Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց «Խաչակիրներ» հասարակական կազմակերպության նախագահ Վաղարշակ Աբաջյանի, եւ նրա որդու` բժշկական համալսարանի ուսանող Հակոբ Աբաջյանի գործով մեղադրական ճառի հրապարակումը:
Մեղադրանքի կողմը Վաղարշակ Աբաջյանի համար պահանջեց ցմահ ազատազրկում, իսկ որդու համար` 18 տարվա ազատազրկում:
Պաշտպանական ճառերը նշանակվեցին հոկտեմբերի 1-ին:
Մեղադրանքի կողմը հաստատված է համարել այն ապացույցները, որոնք ձեռք էին բերվել նախաքննության մարմնի կողմից:Մասնավորապես, հաստատված համարվեց այն, որ Վ.Աբաջյանը «Մենք մերոնցով» թերթի գլխավոր խմբագիր Ալվարդ Աբրահամյանին բարեխիղճ մոլորության մեջ գցելու եղանակով, վերջինիս հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանցից կեղծ խոստումներով Ա. Աբրահամյանին, իսկ նրա միջոցով նաև վերջինիս մտերիմներ Արմենուհի Ստեփանյանին, Վարդիշաղ Եղիազարյանին և Ազգանուշ Սրապյանին խաբելով հայտնել է, թե իբր նրանց համար կարող է ակնհայտ ցածր գներով բնակարաններ ձեռք բերել Երևանում:
Կարդացեք նաև
Վաղարշակ Աբաջյանը, ըստ գործի նյութերի, 2011թ. ամռանը Կենտրոն վարչական շրջանի տարածքում ստացել և Ազգանուշ Սրապյանից խարդախությամբ հափշտակել է 5000 ԱՄՆ դոլար, Արմենուհի Ստեփանյանից` 12.000 ԱՄՆ դոլար, իսկ Վարդիշաղ Եղիազարյանից` 10000 ԱՄՆ դոլար գումար` ընդհանուր առմամբ խարդախությամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի` 9.936.000 ՀՀ դրամին համարժեք 27.000 ԱՄՆ դոլար գումար:
Օգոստոսի 31-ին ժամը 15-ի սահմաններում, Վաղարշակ և Հակոբ Աբաջյանները Ալվարդի ամուսնու` Յուրիկ Սրաբյանի վստահությունը չարաշահելու միջոցով, խաբեությամբ` Սևանա լճից խեցգետնի որս և առևտուր կազմակերպելու պատրվակով, Երևանի Այգեստան 10-րդ փողոցի թիվ 22 հասցեում գտնվող, իրենց պատկանող առանձնատան բակից «Մերսեդես» մակնիշի, 11 ՍՕ 138 համարանիշի ավտոմեքենայով Յուրիկ Սրաբյանին առևանգել և տեղափոխել էին Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղի` Սևանա լճի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինության տարածք:
Ըստ մեղադրանքի կողմի, Հակոբ և Վաղարշակ Աբաջյանները հարվածել, ձեռքերով` խեղդելու եղանակով դիտավորությամբ, սպանել են Յուրիկ Սրաբյանին: Հակոբ Աբաջյանը ստուգելով և համոզվելով, որ Յուրիկ Սրաբյանն սպանված է, Վաղարշակ Աբաջյանի հետ Յուրիկ Սրաբյանի դիակից հանել են հագուստները, դին գցել նշված շինության մոտ գտնվող փոսի մեջ, քարերով ծածկել էին, իսկ հագուստները նետել էին Գավառ-Երևան ավտոմայրուղու տարբեր հատվածներում:
Դատական նիստերի դահլիճում տուժողի ներկայացուցիչները հայհոյել են ամբաստանյալին, վերջինս փորձել է պատասխանել, նիստն այդ ժամանակ նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը ընդհատել է` կատարվածը որակելով սադրանք:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ