Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅԴ. Կարող ենք ենթադրել, որ ՀՀ Նախագահի Մոսկվայում անակնկալ որոշման գլխավոր պատճառը ՀՀ եւ ԼՂՀ անվտանգության խնդիրներն են եղել

Սեպտեմբեր 04,2013 16:10

Հայաստանի մաքսային միությանը միանալու որոշման մասին Մոսկվայում հայտարարվածը որքան շրջադարձային, նույնքան էլ Հայաստանի ապագայի համար հսկայական պատասխանատվություն թելադրող որոշում էր։ Կարելի էր ենթադրել, որ ինչ-որ հանգրվանում, ելնելով առկա աշխարհաքաղաքական իրավիճակից եւ զարգացումներից, Հայաստանը միանալու էր իր ռազմավարական գործընկերոջ կողմից նախաձեռնված Մաքսային միությանը եւ ներգրավվելու էր Եվրասիական տնտեսական միության ձեւավորման գործընթացում։

Բայց խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները մինչ այդ անհրաժեշտ տեղեկություն չէին փոխանցել հասարակությանն ու քաղաքական ուժերին։ Ավելին՝ որոշ հայտարարություններով նույնիսկ անհնար էին համարել Հայաստանի անդամակցությունը ընդհանուր սահման չունեցող Մաքսային միությանը, տարիներ շարունակ վարել էին բանակցություններ Եվրամիության ազատ առեւտրի գոտուն միանալու ուղղությամբ եւ հասել ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման շեմին։

Կարող ենք ենթադրել, որ ՀՀ Նախագահի Մոսկվայում անակնկալ որոշման գլխավոր պատճառը ՀՀ եւ ԼՂՀ անվտանգության խնդիրներն են եղել։ Սա եւս պատասխանատվություն է եւ այս փուլում՝ ազգային-պետական հիմքերին առնչվող։

Նախագահի անակնկալ որոշումը հանրության մոտ բազմաթիվ հարցեր է առաջացրել։

Մեր պարագայում, ցանկացած տնտեսական ինտեգրում պետք է հստակ երաշխիքներ տա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների անվտանգության պահպանման ու ամրապնդման եւ տնտեսական համարկման եւ զարգացման համար։ Մաքսային միությանը մաս կազմելու խնդիրը եւս պետք է պայմանավորել այս հիմնական սկզբունքներով։

Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշումը չպետք է խոչընդոտ լինի Հայաստանի՝ Եվրոպական ուղղությամբ աշխատանքների շարունակման եւ ծավալման, հատկապես՝ Եվրամիության հետ մեր երկրի հասարակական-քաղաքական ինտեգրման գործընթացներին։ Առավել՝ Մոսկվայում կայացված այդ որոշումը չի կարող օրակարգից հանել երկրի ներսում համակարգային բարեփոխումներ իրականացնելու, համատեղ ուժերով ազգային, ժողովրդավար, արդար պետություն ստեղծելու անհրաժեշտությունը։

Հայաստանի իշխանություններից պահանջում ենք երկրի համար նման ճակատագրական որոշումներ կայացնելիս տեղեկացնել հասարակությանն ու որոշման մասնակից դարձնել քաղաքական ուժերին։ Այժմ, երբ նախատեսվում է սկսել Մաքսային միությանը մաս կազմելու գործընթաց, անհրաժեշտ է հարգել այս գործելաոճը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30