկնքում ճախրելիս:
«Էքստրեմալ սպորտաձևերով կամ ժամանցի էքստրեմալ ձևերով տարվելը հոգեբանորեն կարելի է բացատրել նրանով, որ տվյալ մարդիկ սիրում են նորություններ, նոր զգացողություններ, փոփոխություններ, և ի վերջո համարձակ են: Սակայն այստեղ բացատրությունը կարող է լինել նաև ֆիզիոլոգիական առանձնահատկությունները հաշվի առնելով» – ասում է հոգեբան Աննա Արազյանը: Նրա խոսքով` էքստրեմալ իրավիճակներում, արագության և վախի զգացողությունների ժամանակ մեծ քանակությամբ ադրենալին հորմոն է առաջանում, որն էլ հանդիսանում է հաճույքի զգացողության պատճառը. «Հաճույք է պատճառում նաև նույն էքստրեմալ իրավիճակներում որոշակի դժվարություն կամ սեփական վախը հաղթահարելու գիտակցումը: Իհարկե, ժամանցի նմանատիպ ձև ընտրելը մեծ կապ ունի նաև անհատի խառնվածքի և բնավորության տիպի հետ: Մարդը այդպիսով դուրս է գալիս իր համար սովորական դարձած իրավիճակներից և երբեմն անգամ բավականին մոտ լինելով մահվանը, զգալով այդ ամբողջ վտանգը, այն հաղթահարելու դեպքում մեծ ինքնավստահություն և իր հանդեպ դրական հույզեր է ձեռք բերում, ինչն էլ շատ գրավիչ է», – նշում է հոգեբանը:
Այն, որ էքստրեմալ կարող են լինել ամենատարբեր իրավիճակները՝ նորություն չէ, բայց որ էքստրեմալ կարող է լինել նաև ամուսնության առաջարկը, դա քչերը կպատկերացնեն: Առաջարկում եմ դիտել ամենաէքստրեմալ ամուսնության առաջարկներից մեկը.
Կարդացեք նաև
Տիգրանուհի Թասլակյան