Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դատապարտում է Մաքսային միությանն անդամակցելու ՀՀ իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը

Սեպտեմբեր 04,2013 16:27

Սեպտեմբերի 3–ին Սերժ Սարգսյանի Մոսկվայում կատարած հայտարարությունն այն մասին, որ ՀՀ–ն մտադրված է անդամակցել Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացներին, իրական սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անկախությանն ու ինքնիշխանությանը։

Մաքսային միություն մուտք գործելով Հայաստանի Հանրապետությունը կորցնում է անկախության այնպիսի կարևորագույն ատրիբուտներ, ինչպիսիք են անկախ արտաքին քաղաքականություն և ինքնուրույն ֆինանսատնտեսական գործառույթ իրականացնելու հնարավորությունը։ Մաքսային և Եվրասիական միությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ Ռուսաստանի կայսերապաշտական հավակնությունների իրականացում և նախկին հետխորհրդային երկրներին ինքնիշխանությունից զրկելուն ուղղված քայլ։

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է ի դեմս Սերժ Սարգսյանի` ՀՀ իշխանությունների նման քայլը, որը վտանգում և հարցականի տակ է դնում Հայաստանի Հանրապետության հետագա ինքնիշխանությունը` սահմանափակելով ՀՀ զարգացման հեռանկարը։ ՀՀ իշխանությունների այս որոշումը պետականության դեմ ուղղված քայլ է և նշանակում է վերադարձ նորացված կայսերական համակարգ։ Մենք այս գործընթացը գնահատում ենք իբրև հակասահմանադրական քայլ, քանզի ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածը հռչակում է, որ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է», իսկ ՀՀ Սահմանադրության 114–րդ հոդվածի համաձայն` «Սահմանադրության 1–ին, 2–րդ և 114–րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն»։

Մենք անընդունելի ենք համարում այս քայլը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությամբ քողարկելու միտումները, քանզի ավելի մեծ հարված ՀՀ և ԼՂՀ անվտանգությանը, քան Հայաստանի պետականության և ինքնիշխանության հիմքերի թուլացումն է, հնարավոր չէ պատկերացնել։

Անթույլատրելի է ՀՀ անկախության 22–ամյակի նախաշեմին անկախության կորստին ուղղված քայլեր իրականացնել։ Կոչ ենք անում ՀՀ բոլոր շահագրգիռ անձանց համախմբվել ու թույլ չտալ սակարկման դնել Հայաստանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը։ Որևէ մեկը իրավասու չէ միանձնյա որոշումներով վտանգի տակ դնել մեր պետության և ՀՀ քաղաքացիների ապագան` ՀՀ քաղաքացին պետք է տեր կանգնի Սահմանադրությամբ իրեն տրված իրավունքին («Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին», Սահմանադրություն, Հոդված 2) և ինքը որոշի սեփական պետության զարգացման ուղին։

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն

4 սեպտեմբերի, 2013թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30