Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայրիկյան. «Նախագահի խոսքը, որ թեքվելու ենք ԵՄ, արժեք ունե՞ր»

Սեպտեմբեր 04,2013 16:40

Այսօր Բաղրամյան 26-ի մոտ կազմակերպված ինքնաբուխ բողոքի ակցիային մասնակցում էր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նա, տեսնելով ակցիայի մասնակիցների մոտ՝ «Ոչ Սովետական միություն վերադարձին» ցուցապաստառը՝ հայտարարեց, որ այսուհետեւ միանալու է Մաքսային միություն մտնելու որոշման դեմ բողոքի ակցիաներին:

Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ մեթոդներով է պետք պայքարել դրա դեմ, երբ արդեն ՀՀ նախագահն արել է պաշտոնական հայտարարություն՝ նա պատասխանեց. «Մեզ շատ լուրջ որոնումներ անելու պետք չունենք, որովհետեւ տեղի է ունեցել ՀՀ-ի՝ պաշտոնապես որդեգրած ուղեգծից շեղում, ՀՀ իշխանությունների՝ բազում անգամներ հայտարարած ուղուց շեղում: Որքանով է այդ շեղումը վերջնական, երեւի մի քիչ պիտի համբերենք, հստակեցնենք»:

Մեր հարցին՝ այսինքն, նախագահի խոսքն արժեք չունի՞՝ Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Եթե նախագահի խոսքն արժեք ունի, ուրեմն՝ ունի: Նախագահի խոսքը, որ միանալու ենք, թեքվելու ենք դեպի Եվրամիություն՝ արժեք ունե՞ր: Եթե ուներ դա, ուրեմն արժեք ունի, իսկ եթե խոսքը փոխում է, ուրեմն պիտի ասի, որ ինքը փոխում է իր խոսքը, բայց որեւէ ժողովուրդ, որեւէ պետություն այդպես արագ չի փոխում իր կողմնորոշումը: Ավելի ճիշտ, այստեղ կողմնորոշում փոխելու հարց չկա»:

Հարցին՝ Դուք դատապարտո՞ւմ եք տեղի ունեցածը՝ նա պատասխանեց, որ երբ հստակ իմանա, թե ինչ է տեղի ունեցել, այն ժամանակ գնահատական կտա: Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ մենք միանում ենք Մաքսային միությանը՝ պարոն Հայրիկյանը պատասխանեց. «Ինքը միանո՞ւմ է՝ ինքը դրա իրավունքն ունի: Ինքը Հայաստանի Հանրապետության անունից շատ բան կարող է հայտարարել, բացի ՀՀ-ի ստրատեգիական կողմնորոշմանը վերաբերող հարցերից»:

Պարույր Հայրիկյանը, հարցին՝ դարձի ճանապարհ այլեւս տեսնո՞ւմ եք՝ ասաց. «Ես դարձի ճանապարհի խնդիր չունեմ, թող դարձի ճանապարհի մասին իրենք մտածեն: Մի անգամ իմ առաջարկով մեր ժողովուրդը գնացել է անկախության՝ հանրաքվեի ճանապարհով եւ հանրաքվեի ժամանակ ասել է՝ մենք կողմ ենք անկախ, ազատ Հայաստանին՝ Սովետական միության կազմից դուրս: Ահա Պուտինը ստեղծում է Սովետական միություն, ինքը դա չի թաքցնում: Ուրեմն մեկ անգամ էլ պետք է ինչ-որ բան ներկայացնեմ»:

Հարցին՝ այդ որոշումն անսպասելի՞ էր՝ նա պատասխանեց. «Դուք կարո՞ղ եք հայտնվել մի միջավայրում, որտեղ փուշ է աճում եւ սպասեք, որ այդ փշի վրա պետք է վարդեր երեւան, հնարավոր համարո՞ւմ եք: Հնարավոր չի, չէ՞: Հիմա այսպիսի լուրջ հարցից առաջ Հայաստանում լռություն էր տիրում, այդ պայմաններում ո՞նց կարող էր անսպասելի լինել: Լուսավոր ճանապարհ ընտրած մարդը չի լռում, ինքը հստակ ասում է՝ ես ընտրել եմ այս լուսավոր ճանապարհը, սա արդար ճանապարհ է: Դա պիտի վերաբերվեր եւ խորհրդարանին, եւ Սահմանադրական դատարանին: Այդ հարցը չէր կարող լռությամբ ինչ-որ մի տեղ մշակվել: Հայաստանը որեւէ մեկի դուքանը չի՝ ոչ իմ, ոչ էլ նախագահի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30